Ամուսնուս կյանքը վտանգված է, դիմում եմ ամբողջ աշխարհին. Վիգեն Էուլջեքջյանի կնոջ ահազանգը          Տեսանյութ.Թուրքիայում նորից մոլեգնում են անտառային հրդեհները       Բաքվում պահվող հայ գերիների շրջանում եղել են ինքնասպանության փորձեր. «Ազատություն»    

09 հուն 2023 14:36

Կլինեն տեղայնացված, պրոքսի և հիբրիդային պատերազմներ.խաղաղության օրակարգի իրացումը բարդանում է

2022թ.-ի աշխարհաքաղաքական զարգացումների շուրջ Radar Armenia-ն զրուցել է Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Շահան Գանտահարյանի հետ։


-Հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս մարտահրավերները՝ ինչպիսի՞ տարի էր 2022-ը։


-2022-ը աշխարհում հատկանշվեց Ուկրաինայի պատերազմով։ Սա ՌԴ-Ուկրաինա պատերազմ էր՝ տեսքով, ըստ էության, սակայն, Արևմուտք-ՌԴ պրոքսի պատերազմ՝ ուկրաինական տարածքների վրա։ Այս պատերազմից բխած ծանրագույն հետևանքներն ազդեցին ամբողջ աշխարհի վրա, քանի որ սա աշխարհամարտի 21-րդ դարի տարբերակ է, որտեղ միջազգային հանրությունը պատերազմում է ՌԴ-ի դեմ։ Աշխարհը բաժանված էր ՌԴ-ի դեմ տնտեսական պատժամիջոցների կողմնակիցների և չմիացողների միջև։ Իհարկե, կան ածանցյալ խնդիրներ, բայց ամենահատկանշականը պատերազմն է։


-Միջազգային հարաբերությունների տեսանկյունից ի՞նչ ակնկալիքներ ունեք 2023-ից։ Աշխարհը խաղաղությա՞ն, թե՞ հակամարտությունների խորացման ճանապարհով կընթանա։


-Կլինեն տեղայնացված, պրոքսի և հիբրիդային պատերազմներ․ սա նոր աշխարհամարտի ձևաչափն է, որն արդեն ընթացքի մեջ է։ Հիբրիդայինի դեպքերում մեծ բաժին կտրամադրվի տնտեսականին՝ մրցակցությունների և պատժամիջոցների սուր բնույթներով։ Աշխարհը կգնա որոշ պետությունների մեկուսացումների, այլոց ապամեկուսացումների, շրջափակումների և ապաշրջափակումների ընթացքներով։ Չի կարելի միանշանակ խաղաղության կամ պատերազմի մասին կանխատեսել․ կլինեն համախառն իրավիճակներ, բևեռների բախման կետեր, որոշ կանգառներ՝ շահերի համատեղման երևույթներ։


-2023-ին նոր աշխարհակարգ կսահմանվի՞, թե՞ եղածը կվերափոխվի ու կնորոգվի։


-Բազմաբևեռայնությունը վերափոխվում է գերբևեռայնության, ինչը տարբեր է միաբևեռությունից։ Կան տարբեր բևեռներ, և կա գերբևեռ, որը աշխարհագրական տարբեր միջավայրերում ազդեցիկ գործոն է և կիրառում է պրոքսի պատերազմներով վերահսկելի քաոսներ ստեղծելու վարքագիծը։ Հավաքական Արևմուտքը ևս օգտագործվող տերմինաբանություն է, որը կառավարվում է գերբևեռի կողմից։ Չինական բևեռը մինչ այժմ տնտեսական է և չի ուզում աշխույժ ներգրավվել ռազմաքաղաքական գործընթացներին։ Իրավիճակը կփոխվի, երբ տնտեսական այս բևեռը կորոշի մուտք գործել ռազմաքաղաքական աշխարհաքաղաքականության հարթություն, և դա էապես կազդի աշխարհակարգի վերաձևավորմանը։


-Հնարավորություններ տեսնու՞մ եք, որ 2023-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կկնքվի, և այս իմաստով հարավային կովկասում իրադարձությունները մտահոգիչ զարգացում կստանա՞ն, թե՞ ընդհակառակը։


-Խնդիրը զուտ կախյալ չէ հակամարտության կողմերից։ Տարածաշրջանը, առավել ևս՝ Հարավային Կովկասը, Սյունիքը հայտնվել են աշխարհաքաղաքականության օրակարգի կիզակետերից մեկում։ Սյունիքի օրինակը կարող է պարզաբանել իրավիճակը։ Թուրք-ադրբեջանական դաշինքը փայփայում է «զանգեզուրյան միջանցքի» գաղափարը և շտապում այն բացել։ Իրանը կտրուկ դեմ է և վճռականություն է հայտնում հայաստանյան իր սահմանի կարգավիճակի պահպանման առումով։ Վաշինգտոնը ռուսական էներգիայի շրջափակման քաղաքականություն է վարում և այլընտրանքներ որոնում։ Վիեննայի բանակցությունները դրական ազդակներ են հաղորդում, և փոխվում է ԱՄՆ-Իրան հարաբերությունների լարվածության չափը։ Իրանի ապաշրջափակումը անցնում է Սյունիքով։ Այս բոլոր հանգամանքները մտածել են տալիս, որ խաղաղության օրակարգի իրացումը բարդանում է։ Դեռևս չկա աշխարհաքաղաքական կոնսենսուս։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր