Ոչինչ չի փոխվել.Թուրքիայում պետական մակարդակով շարունակվում է Հայոց ցեղասպանության ուրացումը,հակահայկական քաղաքականությունն ու քարոզչությունը

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆահրեթթին Ալթունը նշել է, թե իբր «Պատմական ու անուրանալի փաստ է, որ պատերազմական պայմաններից առիթավորված հայկական հրոսակախմբերը Անատոլիայում հարյուր հազարավոր խաղաղ բնակիչների են սպանել»։
Թուրք պաշտոնյան ելույթում թութակի պես կրկնել է թուրքական պաշտոնական պատմագրության ժխտողական հիմնական թեզերը՝ շեշտելով, թե իբր «թուրքական իշխանությունները այդ հրոսակախմբերի կողմից հարձակումների ենթարկված վայրերի հայ բնակիչներին ժամանակավորապես ուղարկել են օսմանյան սահմաններում գտնվող հարավային շրջաններ՝ ապահովելով նրանց կյանքի և գույքի անվտանգությունը, և հավելել․ «Սակայն երբեք հայերը երկրից դուրս չեն քշվել, իսկ ցեղասպանության նման բան երբեք տեղի չի ունեցել»։
Ալթունն ընդգծել է նաև, թե իբր «Աքսորի և վերաբնակեցման օրենքն ընդունվել է որպես Օսմանյան պետության տարածքային ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ միջոցառում»։
Այսպիսով՝ Թուրքիան պետական մակարդակով շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել Հայոց ցեղասպանության հարցի ուղղությամբ, ավելին՝ թուրք պետական գործիչները, հետևելով թուրքական զեղծարարության ավանդույթներին, իրենց ոճրագործությունները պրոյեկտում են հայերի վրա՝ մեզ մեղադրելով խաղաղ բնակչության կոտորածի մեջ։
Այսինքն՝ «խաղաղության կամ երկխոսության» ոչ մի օրակարգ թուրքական իշխանություններին չի խանգարում այս ապրիլյան օրերին շարունակելու հակահայկական քաղաքականությունն ու քարոզչությունը։
Մելինե Անումյան
Akunq.net