Մեկ որոշմամբ Ռուսաստանը կարող է կանգնեցնել ամերիկյան բոլոր ատոմակայանները
Եթե Ռուսաստանը դադարեցնի հարստացված ուրան մատակարարել ամերիկյան էներգետիկ ընկերություններին, դա կարող է հանգեցնել ԱՄՆ-ի ատոմակայանների ռեակտորների դադարեցմանը: Այս մասին նախազգուշացրել են Կոլումբիայի համալսարանի գլոբալ էներգետիկ քաղաքականության կենտրոնի հետազոտողներ Մեթ Բոուենը և Փոլ Դաբարը։
The Hill ամերիկյան հրատարակությունում տպագրված հոդվածում փորձագետները նշում են, որ Ռուսաստանը վերահսկում է ուրանի արդյունահանման համաշխարհային շուկայի 6%-ը և դրա վերամշակման 40%-ը։
«Աշխարհի 439 ռեակտորների ճնշող մեծամասնությունը պահանջում է հարստացված ուրանի վառելիք, ներառյալ՝ ԱՄՆ նավատորմի բոլոր ռեակտորները: Եվ չնայած յուրաքանչյուր ռեակտոր ունի տարբեր աստիճանի կախվածություն ռուսական հարստացման ծառայություններից, ընդհանուր առմամբ դա էական խնդիր է»,- նշում են հոդվածի հեղինակները։
Նրանք կանխատեսում են, որ եթե դադարեցվեն հարստացված ուրանի մատակարարումները Միացյալ Նահանգներ, տեղական էներգետիկ ընկերությունները կարող են բախվել դրա հետևանքներին արդեն այս տարի: Ի վերջո, դա կհանգեցնի ռեակտորների անջատմանը։ Հաշվի առնելով, որ երկրի որոշ հատվածներում ատոմակայաններին բաժին է ընկնում էներգիայի հզորության մինչև 20%-ը, էլեկտրաէներգիայի գները կտրուկ կթանկանան։