«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

23 դեկ 2022 10:30

Նոր պատերազմի հավանականություն մեզ համար.Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ զարգացումները փոխկապակցված են, պարունակում են անվտանգային սպառնալիքներ մեր պետական-ազգային գոյությանը

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը, որ ուշի ուշով հետևում է Նախիջևանի շուրջ զարգացումներին, գրում է.


«Իլհամ Ալիևի հրամանագրով Նախիջևանի ինքնավար հանարապետությունում ստեղծվել է Ադրբեջանի նախագահի ներկայացուցչություն, իսկ նախագահի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել Ֆուադ Նաջաֆլին: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ երբեմնի կիսանկախ անկլավում այսուհետ իրականացվելու է ուղիղ նախագահական կառավարում:


Հատկանշական է, որ 47-ամյա նորանշանակ հատուկ ներկայացուցիչը Փաշա հոլդինգի նախկին աշխատակիցներից է: Ընդհանրապես, 44-օրյա պատերազմից հետո տարածքային և պետական կառավարման համակարգերի բարձրագույն բոլոր պաշտոններում նշանակումները Մեհրիբան Ալիևայի գլխավորած Փաշաևների կլանն են ներկայացնում: Այդուհանդերձ, նախիջևանյան զարգացումները ամբողջությամբ չեն տեղավորվում ներիշխանական վերաձևումների տրամաբանության մեջ: Գործ ունենք շատ ավելի լուրջ և խորքային գործընթացի հետ: Ադրբեջանում արդեն տևական ժամանակ է նախապատրաստվում են Նախիջևանի ինքնավար հանարապետության դեմոնտաժին, որ ուղեկցվում է նաև տեղակատվական-փորձագիտական դաշտում դիտարկվող քննարկումներով: Ալիևի աշխատակազմը, թիկունքում ունենալով Թուրքիայի բացահայտ ռազմաքաղաքական օժանդակությունը, վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվորեն է հանրային-տեղեկատվական քննարկումների դաշտում շրջանառության դնում թեզը, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության կարգավիճակը որոշվում է բացառապես երկրի սահմանադրության 134 հոդվածի երկրորդ մասով, այլ ոչ Կարսի կամ Մոսկվայի պայմանագրերով:


Հրապարակայնացված իրավական հիմնավորումը հանգում է նրան, որ Ադրբեջանի վարչատարածքային կառավարման նոր համակարգում պետք է հրաժարվել տարածքային կամ որևէ այլ տեսակ ինքնավարության  ռեժիմներից՝ զուգահեռաբար կայացնելով տեղական ինքնակառավարման համակարգը: Ըստ որում, համարյա բաց տեքստով խոսվում է այն մասին, որ այդ անհրաժեշտ է Արցախի և փաստացի կիսանկախ, իսկ իրականում իրանական ազդեցության գոտում հայտնված Նախիջևանի խնդիրները լուծելու համար: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ադրբեջանական ռազմավարական նպատակադրումը, որտեղ տնտեսական բաղարիչը ամենևին առաջնային չէ: Հիշեցնեմ, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը հրաժարվում է որևէ ձևաչափով քննարկել Արցախի խնդիրը՝ հայտարարելով այն լուծված, և բացառում է տարածքային կամ էթնիկ որևէ կարգավիճակի տրամադրումը արցախահայությանը:


Պնդելով, որ ազգությամբ հայ իր քաղաքացիների իրավունքների հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, որ չի կարող միջազգային կամ միջպետական բանակցությունների առարկա դառնալ՝ Ալիևը նպատակ ունի կանխել էթնիկ կամ տարածքային ինքնավարության նոր պահանջների ի հայտ գալը մյուս էթնոտարածքներում: Խոշոր հաշվով տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, քանի որ կանխատեսելի է, որ Արցախի ինքնավար կարգավիճակի, այդ թվում՝ Ադրբեջանի կազմում, հարցի քննարկումն ինքնին կարող է դետոնացնել էթնիկ-տարածքային ինքնավարությունների համար շարժումների շքերթ: Նախիջևանի տարածքային ինքնավարությունն իր հերթին պակաս խնդրահարույց չէ Ադրբեջանի և կառավարող Ալիևյան ռեժիմի համար իրանական գործոնի և նախիջևանյան անկլավի տնտեսական արտոնյալ կարգավիճակի համատեքստում:


Հայտարարված 470 հազար բնակչությամբ ինքնավարությունը ավելի քան 70 տոկոսով սուբսիդավորվում է պետական բյուջեից,  և հատկացվող գումարները բազմակի ավելի են մյուս շրջանների հետ համեմատության համատեքստում: Նախիջևանին հատկացվող պետական դոտացիան որոշ դեպքերում մինչև 10 անգամ ավելի է համարժեք բնակչությամբ տարածքների համեմատությամբ, ինչը անընդհատ դժգոհությունների առիթ և կոնֆլիկտագեն աղբյուր է հանդիսանում՝ յուրատեսակ հանգած հրաբուխ, որ վաղ թե ուշ կարող է արթնանալ: Բայց խնդրի զգայունությունը և մեզ համար անվտանգային սպառնալիքի բաղադրիչը հասկանալու համար ուշադրության են արժանի այլ հանգամանքներ. Նախիջևանում Թալիբովի անհատական իշխանությանը զուգահեռ վերջին երեսուն տարիներին հաստատվել և լրջորեն ամրապնդվել էր Իրանի ազդեցությունը, որը կտրականապես դեմ է Նախիջևանում Թուրքիայի ազդեցությունը հաստատելու ալիևյան ծրագրին: Իսլամական հանրապետության վճռականությունն այդ իմաստով հստակ տեսանելի էր դեռ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին, երբ հոկտեմբերի երկրորդ կեսին իրանական զորքերը զրահատանկային, հրետանային զինտեխնիկայով և կամրջակապ մեքենաներով տեղակայվել էին ադրբեջանական սահմանաի երկայնքով՝ անթաքույց սպառնալով, որ Զանգեզուրով ադրբեջանա-թուրքական զինուժի ճեղքման փորձը կանխվելու է ընդհուպ ցամաքային ինտերվենցիայով: Այս ամբողջ ընթացքում ադրբեջանա-իրանական հարաբերություններում դիտարկելի սրացումները, սահմանամերձ տարածքներում ուժի ցուցադրությամբ  զորավարժությունների անցկացումը, շպիոնական սկանդալները, վերջին օրերեին Բաքու-Նախիջևան ճանապարհի՝ իրանական տարածքով անցնող հատվածի արգելափակումը...


Ցանկը մեծ է և թերևս իմաստ ունի մանրամասնել առանձին գրառումով, իսկ հիմա անհրաժեշտ եմ համարում բավարարվել դիտարկումով, որ Արցախի, Զանգեզուրի և Նախիջևանի շուրջ զարգացումները փոխկապակցված են, պարունակում են տարածաշրջանային-աշխարհաքաղաքական մրցակցության ու պայքարի, այդ թվում՝  անվտանգային սպառնալիքներ մեր պետական-ազգային գոյությանը: Ակնհայտ է, որ իրավիճակն այս տեսանկյունից առաջիկայում կարող է զարգանալ սրացման միտումով, ինչն էապես մեծացնում է ռազմական էսկալացիայի ռիսկը և նոր պատերազմի հավանականությունը մեզ համար»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր