Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 հուն 2022 15:24

Քոչարյան - Սարգսյան - ՀՅԴ եռյակն ընդունել էր, որ Արցախն Ադրբեջանի կազմում է չեն արձագանքել, թե Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում 2021թ–ի բյուջեի կատարողականի քննարկման իր ամփոփիչ ելույթի մի հատվածը նվիրեց Արցախի հարցում նախկին իշխանությունների ու ներկայիս ընդդիմության դիրքորոշումը ներկայացնելուն։
Ըստ Փաշինյանի` Քոչարյան - Սարգսյան - Դաշնակցություն եռյակը դեռ 24 տարի առաջ է ընդունել , որ Արցախն Ադրբեջանի կազմում է։
1998թ–ի նոյեմբերի 25-ին ՀՀ այն ժամանակվա իշխանությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ համաձայնել է որպես բանակցային հիմք ընդունել համանախագահների կողմից ներկայացված, այսպես կոչված` «ընդհանուր պետություն» առաջարկը, որում ասվում է.
«ԼՂ–ը հանրապետական ձևի պետական կազմավորում է և Ադրբեջանի հետ կազմում է ընդհանուր պետություն` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։
Երկրորդ մեջբերումը «ընդհանուր պետություն» փաթեթից.
«ԼՂ քաղաքացիները` որպես անձը հաստատող վկայական, ունենան ադրբեջանական անձնագիր` «Լեռնային Ղարաբաղ» հատուկ նշումով»։ Այս մասին, բնականաբար, իմացել են թե՛ Ռոբերտ Քոչարյանը, և թե՛ Սերժ Սարգսյանը, և թե՛ Դաշնակցությունը։ Տարօրինակ է, թե ինչու համանախագահության այս առաջարկին նրանք չեն արձագանքել, թե` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»,– ԱԺ ամբիոնից հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետի մեկնաբանմամբ, այս առաջարկին համաձայնելով, նախկին իշխանությունները համաձայնել են բանակցային փաթեթի այն տրամաբանությանը, որ Արցախը պիտի լինի Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։
«Ավելին` նրանք այս քայլով արհամարհել են 1992թ–ի սեպտեմբերի 2-ին ընդունված անկախության հռչակագիրն ու 1991թ–ի սեպտեմբերի 10-ի Անկախության հանրաքվեն ու դրա արդյունքները»,–ասաց Փաշինյանը։
Նա նաև շեշտեց, որ «ընդհանուր պետություն» բանակցային փաթեթին հաջորդել է արդեն «տարածքների փոխանակման» փաթեթը, որով ՀՀ այն ժամանակվա իշխանությունները Արցախը ճանաչել են որպես Ադրբեջանի մաս, քանի որ, ըստ Փաշինյանի, այդ փաթեթի իմաստն այն էր, որ Հայաստանն Ադրբեջանին է հանձնում Մեղրիի շրջանն ու փոխարենը ստանում է Ղարաբաղը։
«Այսինքն` եթե Հայաստանն իր ինքնիշխան տարածքից պետք է մի մասը հանձներ Ղարաբաղի դիմաց, նշանակում է՝ Ղարաբաղը ճանաչում էր որպես Ադրբեջանի տարածք»– եզրակացնում է վարչապետը` ընդգծելով, որ այս կերպ «Ռոբերտ Քոչարյան - Սերժ Սարգսյան - Դաշնակցություն» եռյակը իր կառավարման տարիներին ընդունել է, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ պարագայում ընդունել է, որ Արցախն Ադրբեջանի կազմում է։
Այս իրողություններն, ըստ նրա, ավելի են ամրապնդվել արդեն Մադրիդյան սկզբունքներով։
Փաշինյանը հիշեցրեց, որ Մադրիդյան սկզբունքները պաշտոնապես կողմերին են ներկայացվել 2007թ–ին, և հայկական կողմը համաձայնել է դրանք ընդունել որպես բանակցային հիմք։
«Երբ դա տեղի ունեցավ, Ռոբերտ Քոչարյանը երկիրն էր ղեկավարում, Սերժ Սարգսյանը վարչապետն էր, Դաշնակցությունն էլ կառավարության մաս էր ու իշխող թիմի անդամ ու հենարան»,– արձանագրեց Փաշինյանը։
Խոսելով բանակցային այսօրվա գործընթացից՝ Փաշինյանը շեշտեց, որ իրեն ժառանգված բանակցային տրամաբանությամբ, առանց Ադրբեջանի համաձայնության, ԼՂ-ն չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ, ներառյալ միջանկյալ կարգավիճակ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր