Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

04 հուն 2022 18:20

Ոստիկանությունը, ինչպես որ կար՝ ոչ պրոֆեսիոնալ ու դաժան, այնպես էլ հին ավանդույթներին հավատարիմ, մնացել է նույնը

Երեւանում, 2022 թ. հունիսի 3-ի բախումների կապակցությամբ
Ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ բացահայտ բախումների դառը ավանդույթը ժամանակավոր քառամյա դադարից հետո երեկ նորից իրեն դրսեւորեց Երեւանի փողոցներում:

Այս վերջին իրադարձությունները կրկին անգամ եկան ապացուցելու, որ 2018 թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը տապալել են ոչ միայն ոստիկանության բարեփոխումները, որոնք ըստ էության, ընդամենը դեկորատիվ բնույթ ունեին, այլեւ՝ անցումային արդարադատության խոստացված գործընթացը: Ոստիկանությունը, ինչպես որ կար նախկինների օրոք՝ ոչ պրոֆեսիոնալ ու դաժան, այնպես էլ այժմ, հին ավանդույթներին հավատարիմ, մնացել է նույնը: Ի վիճակի չլինելով վնասազերծել ագրեսիվ հարձակվողներին, եւ մեկուսացնել սադրիչներին` հրամանն ստանալուն պես կատաղած հարձակվում է, թեկուզ եւ մոլորեցված, բայց արդեն իսկ գետին տապալված բազում քաղաքացիների վրա եւ, տեսախցիկների ներկայությամբ, դաժան հաշվեհարդարի ենթարկում նրանց։

Իսկ Նիկոլ Փաշինյանի կողմից անցյալ իշխանությունների իրավա-քաղաքական գնահատական չտալը եւ դրանից բխող անցումային արդարադատություն չիրականացնելը հանգեցրեց նրան, որ երկիրը, բանակը եւ ժողովրդը շուրջ 30 տարի թալանած, Մադրիդյան սկզբունքներ եւ Ցյուրիխյան արձանագրություններ ստորագրած ղեկավարները, ոչ միայն չպատժվեցին, այլեւ՝ 44-օրյա պատերազմին լրացուցիչ խառնաշփոթ մտցնելով պատերազմի ընթացքի մեջ, նպաստեցին խայտառակ պարտությանը: Իսկ այժմ, տոգորված ռևանշի թույնով, պատրաստ են արյունալի սադրանքներով նորից իշխանության վերադառնալ:

Միաժամանկ այս աղմկոտ, խորացող քաոսի խորապատկերի վրա, աննկատորեն ճաղերի ետևում հայտնվեցին ապստամբ Սասնա ծռերը: Այն Սասնա ծռերը, որոնք իրենց անձնազոհության շնորհիվ 4 տարով հետաձգեցին ազատագրված հողերի հանձնումը, 4 թանկ տարիներ պարգևեցին երկրին՝ անխուսափելի պատերազմին պատրաստվելու համար, եւ, վերջապես այն ապստամբ Սասնա ծռերը, որոնք ամուր հիմքեր ստեղծեցին 2018 թվին՝ սերժականնների կողմից իշխանության անցնցում հանձնման համար: 

Իհարկե, այս ներիշխանական գզվռտոցի եւ Հայաստանի ներքին պառակտման հիմնական պատվիրատուն կայսերական ֆանտոմային ցավերով տառապող Ռուսաստանն է: Այն իր կայսերապետական մոլուցքով բռնված փորձում է սառը պատերազմ-2 –ի պայմաններում՝ մինչև աշխարհից իր վերջնական փակվելը, հնարավորինս կլանել նախկին խորհրդային տարածքները, իսկ Հայաստանը, դժբախտաբար, այդ ցուցակում առաջիններից է, քանի որ աշխարհաքաղաքական կարևորագույն խաչմերուկում է գտնվում:

Այս խորացող ներքաղաքական քաոսի պայմաններում, մոտ ապագայում միջազգային անվտանգային, տնտեսական եւ պարենային ճգնաժամերը անխուսափելիորեն հանգեցնելու են Հայաստանի՝ մի նոր արտակարգ իրավիճակի մեջ հայտնվելուն: 

Այնուամենայնիվ նշված իրադարձությունները, բոլոր պոտենցիալ վտանգներով հանդերձ, հիմք պետք է հանդիսանան Հայաստանում արմատական համակարգային փոփոխություններ չիրականացնող իշխանափոխությունների արատավոր շղթան կտրելու համար: Մոտենում է այն պահը, երբ հայ ժողովրդի գիտակից հատվածը, իր կամքը պարտադրելով, պետք է հեռացնի Նիկոլին և նրա խամաճիկ ռեժիմը, իսկ ժամանակավոր անցումային կառավարության ձեւավորումը պետք է հենվի ապագաղութացման օրակարգի վրա: Օրակարգ, որի կարեւորագույն բաղկացուցիչներն են լինելու, ի թիվս այլոց, արտաքին քաղաքականության արմատական վերանայումը, անվտանգության նոր ճարտարապետության մեջ ներգրավումը, անցումային արդարադատության իրականցումը եւ նոր սահմանադրության ընդունումը:
Ազգային-Ժողովրդավարական Բևեռի  խորհուրդ
4 հունիսի, 2022թ.
Երեւան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր