Նոր օրինագիծ, որով ՌԴ-ում կարտաքսեն օտարերկրյա քաղաքացիներին
![](https://www.shantnews.am/wp-content/uploads/2021/12/%D5%A4%D6%86%D5%A3%D5%B0%D5%A3.jpg)
Ռուսաստանի ՆԳՆ-ն պատրաստել է համալիր օրինագիծ, որում առաջարկվում է սահմանել երկրում գտնվող միգրանտների վերահսկման իրականացման նոր մեխանիզմներ։ Դրանում ՌԴ սահմաններից վտարման եւ դեպորտացիայի՝ բռնի արտաքսման ներկայում գործող վարչական հարկադրանքի միջոցները միավորվել են մեկ հասկացության մեջ՝ «արտաքսում Ռուսաստանի սահմաններից»։ Օրինագծի դրույթների իրագործման նպատակով կկատարվեն նաեւ համապատասխան փոփոխություններ այլ օրենսդրական ակտերում, ներառյալ՝ վարչական իրավախախտումների օրենսգրքում։
«Այս առնչությամբ նախատեսվում է վերանայել վարչական իրավախախտումների կազմը միգրացիայի ոլորտում, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության սահմանումը օտարերկրյա քաղաքացիների համար՝ որպես արտաքսում (գոյություն ունեցող վարչական վտարման փոխարեն) ոչ միայն միգրացիոն իրավախախտումների, այլ նաեւ վարչական այլ իրավախախտումների կատարման պատճառով, որոնք կսահմանվեն Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից մշակվող վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի նախագծում»,- ասել են գերատեսչության մամուլի կենտրոնում։
Ինչպես նշել են ՆԳՆ-ում, այդ վարչական իրավախախտումները օրենսգրքում կբնորոշվեն որպես «կոպիտ» խախտումներ։ «Ընդ որում՝ «կոպիտ» իրավախախտումներ կհամարվեն այդ թվում նաեւ ծայրահեղական, ահաբեկչական, կոռուպցիոն ուղղվածության, զենքի, թմրանյութերի շրջանառության ոլորտների, հանրային անվտանգության կամ հանրային վայրերում իրավակարգի դեմ կատարվող վարչական իրավախախտումները, հարբած վիճակում ճանապարհային երթեւեկության անվտանգության խախտումները կամ այն խախտումները, երբ տրանսպորտային միջոցի վարորդը հրաժարվում է բուժզննում անցնել»,- պարզաբանել են գերատեսչությունում։
Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը հնարավոր կդառնա վարչական այն իրավախախտումների պատճառով, որոնց կատարման համար նախատեսված է պատիժ՝ զրկում հատուկ իրավունքից։ Իրավախախտումների կազմի ընդլայնման հարցի լրամշակման շրջանակում, որոնց համար նշանակվելու է պատիժ արտաքսման ձեւով, նախատեսվում է հաշվի առնել նաեւ «կոպիտների» թվին դասված իրավախախտումները, ընդգծել են ՆԳՆ-ում։