Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ          Տեսանյութ.«Մերժիր գժին» նախաձեռնության անդամները փակել են Իսակովի պողոտան, այստեղ են կարմիր բերետավորները       Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը    

08 նոյ 2022 10:49

Որքա՞ն արժեն «Ծովասարի» սենյակները. ինչո՞ւմ են մեղադրում Արմեն Աշոտյանին. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեռևս 2018-ին սկսված հետապնդումները ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի նկատմամբ մութ սենյակում սև կատու փնտրելու են նմանվում։ Նոյեմբերի 5-ին՝ ընդդիմադիրների հանրահավաքի օրը, հայտնի դարձավ, որ 2018 թվականին Երևանի բժշկական համալսարանում Պետական վերահսկողական ծառայության կողմից արված ուսումնասիրությունները 4 տարի շարունակ իրավապահ տարբեր մարմիններում դեգերելուց հետո քրեական գործի հարուցման առիթ են դարձել, որի գլխավոր թիրախն Արմեն Աշոտյանն է։ Խոսքը վերաբերում է 2015 թվականին Բժշկական համալսարանի համար գույքի ձեռքբերման պրոցեսին:

Այդ ժամանակ Բժշկական համալսարանի ռեկտորը հայտնի բժիշկ, պրոֆեսոր Միքայել Նարիմանյանն է եղել, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը։ Նոյեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ 70-ամյա Նարիմանյանին հրավիրել են քննչական, հարցաքննել ու փորձել Աշոտյանի դեմ ցուցմունք կորզել, սակայն, ըստ մեր տեղեկությունների, վերջինիս պատմածները բավարար չեն եղել Աշոտյանին մեղադրանք առաջադրելու համար։ Ցուցմունքի փնտրտուքները շարունակվում են։

Ինչ վերաբերում է հարուցված քրգործի էությանը, ապա նախապատմությունը հետևյալն է․ 2015 թվականին ԵՊԲՀ-ն որոշել է իր աշխատակիցների համար Սևանի ափին գտնվող հանգստյան տներից մեկում գույք ձեռք բերել։ Այդ գույքը կազմված է եղել հյուրանոցային 6 սենյակից և կոնֆերանս-դահլիճից, որը համալսարանը պատրաստվում էր օգտագործել իր նպատակների համար։ Մոտ 200 միլիոն դրամ են վճարել «Ծովասար» հանգստյան տան տնօրինությանը, իսկ այս հանգստյան տունը պատկանում է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ներկայումս ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հորը։ Սենյակները գնվել են, որպեսզի բժշկականն իր աշխատակիցներին ամռան 4-5 ամիսներին ուղարկի այնտեղ՝ հանգստանալու, կոնֆերանսներ կազմակերպեն և այլն։ 2017 թվականից սկսած՝ ԵՊԲՀ աշխատակիցներն իսկապես օգտվել են այս հնարավորությունից՝ յուրաքանչյուր ամառ մեկնել են Սևան, հանգստացել։ Այս փաստը հաստատել է նաևԲժշկական համալսարանի տնօրինությունը՝ դեռևս 2018 թվականին, երբ ՊՎԾ-ն ստուգումներ էր սկսել։ Ըստ ՊՎԾ-ի, սակայն, այս գույքը ձեռք է բերվել կադաստրային արժեքից թանկ գնով, և ձեռք բերողները վատնում են արել, որը պետք է պատժվի։

Գնումը ԵՊԲՀ ռեկտորի եւ արհմիության նախագահի ստորագրությամբ է իրականացվել, առանց հոգաբարձուների խորհրդի որոշման։ Գործող իշխանությունը գտել է, որ սա լավ առիթ է ՀՀԿ փոխնախագահին հետապնդելու համար։
Ինչպես արդեն նշեցինք՝ 200 մլն է կազմել գնված գույքի գինը, որից կոնֆերանսների դահլիճի համար վճարվել է 40 մլն դրամ, իսկ 6 սենյակների համար՝ 160 մլն։ Ստացվում է՝ յուրաքանչյուր սենյակի համար՝ 26 մլն 600 հազար դրամ, 2015 թվականի փոխարժեքով յուրաքանչյուր սենյակի համար վճարվել է 55 հազար դոլար։

Մենք տեղեկացանք, որ նույն գնով են վաճառվել նաև «Ծովասար» հանգստյան տան մյուս սենյակները, որոնք ապարտամենտների սկզբունքով են աշխատում։ Այսինքն՝ սեփականատերերն ամռան 4 ամիսներին օգտվում են հանգստյան տան՝ իրենց պատկանող սենյակից, կարող են այն նաև վարձակալությամբ տալ։ ՀՅԴ անդամներից մեկը մեզ ասաց, որ ինքը վճարել է 53 հազար դոլար և կարծում է, որ թանկ չի առել։ Ստացվում է, որ իշխանությունները վատնում են համարում այդ ժամանակահատվածում շուկայական արժեքով պետական գույքի գնումը, որը չի փչացել, չի վաճառվել, ծառայում է բուն նպատակին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր