Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 ապր 2020 11:33

Թուրքին ներելու կամ չներելու մասին. Վարուժան Ավետիսյան

Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքին ներելու կամ չներելու մասին: 


Այս հարցը մեր ինքնության ուղեկիցն է դարձել: Ամեն տարի Մեծ Եղեռնի զոհերի ոգեկոչման օրերին ասպարեզ է գալիս և բանավեճերի տեղիք տալիս:


Հարցին պատասխանելու համար նախ պետք է հասկանանք, թե ով է և/կամ ինչ է թուրքը: Ի՞նչ ասել է՝ թուրք:


Թուրք էթնո՞սի, թե՞ թուրք տիտղոսակիր պետական համակարգի նկատմամբ ատելության մասին է խոսքը։


Թուրք ասածն իրականում ուծացված ազգերից հավաքված մտածելակերպի ու կենսակերպի կրողների շատ հարաբերական խառնակույտ մի բան է՝ քայքայման դատապարտված:


Այո, այդ մտածելակերպն ու կենսակերպը սեռակենտրոն է և եղեռնաբաղձ, ինչպես որակում էր Հայկ Ասատրյանը: Սակայն այդ մտածելակերպն ու կենսակերպը ծնած էթնոսը շատ փոքրաթիվ է եղել և վերացել, ձուլվել է ներկայիս Թուրքիայի տարածքում:




Բայց արդյո՞ք միայն պայմանական այս թուրքն է մեզ սպանել: Գաղտնիք չէ, որ Մեծ Եղեռնի ժամանակ հայերին սպանել են նաև քրդերն ու չերքեզները։ Արևմտյան Հայաստանի տարածքում՝ հիմնականում քրդերը։ Դեպի Դեր Զոր աքսորի ժամանակ՝ չերքեզները։ Թուրքերն սպանել են այն վայրերում, որտեղ ապրել են հայերի հետ միասին։


Մինչ Ցեղասպանությունը՝ հայերին հավասարապես կեղեքել, ստորացրել և սպանել են թուրքերն ու քրդերը։
Այդ ինչպե՞ս է, որ հիմա քրդերի նկատմամբ ատելություն չունենք, իսկ թուրքերի նկատմամբ ունենք։


Ուրեմն՝ մենք ատում ենք թրքատիտղոս, թուրք համակարգը, որը սպանում էր հայատիտղոս, հայ համակարգին՝ նրա փոխարեն նրա տեղը զբաղեցնելու համար։ Այն, որ ստեղծել է սեռակենտրոն և եղեռնաբաղձ մտածելակերպ ու կենսակերպ ունեցող հսկայական բնակչություն և նրան լարել մեր դեմ:


Նա է հայրենազրկում մեզ, որպեսզի մեր Հայրենիքի փոխարեն և նրա տեղում իր վաթանը ստեղծի։
Ատում ենք նաև, որովհետև մինչ 1915 և դրանից հետո թուրք համակարգը նույն նպատակներով թե ֆիզիկապես է մեզ կոտորել, և թե ֆիզիկապես կոտորելու սպառնալիքով մեզ թուրքացրել է։


Մեզ թուրք ազգ դարձնելու խնդիր չի ունեցել թուրք համակարգը: Որովհետև ինքն էլ իրեն թուրք ազգ չէր համարել էթնիկ իմաստով: Նա մեզ պարտադրել է իսլամ և թուրքերեն լեզու՝ այսինքն կայսերական համակարգի, այլ ոչ էթնոսի ինքնություն։ Քեմալի օրոք էր արդեն, որ մեզ և մյուս բնիկ ազգերին հիմնականում յուրացնելուց հետո փորձ արվեց ազգային տեսք տալ համակարգին և պաշտոնապես թուրք անվանել նրան: Բնությանը խաբելով համակարգի կյանքը երկարացնելու միջոց գտան:


Այդ մենք ենք, որ էթնիկ ընկալում ենք տվել դրան։ Իսլամացումն անվանել ենք թրքացում։ Որովհետև մենք ազգային, այլ ոչ կայսերական համակարգի կրողներ ենք։ Տիգրան Մեծը սա հաշվի չառավ։ Նա կայսերական համակարգ ստեղծեց, բայց դրա շաղախը չուներ։ Հայերը կայսերական չեն։ Մենք մերժում ենք կայսրությունը (Սանասար), իսկ եթե ընդունում ենք այն, ապա հեռանում ենք հայ համակարգ-Հայրենիքից և մեր ինքնությունից (Բաղդասար)։


Կոստան Զարյանն ասում էր, որ թուրքերը մեզ սպանելով, սպանեցին մեր միջի թուրքին: Ասել է թե՝ մենք կիսաձուլված էինք, մաքրվեցինք։ Հիմա այդ ահավոր գնով մաքրվելուց հետո պետք է գոնե գնահատենք մեր զոհաբերությունն ու առաջ գնանք, այլ ոչ թե մնանք այդ առաջին մակարդակի վրա։ Թուրքին մերժեցիր, լավ արեցիր։ Բայց թուրք համակարգը քո գենի, զարմի, հողի ու ջրի վրա է։ Ուրեմն ի՞նչ պիտի անես։ Դո՞ւ էլ պիտի բոլորին ոչնչացնես։ Չէ՞ որ դա հնարավոր չէ։ Թուրք համակարգն էլ այդպես չի արել։ Նա ոչնչացրել է մի մասին, իսկ ավելի մեծ մասին յուրացրել է։ Ինչպես նշվեց, թուրքն էթնոս չէ, այլ մտածողություն և կենսակերպ։ Որ, ցավոք, դեռևս զգալի չափով մեր մեջ էլ կա։ Թուրքը չսպանեց մեր միջի թուրքին ամբողջությամբ։


Ուրեմն՝ մաքրումը շարունակելու խնդիրը կա նաև:
Թուրք համակարգը հայ համակարգի եղծված ու պղծված, վայրենացած ձևն է։ Ինչպես 100 լիտր սպիտակ ներկի տակառի մեջ մեկ դույլ՝ 10 լիտր սև ներկ լցնես։ Տակառի ներկի գույնը համարյա սև կդառնա, բայց նրա մեծ մասը սպիտակ է իրականում։ Այդ սև ներկը հարկավոր է զտել և զատել։


Այս ամենն անելու սկիզբը հայ համակարգի ստեղծումն է։ Կազմակերպված Հայկական աշխարհի՝ իր Հայկական պետություն միջուկով: Իսկ դրա համար պետք է ըմբռնենք և ստանձնենք մեր առաքելությունը։ Ինչու ենք մենք հայ և ինչի համար։ Իմաստը՞։


Հենց ըմբռնեցինք ու ստանձնեցինք, սայլը տեղից կշարժվի։
Մեզ տիրող և յուրացնող մյուս՝ ռուս կայսերական համակարգը շատ լավ հասկանում է այս ամենը, դրա համար խնդիր է դրել մեզ հեռու պահելու սա գիտակցելուց։


Եվ այդ խնդիրը լուծում է երկու մեթոդով։


Առաջին մեթոդը զանգվածային է և զանգվածների համար՝ "ռուսը չլինի, թուրքը ձեզ կուտի"։ Ասում է, որ եթե իմ համակարգի մաս չկազմեք, թուրք համակարգը ձեզ կհոշոտի: Սերմանում է անլիարժեքության բարդույթ, վախ ապագայի նկատմամբ, զրկում է երազանքից և խցկում հային կենցաղային կաղապարի մեջ։


Երկրորդ մեթոդը առաջադեմ հայերին կառավարելի դարձնելու համար է։ Իր հայածին գործակալների միջոցով աննկատ կերպով ներշնչում է, որ հարկավոր է նախ համախմբվել, կրթվել, համապատասխան սերունդներ դաստիարակել, նոր միայն կյանքի կոչել հայ համակարգն ստեղծելու գործը։ Սրանով ամորձատում է մեր կամքն ու միտքը, դրանք կրող շերտին՝ անորոշ ժամանակով հետաձգելով հայ համակարգ ստեղծելու գործը։ Նա ստեղծում է համոզում, որ հայ համակարգն իդեալական է (և իսկապես իդեալական է), ուստի այն պետք է նախագծեն իդեալական ճարտարապետները՝ իդեալական պայմաններում և կառուցեն իդեալական ինժեներներն ու վարպետները։ Իսկ մինչ այդ՝ հարկավոր է մտածել, համախմբվել և կրթվել ու սերունդներ կրթել։ Մինչև Փոքր Մհերը քարայրից դուրս գա։ Անգամ մեր Էպոսն են աղավաղված ձևով մեզ ներկայացնում։ Կարծես թե Էպոսում կրավորական սպասումն է գերակշռում։ Մինչդեռ լրիվ հակառակն է։ Էպոսը համակ գործունեություն է՝ կյանքով առլեցուն եռուզեռ։


ԿԳԲ-ական այս համակարգն ամեն ինչ անում է, որպեսզի մենք չհասկանանք, որ ամեն սերունդ ազգային առաքելությունն ստանձնելու գործում իր բաժին և աստիճան առաքելությունն ունի, ուստի ըստ այդմ՝ իր երազանքի ու կարողության չափով պետք է կառուցի և կատարելագործի հայ համակարգը։


Էվոլյուցիայի, զարգացման մտածողությունից զրկում են մեզ և, օգտագործելով մեր հատկությունները, մեր բացարձակապաշտությունը, մեր մեջ ստեղծում են կյանքի աղավաղված ընկալում։ Մեզ համար անիրատեսական է դառնում ազգային ռազմավարությունը և մենք ապրում ենք նրան հակառակ և հանուն անձնական ռազմավարության:


ԿԳԲ-ական համակարգը գիտի, որ մենք գիտենք, որ կոչված ենք և կարող ենք աշխարհին մեր խոսքն ասելու։ Այդ պատճառով ասում է՝ ինչ եք ընկել այդ փոքրիկ երկրի հետևից, դուք մտածեք միանգամից աշխարհը կառավարելու մասին։ Եթե ռեսուրս չունեք այս պահին, հոգ չէ, դուք զբաղվեք մտածելով, մենք ձեզ ռեսուրս կտանք, ձեր փոխարեն կպահենք ու կփայփայենք ձեր փոքրիկ երկիրը, մինչև դուք հայ համակարգի իդեալական նախագիծն ու այն իրագործող ռեսուրս ստեղծեք, հետո նոր միայն կյանքի կկոչեք այդ ծրագիրը։ Իսկ առայժմ երկրային կյանքում ապավինեք մեզ, ծառայեք մեր համակարգին։


Ի դեպ՝ պատահական չէ, որ ԿԳԲ-ն տասնամյակներ առաջ յուրացրել է մեր ազգային դաշտը։ Լիբերալն առանց ջանքի նրանն է, քանի դեռ ԿԳԲ-ն է իշխում մեզ: Որովհետև լիբերալը կայսերական է և դուրս է հայ համակարգից։ Նա վտանգավոր չէ, նրա հետ գլուխ դնելու կարիք չկա, նա հայ հեռանկարից դուրս է։ Լիբերալին օգտագործում է, նրա հետ առևտուր է անում, նրան մեր գլխին է դնում։ Սա անում է կյանքի և մեր երազանքի միջև տարբերությունն ու հեռավորությունը հնարավորինս մեծացնելու համար, որպեսզի մենք էլ ավելի հիասթափվենք իրականությունից և տեղափոխվենք ցնորքների աշխարհ։


Վերջին տարիներին մի փորձարկում արեցին. ՀՀԿ-ն՝ իր իբր նժդեհյան գաղափարախոսությամբ։ Ուլտրալիբերալ-նեոբոլշևիկյան ՀՀՇ-ի փոխարեն՝ կեղծազգային ՀՀԿ-ն: Կամուրջը Քոչարյանի շրջանն էր՝ իբր ՀՅԴ-ական ազգային աստառով: Փորձեցին ստեղծել հայ համակարգի իմիտացիա։ Անունով հայ համակարգ, որը պետք է ատելի դառնար։ Սրա նպատակը ազգայինից ժողովրդական զանգվածին կտրելն էր։ Որ ասեն՝ էս չէ՞ ձեր Նժդեհն ու ազգայինը։ Տեսան, որ չնայած մեծ վնաս տվեց, բայց չաշխատեց: Դրա համար էլ փոխեցին մարտավարությունը և հիմա Նժդեհն ու հայ ազգայինը քննադատում են։


Եվ նորից անցում: Ճոճանակի կանոնով կեղծազգային բոլշևիկին փոխարինեց կեղծլիբերալ բոլշևիկը։ Այն, որ իբր ընդդիմադիր էր առաջինին: Հիմա արդեն հակառակն է՝ առաջինն է իբր ընդդիմադիր երկրորդին:


Ըստ մտահղացման, ճոճանակն այնքան պետք է ճոճվի, մինչև մեզանից բան չմնա:


Կեղծլիբերալի և կեղծազգայինի ճոճանակի համար է աշխատում նաև թուրքին ներելու կամ չներելու հարցադրումը: Կեղծլիբերալն ասում է՝ ներենք, կեղծազգայինն ասում է՝ դու դավաճան ես, ինչպես ներենք:


Ցավալի է, որ շատ մտածող մարդիկ, չփորձելով խորումուխ լինել և պարզել արմատը, մասնակցում են այս կեղծ կռվին:


Նրանց կռիվը մեր կռիվը չէ։ Ընդհակառակը՝ մեզ սպառող և շեղող կռիվ է։ Կռիվ է, որ կռվի դաշտը իրենց մնա։ Իրենք խոշոր հաշվով նույն առաքելությունն ունեն և դաշնակիցներ են։ Իրենք նույն կայսերաբնույթ տիրույթում գործող հակադրություններ են, որոնց պայքարի շնորհիվ ապրում է այդ տիրույթը: Ապրում է՝ սնելով թուրք համակարգին և ռուս համակարգին: Բյուզանդական մեծ համակարգի այդ երկու ենթահամակարգերին, որոնցից մեկը նրա մարմնի, մյուսը՝ ոգու կրողն է: Ուրիշ կայսրություններն էլ են օգտվում այս տիրույթի ռեսուրսից: Որ մեր Հայրենիքի, մեր արյան, մեր հող ու ջրի, մեր ապագայի հաշվին է:


Դուրս եկեք ձեր անձնական դիտանկյուններից և ձեր դիմաց մի դրեք կոնկրետ մարդուն, որ իրեն թուրք է անվանում: Ինձ, ես՝ այս չափման համար պիտանի չեն դրանք:


Ամփոփենք:


Մենք իրենց թուրք անվանող մարդկանց ներելու կամ չներելու խնդիր չունենք: Դա անհեթեթ և ժամանակ ու ջանք վատնող վեճ է: Մեզ նպատակից շեղող ու մոլորեցնող վեճ է:


Մենք պետք է ատենք թուրք համակարգը, մարդատյաց և հայատյաց համակարգը, հայ համակարգի հակոտնյան:


Մենք պետք է հետ պտտենք ճակատագրի ու պատմության անիվը և քանդենք, մասնատենք ու յուրացնենք թուրք համակարգի հայկականը, իսկ մնացածը աղբանոց նետենք:


Ինչպե՞ս կարող ենք անել դա, չէ որ Թուրքիան հզոր է և բազմանդամ, կասեն շատերը:


Հարցի պատասխանը շատ պարզ է:


Բնությունն անբնական համակարգերը մերժում է: Կարող է հանդուրժել, քանի դեռ իրականը, բնականը, չկա: Վերստեղծենք մեր իրական, բնական հայ համակարգը, Հայկական աշխարհը՝ իր ազգային պետություն միջուկով և անբնական թուրք համակարգը չի դիմանա նրա մրցակցությանը:


Զուգահեռաբար և հավասարապես՝ մենք պետք է ատենք ռուս կայսերական ԿԳԲ-ական համակարգը: Ատենք և մերժենք: Հեռանանք և հեռացնենք: Նրանից զտվենք ու զատվենք: Ավելին պետք չէ, քանի որ այն մեր Հայրենիքի տարածքի վրա չէ, մենք նրա ռեսուրսը զտելու և յուրացնելու կարիք չունենք, այն մերը չէ:


Այնտեղ ապրող հայերի հայրենադարձությունն է միայն անհրաժեշտ, որն էլ կկազամակերպի հայ համակարգը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր