Ինչո՞ւ են Կարմիր շուկայի բնակիչները փակել ադրբեջանցիների ճանապարհը

Խնդիրն այն է, որ Կարմիր շուկայի բնակիչների անասունները երբեմն անցնում են չեզոք գոտի կամ ադրբեջանցիների` Արցախի գրավյալ տարածքներ, իսկ ադրբեջանցիները տանում են կենդանիներին և չեն վերադարձնում։ Նման մի դեպք էլ օրեր առաջ է գրանցվել։ Այսօր գյուղի երիտասարդներն իմացել են, որ ադրբեջանական շարասյուն է անցնելու և փակել են ճանապարհը։
«Նրանք ասել են, որ եթե չվերադարձնեն անասուններին, մենք էլ չենք թողնի անցնեք այդ ճանապարհով»,–ասաց մեր աղբյուրը։
Տեղում աշխատել են ոստիկանության աշխատակիցները` հնարավոր բախումները կանխելու համար։ Մեր զրուցակցի խոսքով` նաև ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթացել, և հայկական կողմը բացել է ճանապարհը։ «Ադրբեջանցիները խոստացել են վերադարձնել անասուններին»,–ասաց նա։
Նախկինում ևս եղել է նման դեպք, որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները վերադարձրել են հայերի անասուններին։