Ադրբեջանի ԱԳՆ-ն նեղսրտած բողոքել է, թե ամբողջական քարտեզները ՀՀ-ն չի ներկայացրել, իրենց կողմից օկուպացված Արցախի տարածքներն ականապատված են

Ինչպես գրում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ երկրի արտաքին գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան Հայաստանի վարչապետի բարձրաձայնած խնդիրները, որոնք պայմանավորված են Ադրբեջանի գործողություններով, որակել է անհիմն մեղադրանքներ։
Ադբուլլաևան մասնավորապես ասել է հետևյալը․
Նիդեռլանդների Քլինդենդայլ միջազգային հարաբերությունների ինստիտուտում Հայաստանի վարչապետի «անհիմն հայտարարությունները» (չակերտները pastinfo.am-ն է ավելացրել) Ադրբեջանի հասցեին՝ այդ թվում հումանիտար հարցերի հետ կապված մեղադրանքներ առաջադրելը, վկայում են այն մասին, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը հեռու է անկեղծ լինելուց»։
Աբդուլլաևան նաև «անհիմն և անտեղի է» համարել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Ադրբեջանը հայազգի կալանավորված անձանց չի վերադարձնում։
Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը մտահոգիչ է համարել այն, որ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Արցախի տարածքներն ականապատված են և դժգոհություն է հայտնել, որ Հայաստանը չի տրամադրել ականապատված տարածքների ամբողջական քարտեզները։ Ըստ էության՝ Աբդուլլաևան ցինիկաբար մեղադրում է Հայաստանին Արցախի բռնազավթված տարածքների ամբողջական յուրացման հարցում Ադրբեջանին չաջակցելու մեջ։