Ո՛չ նավեր են բարձրանալու մեր սարերը, ո՛չ էլ եվրոպական կամ ՀԱՊԿ-ի դիտորդներ են գալու մեր խրամատները փորեն
ՀԱՊԿ-ում ամեն ինչ չէ, որ դուր է գալիս մեզ, որոշումների ընդունման ընթացակարգեր կան, որոնք կարելի է ավելի արագ իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«ՀՀ նախկին իշխանությունները ստեղծել են իրավապայմանագրային մի ամբողջ փաթեթ և դրա շրջանակներում աշխատանք տարել ռազմական կոմպոնենտի զարգացման ուղղությամբ։ Մենք գտնում ենք, որ տարածաշրջանում ՀԱՊԿ-ը գլոբալ խնդիրների լուծման համար է, Ադրբեջանի հետ հարաբերություններ, սահմանային իրավիճակ, ինժեներական սարքավորումներ և այլն, այս ամենով ՀԱՊԿ-ը չպետք է զբաղվի, դրանով պետք է զբաղվի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Մենք մի կողմից ասում ենք՝ դե բարձունքներ են, որոնք պետք չեն, ձնածածկ սարեր են, Սև լճի համար հո մենք չենք գնալու կռվենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք՝ եկեք և ադրբեջանցիներին հանեք մեր սահմաններից։ Հասկանալի է, որ մենք պետք է խնդրենք, քաղաքական ուղղությամբ աշխատանքներ տանենք, բայց ինձ մոտ որպես զինվորական, հարց է առաջանում՝ ի՞նչ եք արել սահմանների պաշտպանության ուղղությամբ»,- ասաց Օհանյանը։
Նա նշեց, որ ՀԱՊԿ հարթակը Հայաստանը օգտագործում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար։
«Ո՛չ նավեր են բարձրանալու մեր սարերը, ո՛չ էլ եվրոպական կամ ՀԱՊԿ-ի դիտորդներ են գալու մեր խրամատները փորեն։ Կատարյալ անտեղյակ պետք է լինել՝ չհասկանալու համար, որ քո սահմանները դու ինքդ պետք է պաշտպանես»,- նշեց խմբակցության ղեկավարը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթղթերը չստորագրելուն, Օհանյանը ասաց․
«Կամ այդ փաստաթուղթը ընդհանրապես չպետք է ներկայացվեր, կամ էլ եթե ներկայացրել են, ապա պետք է ստորագրվեր։ ՀԱՊԿ-ում կա այսպիսի մի փորձ, այն երկրում, որտեղ անց են կացվում գագաթնաժողովները, այդ երկրին նպաստող ինչ-որ փաստաթղթեր են ընդունվում, ՀՀ-ի համար չի ընդունվել, ինչը նշանակում է, որ մեր երկրի ղեկավարներին բանի տեղ չեն դնում»։