Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ Փաշինյան          Կամ մահ, կամ ազատություն.Խնդրում եւ պահանջում եմ՝բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքը. Մահապարտների ջոկատի հրամանատար       Առաջիկա տնտեսական ապոկալիպսիսը անպայման տեղի կունենա.Պուտինը որոշել է Հայաստանի և Ղազախստանի ապագան    

17 մայիս 2022 10:17

Ի՞նչ են գուժում 6 կետանոց «առաջարկները». Ադրբեջանը պահանջներ ներկայացնողի դերում, իսկ հայկական կողմը՝ համակերպվողի. «Փաստ»

Անցած տարվա հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններից ի վեր իշխանությունները հայտարարում են, թե ժողովրդից մանդատ են ստացել խաղաղության դարաշրջան բացելու և խաղաղության օրակարգ որդեգրելու համար։ Իհարկե, բոլոր քաղաքացիներն էլ վերջնական խաղաղություն են ցանկանում, ինչը կարող է ամրագրվել միայն խաղաղության մասին պայմանագրով, այստեղ երկու կարծիք չի կարող լինել:


Առնվազն հոգեպես շեղված պետք է լինես խաղաղություն չցանկանալու համար: Սակայն խնդիրն այն է, թե ինչ պայմաններ է նախատեսելու այդ «խաղաղությունը» հայության համար։ Օրինակ՝ Ադրբեջանը հստակ ցույց է տալիս, որ իր համար խաղաղությունը նշանակում է Հայաստանի կողմից աստիճանական զիջումների շարք և սուբյեկտայնության կորուստ։ Այդ տրամաբանության ներքո էլ Բաքուն հրապարակային հայտարարեց, որ խաղաղության բանակցությունների հիմքում դրվելու են իր կողմից ներկայացված 5 կետանոց առաջարկները։


Ապա ՀՀ իշխանությունների կողմից ազդակներ հղվեցին Ադրբեջանին, թե 5 կետերից բաղկացած առաջարկների մեջ անընդունելի ոչինչ չկա։ Սակայն հայ հանրության համար տևական ժամանակ անհայտ էր՝ խաղաղության համար բանակցությունների ընթացքը միայն Ադրբեջանի կողմից ներկայացված 5 կետերի շրջանակներում է լինելո՞ւ, թե՞ ի հակադրություն ադրբեջանական առաջարկների, հայկական կողմը ևս իր առաջարկներն է ներկայացնելու։


Վերջապես, այս հարցում քաղաքացիների ու քաղաքական շրջանակների մտահոգությունների խորացմանը զուգահեռ, իշխանության ներկայացուցիչները ստիպված եղան խոստովանել, որ Հայաստանն իր հերթին 6 առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին, սակայն սկզբնական շրջանում չհամարձակվեցին միանգամից բացահայտել դրա բովանդակությունը և ներկայացնել հանրության դատին։ Միայն որոշ ժամանակ անց ստիպված եղան լույս սփռել հայկական կողմի 6 կետանոց առաջարկների բովանդակության վրա, որոնց նույնիսկ ամենաթռուցիկ ուսումնասիրությունը շատերին հիմք տվեց նշելու, որ այդ «առաջարկներն» ընդամենը ձևական բնույթ ունեն և չեն բխում հայկական կողմի կենսական շահերից։ Օրինակ՝ առաջարկների 1-ին կետում նշված է՝ «մարտի 11-ին ստացել ենք Ադրբեջանի՝ պայմանագրի վերաբերյալ առաջարկը, ինչին պատասխանում ենք»։ Այս ձևակերպումն ինքնին զավեշտալի է, քանի որ զուտ արձանագրում է, և դրանում որևէ առաջարկ չկա։ Կամ՝ 6-րդ կետում նշվում է, թե համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։


Այս կետում ևս որևէ առաջարկ չկա. ուղղակի նշել, թե դիմել ենք Մինսկի խմբին, դեռևս ոչինչ չի նշանակում։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ իրենց համար միևնույնն է՝ Հայաստանը կդիմի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտին, թե ոչ. իրենք համանախագահներին «թոշակի են ուղարկելու»։ 6 կետանոց «առաջարկներում» որևէ խոսք չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կամ «անջատում հանուն փրկության» սկզբունքի մասին, որի մասին նախընտրում էր խոսել Փաշինյանն իր տարբեր հարցազրույցներում, այլ անորոշ կերպով նշվում է Արցախի վերջնական կարգավիճակի որոշման մասին։ Տպավորություն է առաջանում, թե այդպիսով ՀՀ իշխանությունները հիմքեր են ստեղծում Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու համար և միջազգային մակարդակով ցույց են տալիս, թե ընդունում են հակառակորդի պահանջները։ Այնինչ, անցյալ տարի՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Փաշինյանը խոստանում էր իրացնել Արցախի ինքնորոշման իրավունքը։


Հայկական կողմի առաջարկներում որևէ խոսք չկա Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքը դուրս բերելու և Արցախի՝ օկուպացված տարածքների, մասնավորապես Շուշիի և Հադրութի վերադարձման մասին։ Միևնույն ժամանակ, 5-րդ կետում նշված է, որ հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար։ Եթե տվյալ պահին հայկական կողմը պատրաստ է բանակցությունների, ապա դա նշանակում է, որ Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց պահանջները հայկական կողմն ընդունում է և առարկություններ չունի։ Մյուս կողմից էլ՝ պարզ է դառնում, որ բանակցությունների սկսման համար Հայաստանը որևէ նախապայման չի դնում, ինչպիսին կարող էր լիներ, օրինակ՝ ռազմագերիների վերադարձը։


Կարճ ասած՝ հայկական կողմի համար այդ առաջարկներում ոչ մի կենսական հարցի բովանդակային անդրադարձ չկա, դրա համար էլ թշնամական երկրից հեգնել էին, թե, ըստ էության, դրանք առաջարկներ էլ չեն։ Շատ ցավալի է, որ այսպիսի առաջարկներով ՀՀ իշխանությունները արձանագրում են, թե հակառակորդը կարող է լինել միայն պահանջներ ներկայացնողի դերում, իսկ հայկական կողմը՝ համակերպվողի։ Եվ եթե այսպիսի մոտեցմամբ իշխանությունները գնան բանակցությունների, ապա շատ մեծ վտանգ կա, որ շատ շուտով ականատես կլինենք հաջորդ կապիտուլ յացիային՝ արդեն դիվանագիտական հարթակում։






Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր