Զասը հայտնել է, թե ինչ օգնություն է Երևանին առաջարկվել և ինչի շուրջ չի հաջողվել պայմանավորվածության գալ

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ը Հայաստանին առաջարկել է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման՝ իրավիճակը գնահատելու համար։ «Իրավիճակը պարզերից չէ, առաջին հերթին Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։ Այնտեղ փաստացիորեն ամեն օր փոխհրաձգություն է տեղի ունենում։ Ընդհանուր առմամբ միջոցառումների այն համալիրը, որը ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվում է Հայաստանին, իսկ այնտեղ միջոցառումները տարբեր են՝ և՛ քաղաքակա-դիվանագիտական, և՛ ռազմական, և՛ այդ թվում այդ սահման առաքելության ուղարկում, որը իրատեսորեն կգնահատի իրավիճակը, սրանք ընդհանուր առմամբ աջակցություն են գտել բոլոր պետություններից»,- Զասի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։ Զասը նշել է, որ ՀԱՊԿ-ի երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ «Եթե լայնորեն նայենք իրավիճակին կովկասյան տարածաշրջանում, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, զգուշավոր լավատեսություն են ներշնչում:
Բոլոր մասնակիցների կողմից դրսևորվում է տարածաշրջանում խաղաղության հասնելու նպատակը. խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում… Տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով, ինչը շատ լավ է»,- հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը՝ հայտարարելով, որ դրանք բավարար չափով լրամշակված չեն։