Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

02 հուլ 2022 15:04

Հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հուլիս ամսվա կլիմայական բնութագիրն ու եղանակային կանխատեսումը։

Հուլիս ամսվա կլիմայական պայմանների ձևավորման վրա մեծապես ազդում են արևադարձային լայնություններից ներթափանցող տաք և չոր օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։ Ցիկլոնային գործունեությունը հանրապետության տարածքում էապես նվազում է, ինչի արդյունքում հունիս ամսվա համեմատ հուլիսին զգալի նվազում է տեղումների քանակը։ Հատկապես հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում հաստատվում է չոր և շոգ կլիմայական պայմաններ։ 

Հուլիսին միջին ամսական ջերմաստիճանը Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում և Սյունիքի հովիտներում տատանվում է +25...+27°C, Տավուշում` +18...+22°C, Լոռիում` +16...+18°C, լեռնային շրջաններում +15...+20°C սահմաններում:

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը, որը հանրապետությունում երբևէ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է, 2011թ. հուլիսի 31-ին  գրանցվել է Մեղրիում` +43.7°C,  2017թ. հուլիսի 29-ին  Արարատում +42.6°C,  Երևանում +42.0°C: 

Լեռնային շրջաններում հուլիսը համեմատաբար զով է, առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցում +32...+35°C: Ամենաշոգ հուլիսները դիտվել են 1949, 1962, 1980, 1989, 2000, 2010, 2011, 2015, 2017թթ., երբ օդի ամսական միջին ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում 5-7 օր անընդմեջ տատանվել է +39...+41°C սահմաններում: Ամենահով հուլիսները դիտվել են 1946, 1967, 1969, 1995, 2009թթ., երբ ամսական միջին ջերմաստիճանը ցածր է եղել նորմայից 2-3 աստիճանով, իսկ առավելագույն ջերմաստիճանը հանրապետության հովտային շրջաններում չի գերազանցել +34...+35°C:

Առանձին տարիներին հուլիս ամսին կարող են ակտիվանալ Սև ծովի կողմից եկող խոնավ և սառը օդային զանգվածները, որոնք իրենց հետ բերում են օդի ջերմաստիճանի անկում և զգալի տեղումներ։
Խոնավ հուլիսներ են դիտվել 1985, 2003, 2009, 2010, 2011, 2012թթ., երբ տեղումների ամսական քանակը կազմել է նորմայի 150-300%: Խիստ չոր հուլիսներ են եղել  1973, 1978, 1996, 1998, 1999, 2006թթ., երբ հանրապետության հովտային շրջաններում ամսվա ընթացքում տեղումներ ընդհանրապես չեն դիտվել:

Օդի հարաբերական խոնավությունը հուլիսին լեռնային շրջաններում բավական բարձր է` 60-70%, բարձր լեռնային շրջաններում` 80% և ավելի: Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռնային շրջաններում այն չի գերազանցում 44-55%: Առանձին օրեր Երևանում հարաբերական խոնավությունը հասնում է 20%, իսկ ցերեկային ժամերին կարող է նվազել մինչև 5%:

Հուլիսին զգալիորեն աճում է պարզ օրերի թիվը, Արարատյան դաշտում  այն կազմում է  14-15 օր, մեծանում է արևափայլի տևողությունը`  հասնելով իր առավելագույն արժեքին:

Կտրուկ նվազում է տեղումների քանակը, որը հանրապետության  տարածքում միջինը կազմում է  49մմ, սակայն տեղումները բաշխվում են շատ անհամաչափ: Առավելագույն քանակը դիտվում է Լոռիում` 55-75մմ, նվազագույնը` Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` 10-15մմ:

Տեղումներով օրերի թիվը նույնպես անհամաչափ է բաշխված, Լոռիում` 13-15 օր, Արարատյան դաշտում 4-5 օր: Լինում են  տարիներ, երբ Արարատյան դաշտում հուլիսին տեղումներ ընդհանրապես չեն դիտվում: Ամպրոպների հաճախականությունը հուլիսին նվազում է: Արարատյան դաշտում ամպրոպ դիտվում է 5-6 օր, լեռնային շրջաններում, այդ թվում Սևանա լճի ավազանում` 10-12 օր:

Հովտային շրջաններում, որտեղ զարգանում է լեռնահովտային շրջանառությունը, քամու արագությունը աճում է, հատկապես երեկոյան ժամերին։ Արարատյան դաշտում և Երևանում  քամու առավելագույն արագությունը կարող է հասնել 20-22մ/վրկ և ավելի: Արարատյան դաշտում հաճախ դիտվում են խորշակներ` չոր և տաք քամիներ, որոնց հետևանքով խախտվում է բույսերի ջրային հաշվեկշիռը:

Եղանակի վտանգավոր երևույթներից հուլիսին կարող են դիտվել կարկուտ, տեղատարափ անձրևներ և ուժեղ քամիներ։ 2016թ. հուլիսի 10-ին Արմավիրի  մարզում մոտ 30 րոպե տևողությամբ դիտվել է ուժգին կարկտահարություն, ինչը համարվում է ամենաինտենսիվը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։ Կարկտահատիկի տրամագիծը ասել է 4-5սմ-ի, կոտրելով տանիքներ, ջերմոցային տնտեսություններ, ահռելի վնաս հասցրել պտղատուներին և բանջարաբոստանային կուլտուրաներին։

Երևանում՝ հուլիսի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր