Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

20 սեպ 2022 11:29

Ադրբեջանում ընդդիմադիրներն Ալիևին մեղադրում են.նա երկիրը տանում է քաղաքական մեծ պարտության, քանի որ «հայերը կարողացել են բոլորին համոզել, որ սահմանային վերջին գործողության մեղավորն Ադրբեջանն է

Ադբեջանում, մեղմ ասած, այնքան էլ հիացած չեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից։ Բաքվի պաշտոնական շրջանակներն ու քարոզչական ԶԼՄ-ը բավական նյարդային են արձագանքում Փելոսիի այցին, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ դատապարտող հայտարարություն է արել։
Ընդդիմադիր շրջանակները Փելոսիի այցի ու նրա կողմից ՀՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարությունների համար մեղադրում են նախագահ Իլհամ Ալիևին, որը, ըստ նրանց, տրվում է Ռուսաստանի խաղին ու երկիրը տանում «բռնապետերի ակումբ»։
 
Մասնավորապես, Ադրբեջանի գլխավոր ընդդիադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին Փելոսիի այցին անդրադարձել է մի քանի գրառումներով՝ նշելով, որ «Ալիևը Հայաստան է բերել ԱՄՆ-ի երրորդ պաշտոնյային»։ «Իլհամ Ալիևի շնորհիվ աշխարհի այն հատվածը, որն ուժեղ է, ունի փող, տեխնոլոգիա և ժամանակակից կառավարում, որը քիչ թե շատ կարևորում է մարդու իրավունքները, տեղ է գրավում Հայաստանում։
Իսկ Իլհամ Ալիևը համառորեն մեզ ներքաշում է ավտորիտար ռեժիմների և բռնապետերի ակումբ։ Նա ցանկանում է նստել Պուտինի խորտակվող նավը։ Եթե ​​ազգովի, համատեղ ջանքերով չկարողանանք կանգնեցնել Իլհամ Ալիևի այս սխալ քաղաքականությունը, մենք ևս մեկ անգամ կբացենք մեր աչքերն այն փաստի վրա, որ մենք գտնվում ենք աղքատ, հետամնաց, դաժան, իրենց ժողովրդի նկատմամբ թշնամաբար տրամադրված, մեկուսացված ռեժիմների ակումբում և մահանալ միջազգային պատժամիջոցների տակ»,- գրել է Քերիմլին։ Մեկ այլ ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յաղուբլուն էլ գրել է, որ Ալիևը երկիրը տանում է քաղաքական մեծ պարտության, քանի որ «հայերը կարողացել են բոլորին համոզել, որ սահմանային վերջին գործողության մեղավորն Ադրբեջանն է»։

«Մտածելով, որ ժողովրդավարությունը վտանգավոր է ընտանեկան կառավարման համար, Իլհամ Ալիևը քաղաքականություն է վարում այս երկրի դեմ և ապաստան է գտել Կրեմլում, որն ավտորիտարիզմի, կոռուպցիայի և աշխարհում ժողովրդավարության թշնամիների հենակետն է։ Արևմուտքը նախկինի պես հանդուրժող չի լինի ավտորիտար ռեժիմների նկատմամբ, հատկապես՝ Պուտինի օրոք։ Ուստի, Պուտինի հրահանգով սահմանին սադրանքը շատ լուրջ սխալ էր։ Իլհամ Ալիևը մի կողմից՝ աշխարհին, այդ թվում՝ ԱՄՆ-ին ասում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ավարտված է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ապահովված է, իսկ մյուս կողմից ասում է, որ վերջին իրադարձություններից հետո հասել է որոշ ռազմական նպատակների։ Զանգեզուրի, Գոյչա լճի (նկատի ունի Սյունիքն ու Սևանը) արկածը իրականում ծառայություն էր հայերին։
Փաստորեն, Իլհամ Ալիևը Նենսի Փելոսիին բերեց Երևան»,- գրել է Յաղուբլուն։ Ընդդիմադիր մեկ այլ գործիչ Ֆուադ Ղահրամանլին ևս, անդրադառնալով Փելոսիի Հայաստան այցին, նշում է, որ Ադրբեջանի ղեկավարությունն իր աշխարհաքաղաքական փլուզումն է առաջացնում Ռուսաստանին ուղղված իր սխալ արտաքին քաղաքականությամբ՝ հիմք ստեղծելով Հայաստանի միջազգային աջակցության ամրապնդման համար։
«Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը և Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն այցելում են Բաքու։ Սա Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ պատասխանն է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի՝ Հայաստան կատարած այցին։Արդյո՞ք խելամիտ ընտրություն է ընդդեմ ԱՄՆ-ի Ռուսաստանի կողմն անցնելը։ Երբե՛ք»,- գրել է Ղահրամանլին։
Հավելենք, որ ադրբեջանական սոցցանցերի տիրույթում Ադրբեջանի իշխանությունների քարոզչամեքենան ակտիվորեն տարածում է #NoPelosi հեշթեգը։

factor.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր