Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

21 հուն 2023 11:55

ՀՀ-ն խնդիր ունի աշխարհաքաղաքական բախումների կիզակետում չհայտնվելու,կողմնորոշումներում պատեպատ չխփվելու և վստահելի գործընկեր համարվելու հարցում

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախորդ օրը զինվորների կեցավայրում բռնկված հրդեհը ծանր հարված էր առանց այն էլ բարդ հոգեբանական վիճակում գտնվող հանրության համար։ Եվ այդ ողբերգությունն ու դրա մանրամասների շուրջ քննարկումները, բնականաբար, երկրորդ պլան մղեցին այլ, այդ թվում՝ նախորդ օրը տեղի ունեցած մի շարք կարևոր իրադարձություններ ու հայտարարություններ։

Ի մասնավորի, Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը մի շարք ուշագրավ հայտարարություններ արեց իր ասուլիսի ընթացքում։ Նախ՝ նա, կարելի է ասել, պաշտոնապես ընդունեց, որ Լաչինի ճանապարհը փակել է պաշտոնական Բաքուն, իսկ բնապահպանները պարզապես շղարշ են, ինչն, իհարկե, պարզ էր ի սկզբանե։ Միաժամանակ ՌԴ արտգործնախարարից տեղեկացանք, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում է տեղի ունեցել, այնինչ այդ մասին որևէ պաշտոնական տեղեկություն չէր տրամադրվել հանրությանը, և մինչ այդ միայն մամուլում էին շշուկներ պտտվում նմանատիպ հանդիպման և ադրբեջանական կողմից ներկայացված պահանջների մասին։ Նաև ուշագրավ է, որ Լավրովը հույս հայտնեց, թե առաջիկայում հարցը կկարգավորվի։

Սա ակնարկ էր, որ ռուսական կողմի միջնորդական ջանքերի արդյունքում որոշակի համաձայնություններ են նախանշվում։ Քանի որ արդեն ավանդույթ է դարձել, որ Հայաստանի կենսական շահերը շոշափող հարցերի դետալների շուրջ ընթացող գործընթացների մասին հանրությունը տեղեկանում է այլ երկրների ներկայացուցիչների ելույթներից, ապա Լավրովի ելույթից նաև պարզ դարձավ, որ հայկական կողմը առաջ է քաշել Ադրբեջանի հետ սահման ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը՝ կայունություն ապահովելու նպատակով, սակայն դրա պարամետրերին վերաբերող փաստաթուղթը չի ընդունվել։

Ոչ հանիրավի կարծիքներ կան, որ Ռուսաստանը շատ մեղմ է արտահայտվում՝ խուսափելով դատապարտել Ադրբեջանի անընդունելի գործողությունները։ Անշուշտ, այդպես է: Սակայն նաև հասկանալի է, որ, ամբողջովին ներգրավված լինելով Ուկրաինայում ընթացող պատերազմի մեջ, Ռուսաստանը ցանկանում է ամեն կերպ խուսափել հարավային Կովկասում նոր լարվածության օջախի ստեղծումից և ռազմական էսկալացիայից։ Մյուս կողմից՝ պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, թե ինչպես են իրենց պահում Հայաստանի իշխանությունները, և ինչ է ուզում այս պարագայում Հայաստանը:

Լավրովը հայտարարեց, որ չնայած նրան, որ Հայաստանն իրենց դաշնակիցն է, ու ՀԱՊԿ առաքելությունն ամբողջությամբ պատրաստ է, հայկական կողմը Արևմուտք է շտապում և նախընտրում է պայմանավորվել Եվրամիության հետ, որպեսզի Հայաստանի սահմանին երկարաժամկետ հիմքով քաղաքացիական դիտորդների առաքելություն տեղակայվի։ Լավրովի ասուլիսից ընդամենը ժամեր անց թեմայի հետ կապված հայտարարություններ շտապեցին անել հավաքական Արևմուտքի մի շարք ներկայացուցիչներ, ընդ որում՝ զարմանալիորեն շատ ավելի կոշտ, քան նախկինում էր: Այս ամենը նորից հաստատում է աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների յուրատեսակ մրցակցությունը նաև մեր տարածաշրջանում։

Մրցակցության առկայությունն ինքնին գուցե դրական է, քանի որ Հայաստանի դերակատարությունը կարևորվում է: Սակայն էականն այս պարագայում արդյունքն է, քանի որ մրցակցությունն ավելի շատ արտահայտվում է «խանդի» տեսարաններով և տարածաշրջանից միմյանց դուրս մղելու ջանքերով, քան հիմնախնդրին լուծում տալու ձգտումներով։ Ըստ այդմ, կարևոր է, որ Հայաստանը կարողանա գտնել իր շահերին համապատասխանող դիրքորոշումը և դրանով առաջ ընթանա, այլ ոչ թե օրը մեկ դիրքորոշում փոխի, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Օրերս խորհրդարանում Փաշինյանը հայտարարեց, թե Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա պատրաստ են խաղաղության պայմանագիր ստորագրել, թեպետ մի քանի ամիս առաջ՝ նոյեմբերին, հավաստիացնում էր, թե պայմանագրի ռուսական տարբերակն արդեն ընդունել են։

Ու հետաքրքրական է, որ դրան հետևել էր Լավրովի արձագանքը, թե Պրահայից հետո Երևանն ուզում է, որ իրենք հաստատեն Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ռուսական առաջարկը, բայց դա մի փոքր բանակցությունների անցկացման օպերայից չէ, այլ օպերայից է։ Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագրի ռուսական և եվրոպական առաջարկությունների միջև էական տարբերություններ կան։ Եթե եվրոպական տարբերակում Արցախը պետք է ճանաչվի որպես Ադրբեջանի մաս, ապա ռուսական առաջարկների համապատասխան՝ Արցախի կարգավիճակը շարունակելու է առայժմ անորոշ մնալ, իսկ դրա ճշգրտումը թողնվում է ապագային։ Մի խոսքով, Հայաստանը խնդիր ունի աշխարհաքաղաքական բախումների կիզակետում չհայտնվելու, սեփական շահերը և այդ շահերն այլ միավորների շահերի հետ համադրելու, կողմնորոշումներում պատեպատ չխփվելու և վստահելի գործընկեր համարվելու հարցում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր