Իրավիճակն օգտագործելով ապրանքների գների անհարկի բարձրացումներն անթույլատրելի են.

Բացելով խորհրդակցությունը՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը: «Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող առավելություն տալ որևէ հարց լուծելու։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մարտահրավերները, ինչպես նաև անարդարության զգացողությունը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների և այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին:
Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսևորումներին՝ պետնախարարն անթույլատրելի է համարել տնտեսվարողների կողմից, նման բարդ իրավիճակն օգտագործելով, ապրանքների գների անհարկի բարձրացումները: Նա նաև պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարևոր այլ՝ օրինակ, նորածինների համար նախատեսված սննդի և նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն:
Ներկայացվել է նաև էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել է այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը: Միաժամանակ ընդգծվել է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների պարտաճանաչ իրականացման կարևորությունը:
Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը:
Պետնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հանրությանը պատշաճ տեղեկատվության տրամադրման կարևորությունը:
Հիշեցնենք, որ քաղաքացիների հետ հետադարձ կապի ապահովման համար շուրջօրյա ռեժիմով գործում է թեժ գիծ՝ Արցախից 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին