Խաղաղության հաստատումը կարող է լինել միջո՛ց, ոչ թե նպատակ
Ազգային ռազմավարություն է անհրաժեշտ, որը գրելու և կյանքի կոչելու համար պիտի ապահովենք ազգային մարտունակություն. դեկտեմբերի 25-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի 2-րդ տարեդարձին նվիրված հաշվետու միջոցառումը:
Ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն, քգթ, դոցենտ Աբրահամ Գասպարյանը ներկայացրեց հետպատերազմյան Հայաստանի ու Արցախի վերականգման բանաձևերը։
«Անվտանգ, տնտեսապես հզոր ու տեխնոլոգիապես զարգացած գալիք Հայաստանի ու Արցախի պետական շինարարությունը ենթադրում է սկզբունքային շիտակություն և պետությունը քայքայող երևույթների ու դերակատարների նկատմամբ չոր անհանդուրժողական մոտեցում: Այս իմաստով՝ իշխող խունտայի փոփոխությունը համարում ենք անհրաժեշտ հրամայական: Մեր կրեդոն իշխանության համար պայքարը չէ և չի եղել, այլ ազգակործան այս քաղաքականության որմնադիրների իշխանազրկմամբ անվտանգ, խելացի ու ժամանակակից զարգացած պետության ստեղծումը»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։
Ելույթի խոսքով հանդես եկավ նաև հիմնադրամի ՀԽ նախագահ Սամվել Վարդանյանը։
«Մեծ նպատակներն սկսվում են փոքր քայլերից. միմյանց թև-թիկունք լինելով կկարողանանք իրականացնել այն մեծ ու հավակնոտ ծրագրերը, որոնք շուտով փոխելու են Հայաստանի տեխնոլոգիական ու տնտեսական դիմագիծը: Տեխնոլոգիական ներդրումների ամենամեծ պորտֆոլիոն կազմող տեխնոպարկի կառուցումն ընթացքի մեջ է»,- ասաց Վարդանյանը։
Միջոցառման ընթացքում ցուցադրվեց ուղեղային կենտրոն/հիմնադրամի կատարած աշխատանքի մասին պատմող ֆիլմ, որին հաջորդեց խորհրդանշական իրերի աճուրդ՝ Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռագործ կարպետը, Հադրութի մանկապատանեկան կենտրոնի սաների՝ Կատարո վանքը պատկերող կտավը և հատուկ այս աճուրդի համար՝ Fakejian jewelry-ի 1 օրինակով պատրաստված, Մեծ Հայքի պատկերով արծաթե հուշամեդալը։
Աճուրդի ամբողջ հասույթն ուղղվելու է գալիք տարում Genesis Armenia-ի ծրագրերի իրականացմանը։
Genesis Armenia-ն, որպես ուղեղային կենտրոն, անցնող տարում անցկացրել է ավելի քան 6 տասնյակ խորքային հարցազրույց, տասնյակ բովանդակային ու մասնագիտական քննարկումներ, 2 տասնյակ գիտական ու վերլուծական հոդվածներ հրապարակել, իսկ որպես հիմնադրամ՝ շարունակել իր գաղափարախոսությունից, առաքելությունից, արժեքային համակարգից և տեսլականից բխող գործունեությունը։
Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։