Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

27 սեպ 2022 11:14

«Ճանաչիր դավաճանին». Ադրբեջանում արշավ են սկսել ընդդիմության դեմ,որոնք դատապարտում են արդեն ՀՀ-ի տարածքում ընթացող ռազմական գործողությունները

Հարևան Հայաստանի հետ վերջին բախման խորապատկերում Ադրբեջանում «ճանաչիր դավաճանին» հեշթեգով արշավ է սկսվել ճանաչված քաղաքական գործիչների, ակտիվիստների, լրագրողների դեմ, որոնք դատապարտում են (ի տարբերություն 2020 թվականի պատերազմի) արդեն Հայաստանի տարածքում ընթացող ռազմական գործողությունները: Սակայն չի երևում, որ արշավը հաջողությամբ է պսակվում:


Ֆեյսբուքում հայտնվել է #xainitanı («ճանաչիր դավաճանին»- ադրբ.) հեշթեգը, որում հրապարակված են այն հասարակական գործիչների լուսանկարները, որոնք համաձայն չեն  Ադրբեջանի իշխանությունների գործողություններին՝ կապված Հայաստանի սահմանին վերջերս  բորբոքված լարվածության հետ:


Լուսանկարների տակ տեղադրված են մեջբերումներ սոցցանցերում արված նրանց գրառումներից, իսկ լուսանկարների վրա տեղադրված է կարմիր դրոշմակնիք՝ «Ճանաչենք դավաճանին» մակագրությամբ:


Հարվածի տակ են ընկել քաղաքական գործիչ Թոֆիկ Յաղուբօղլուն, բլոգեր Օրհան Աղաևը, պատմաբան Ալթայ Գոյուշովը, նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին, լրագրողներ Աֆղան Մուխթարլին ու Սևինջ Օսմանգիզին և ուրիշներ:


Քարոզարշավը, ըստ ամենայնի, առաջ են մղում իշխող «նոր Ադրբեջան» կուսակցության ներկայացուցիչները: Օրինակ՝ հեշթեգը լուսանկարներով հայտնվել է կուսակցության Բարդինի շրջանի մասնաճյուղի ղեկավարի էջում, այնուհետև նաև նրա ենթակայի:


«Դավաճանների» այդ ցուցակը հրապարակվել է «Նոր Ադրբեջան» կուսակցության երիտասարդական թևի անդամների էջերում երկրի տարբեր շրջաններում: BBC-ին չի հաջողվել թե՛ հեռախոսով, թե էլեկտրոնային փոստով կապվել «Նոր Ադրբեջան» կուսակցության մամլո ծառայության հետ:


Իրեն Վուլղար Իմրանով անվանող և որպես տեղահանվածների համար սոցիալական զարգացման հիմնադրամի փոխտնօրեն ներկայացող անձի ֆեյսբուքյան էջում հրապարակված է տեսագրություն նույն հեշթեգով: Բացի այդ, պետական «Ադրբեջան» թերթում հրապարակվել է խորհրդարանի պատգամավորի «դավաճանների» մասին տեքստը մի քանի բացականչական նշաններով և նրանց բացահայտելու վատ քողարկված կոչով:


«Եթե ես այդ պատճառով եմ դավաճան, ապա թող այդպես էլ համարվի»


Ադրբեջանցի հանրահայտ լրագրող և քաղաքական վտարանդի Աֆղան Մուխթարլիի լուսանկարի տակ «Ճանաչենք դավաճանին» դրոշմով զետեղված է մեջբերում նրանից. «Ադրբեջանական կողմը բացահայտ հռչակում է ուրիշ պետության տարածքը գրավելու մտադրությունը»:


BBC-ի հետ զրույցում նա խոստովանում է, որ դա իրոք իր խոսքն է:


«Ես կարծում եմ, որ Ադրբեջանը սեփական սահմաններից դուրս որևէ տեղ չպետք է մասնակցի որևէ ռազմական գործողության, իսկ եթե այդ գործողությունն անհրաժեշտ է, որպեսզի գրավվի հարևան երկրի տարածքը, ապա ես դեմ եմ,- ասում է նա:- Գոյություն ունի միջազգային իրավունք, երկրները սահմաններ ունեն, որոնք ճանաչվել են մյուս երկրների կողմից: Ես դեմ եմ, որ մեր զորքերը լինեն Զանգեզուրում (Սյունիքում) և մեր զինվորներն այնտեղ զոհվեն»:


Նրա խոսքով՝ նախագահ Ալիևն Ադրբեջանը դրել է այսօրվա «անելանելի դրության մեջ»:


«Ռուսաստանը մեծ երկիր է՝ միջուկային զենքով, և ողջ աշխարհը միավորվել է նրա ագրեսիվ քաղաքականության դեմ [Ուկրաինայում]: Նրանց չեն թողնում գրավել ուրիշ երկրի տարածքը և մեզ առավել ևս չեն թողնի»,- հիշեցնում է Մուխթարլին:


Նա նշում է, որ օտարերկրյա քաղաքական գործիչները հանդես են եկել Հայաստանի օգտին, և նոր սրացումների դեպքում կհաջորդեն պատժամիջոցները: «Այդ ամենը կանդրադառնա մեր ժողովրդի վրա, ոչ թե իշխանությունների, և եթե ես այդ պատճառով դավաճան եմ, թող այդպես էլ լինի»,- ասում է լրագրողը:


Արշավը կարծես տարածում չի գտնում


Մուխթարլին համարում է, որ հեշթեգով արշավը ձախողված է:


«Այն ծաղրում են, որովհետև եթե ստում ես և մարդիկ դա գիտեն, ապա այդպիսի արշավը չի կարող հաջողություն ունենալ,- ասում է նա:- Ե՛վ ես, և՛ Թոֆիկ Յաղուբօղլուն կռվել ենք Ղարաբաղում [1990-ականներին], մարդիկ դա գիտեն, և թե մենք ինչպես կարող ենք դավաճան լինել, ժողովուրդը գիտի: Ես ինքս փոխանցել եմ այդ հեշթեգը և տեսնում եմ, որ մարդիկ պաշտպանում են ինձ»:


BBC-ի թղթակիցը մեկ օրվա ընթացքում գտել է ֆեյսբուքում ընդամենը 40 գրառում #xainitanı հեշթեգով, և դրանց հեղինակների մեծ մասը նման են պաշտոնյաների: Այնպես որ, ըստ ամենայնի, հեշթեգն առայժմ այնքան էլ չի տարածվում լայն հանրության շրջանում: Թվիթերում այդ հեշթեգով գրառումներն ավելի շատ են,  բայց այդ գրառումների մի մասը գրում են իրենք՝ պաշտոնյաները, իսկ մնացածները հիմնականում քննադատում են: «Տղերք, #xainitanı»-ի ցուցակն ո՞ւմ հանձնել: Դեդլայնը դեռ չի՞ ավարտվել»,- կատակում է ակտիվիստ Ռուստամ Իսմայիլբեյլին:


Ի դեպ, եթե բուն արշավը սկսվել է անցած շաբաթ, ապա համանուն Youtube ալիքը, որ ակտիվիստներին դավաճան է բնորոշում, գոյություն ունի արդեն կես տարի և ընդամենը 219 բաժանորդ ունի:


Նոր պատերազմը չի՞ ընդունվում


Ադրբեջանում  նրանց շարքերում, ովքեր քննադատաբար են արտահայտվել նոր լարվածության առնչությամբ, կան նաև անձինք, որոնք պաշտպանել են իրենց երկիրը 2020 թվականի պատերազմում:


Այն ժամանակ Ալի Քերիմլին՝ խոշորագույն ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավարը, պաշտպանել է իշխանությանը՝ նշելով, որ Ադրբեջանի տարածքի մի մասը գրավված է:


Բայց հիմա նա այլ կերպ է խոսում:


«Այժմ բոլորը հարց են տալիս՝ ինչո՞ւ մենք մի քանի ժամվա կռվի ընթացքում (իբր) «սովից սատկող թշնամու» դեմ 50 մարդու կորուստ ունեցանք»,- գրել է նա սեպտեմբերի 14-ին, երբ  սկսեցին հայտնի դառնալ ադրբեջանական կողմի զոհերի առաջին ցուցակները:


Մեկնաբանելով վերջերս ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Երևան (ուր նա ասաց, որ հենց Ադրբեջանն է սկսել այդ սահմանային բախումը Հայաստանի հետ)՝ Քերիմլին գրեց, որ եթե նախկինում Հայաստանը համարվում էր Ռուսաստանի ֆորպոստը, ապա այժմ Ալիևի ջանքերի շնորհիվ Ադրբեջանը նստում է «Պուտինի խորտակվող նավակը»:


Հայաստանի հետ սեպտեմբերյան բախման արձագանքը ադրբեջանական հասարակությունում անհամեմատ ավելի հակասական է, քան 2020 թվականի պատերազմի ժամանակ էր:


Մարդիկ սոցցանցերի ավատարների վրա կախում են ադրբեջանական դրոշներ, ոմանք պատերազմի կոչ են անում, ուրիշներն էլ՝ խաղաղության, զարհուրում են տասնյակ զինվորների զոհվելուց, ցավակցություններ գրում:


«Այս պատերազմը, ինչպես և ամեն մի պատերազմ, պետք է դադարեցնել»,- գրում է Ռուֆատ  անունով օգտատերը: «Հավերժ փառք հերոսներին»: Շատ ցավալի է ու դառը կորցնել երիտասարդ առողջ տղաներին, որոնք պիտի դեռ երկար ապրեին»,- գրում է Ռեյհան անունով օգտատերը: Եվս մի կին պատմում է, թե ինչպես է  տառապում մերձավորների համար, որոնց տղաներն այժմ ծառայում են բանակի ստորաբաժանումներում Հայաստանի հետ սահմանի հատվածում:


Ի՞նչ է եղել սահմանի վրա


Սահմանային բախումները երկու երկրների միջև սկսվել են սեպտեմբերի 12-ի ուշ երեկոյան: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է մարտերի մասին՝ ուղղված այն քաղաքներին ու գյուղերին, որոնք գտնվում են Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանի ողջ հարավային հատվածում, այդ թվում Սոթքին, Արտանիշին, Իշխանասարին, Գորիսին ու Կապանին:


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ընդամենը «իրականացնում է տեղային հակամիջոցներ ի պատասխան Հայաստանի լայնամասշտաբ սադրանքին», բայց չի բացում մանրամասները: Ոչ միայն ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի խոսնակը, այլև փորձագետներն են հակված այն կարծիքին, որ վերջին բախումների մեղավորը Ադրբեջանն է:


«Չեմ կարծում՝ որևէ մեկը կասկածի, որ Ադրբեջանն է սկսել այդ գործողությունը Հայաստանի տարածքում: Նույնիսկ ադրբեջանցի մեկնաբաններն են դա խոստովանում: Հայաստանը ներկայումս թույլ է և շահագրգռված է չէ, որ ստատուս քվոն խախտվի»,- մեկնաբանել է իրավիճակը Թոմաս դը Վաալը՝ հայտնի բրիտանացի կովկասագետը և ղարաբաղյան հակամարտության մասին գրքի հեղինակը:


«Ինչո՞ւ Ադրբեջանը հենց հիմա սկսեց: Կարճ ասած՝ որովհետև կարող է: Բաքվում գոհ են ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակից: Նրանք ցանկանում են ստուգել Ռուսաստանի վճռականությունը Ուկրաինայում ձախողվելիս, տեսնել, թե ինչ աստիճանի է ՀԱՊԿ-ի նվիրվածությունը Հայաստանի պաշտպանությանը հիմա և ապագա հնարավոր սցենարների դեպքում»,- գրել է նա իր «Թվիթերում»:


Աղբյուրը՝ BBC


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր