Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան          Մայիսի 2-ին և 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Մայիսի 2 -ին վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված ջուր չի լինելու հետևյալ հասցեներում    

18 փետ 2023 12:29

Հայաստանին կոչ են անում մտափոխվել, այլապես...Փարիզը, թաքնվելով Եվրամիության թիկունքում, զիջումների է գնում Երևանին

kommersant.ru-ն «Հայաստանին կոչ են անում մտափոխվել. ԵՄ առաքելությունը դեռ չի ժամանել հանրապետություն, բայց արդեն անհանգստացրել է Մոսկվային» վերնագրով հոդվածում գրում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության գոտում պատրաստվում են Եվրամիությունից դիտորդական առաքելության ժամանմանը։ Հիշեցնենք, որ այն ուղարկելու որոշումը վերջնականապես կայացվել է Բրյուսելում հունվարի 23-ին, իսկ բուն տեղակայումը պետք է սկսվի փետրվարի 20-ին։ Համենայնդեպս, CivilNet-ի հետ զրույցում այդպես է ասել Եվրախորհրդարանի պատգամավոր Նատալի Լոիզոն՝ հավելելով, որ առաքելության կազմում ընդգրկվելու է ութ ֆրանսիացի ժանդարմ։ Միևնույն ժամանակ, քանզի որպես եվրոպացիներին հրավիրող կողմ հանդես է եկել միայն Հայաստանը, դիտորդները կկարողանան աշխատել բացառապես նրա տարածքում, նրանք չեն մտնի Ադրբեջան, նաև՝ Ղարաբաղի հայաբնակ մնացած հատված։


Առայժմ առաքելությունը դեռ չի ժամանել, բայց դիվանագիտական ակտիվությունն ակնհայտորեն աճել է և՛ Երևանում, և՛ Բաքվում։ Անցած շաբաթվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցներ են ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդի հետ։ Իսկ ահա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևն անձամբ է այցելել այդ երկրների մայրաքաղաքներ։ Հետո Ալիևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Բացի այդ, փետրվարի 13-ին Երևան է այցելել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։


Հիշեցնենք, որ Հայաստանում շարունակում են խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի մասին, որը 2020 թվականի պատերազմից առաջ զբաղվում էր հակամարտության կարգավորմամբ, մինչդեռ Բաքուն, ԵՄ-ն և նույնիսկ Մոսկվան ընդունում են, որ այդ ձևաչափը դադարել է գոյություն ունենալ։ Այս բոլոր հանդիպումների ու զրույցների արդյունքների մասին մամուլի հաղորդագրությունները հնարավորինս չոր են հնչում։ Ընդհանուր շարքից առանձնանում են ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունները։ Նա հնարավորինս ուղիղ է արտահայտել Ռուսաստանի դիրքորոշումը: «Ընդհանուր առմամբ, պատմության մեջ Եվրախորհրդարանի, ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարցի, կոնֆլիկտային իրավիճակի խնդիր արդյո՞ք լուծվել է, նման օրինակներ չկան,- ասել է պարոն Վոլոդինը,- և նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական կառույցների ուղղությամբ, կարող են պարզապես կորցնել իրենց երկիրը: Ցանկացած ոք, ով ցանկանում է խաղաղություն, իրավիճակի կարգավորում, ոչ միայն պետք է հեռու մնա այդ քվազիխորհրդարանականներից, ԵԽԽՎ-ից, Եվրախորհրդարանից, այլ հստակ գիտակցի, որ նրանց ներգրավումը կսրի իրավիճակը, կվատթարացնի այն և ավելի ու ավելի նոր խնդիրներ կստեղծի»։


Նման կերպ պարոն Վոլոդինը պաշտպանել է այն միտքը, որն արդեն արտահայտել էր ՌԴ ԱԳՆ-ն, այսինքն՝ այն, որ ԵՄ դիտորդական առաքելությունը «հավել յալ արժեք» չունի, բայց կարող է նոր լարվածություն բերել առանց այն էլ անհանգիստ տարածաշրջան։ Ընդ որում, ընդգծենք, որ ո՛չ Եվրախորհրդարանը, ո՛չ ԵԽԽՎ-ն առնչություն չունեն առաքելության հետ, քանի որ դրա մասին որոշումը կայացրել են ոչ թե պատգամավորները, այլ ԵՄ երկրների արտգործնախարարությունների ղեկավարները։ Այնուամենայնիվ, Մոսկվայի ուղարկած ազդանշանն ակնհայտորեն ծառայել է իր նպատակին ու ամրապնդել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումը, և դա այն դեպքում, որ վերջին շրջանում նրանց միջև որոշակի տարաձայնություններ կային։ Օրինակ՝ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը հասկացրել է, որ Բաքուն կիսում է Մոսկվայի դժգոհությունը։


«Ինչո՞ւ է պետք նման առաքելություն, հատկապես երկու տարով։ Եզրակացությունն ինքնին այն է, որ Երևանը մտադիր է առնվազն երկու տարով հետաձգել բանակցությունները խաղաղության պայմանագրի կնքման և սահմանի սահմանազատման շուրջ, իսկ Փարիզը, թաքնվելով Եվրամիության թիկունքում, զիջումների է գնում Երևանին», - kommersant. ru-ին ասել է Մուսաբեկովը։ Հիշեցնենք, որ մինչև 2022 թվականի վերջը Ադրբեջանը թեքվում էր դեպի եվրոպական, այլ ոչ թե ռուսական խաղաղության պայմանագրի նախագիծը։ Ամեն ինչ փոխվեց այն բանից հետո, երբ Պրահայում կայացած բանակցություններում խաղի մեջ մտավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։


Դրանից հետո Երևանը սկսեց պնդել, որ նա մասնակցի բանակցությունների հաջորդ փուլերին, ինչը Ադրբեջանում անընդունելի համարվեց։ «Այդ թեման Ռուսաստանի կողմից է բարձրացվում երկու ճգնաժամերի ֆոնին, - kommersant.ru-ի հետ զրույցում հետխորհրդային տարածքում Մոսկվայի դիրքորոշման մասին կարծիք է հայտնել Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը,- առաջին հերթին Ուկրաինայի տարածքում Արևմուտքի և Ռուսաստանի կատաղի դիմակայության պայմաններում Մոսկվան մեծ խանդով է արձագանքում հետխորհրդային տարածքում Արևմուտքի հետ ցանկացած գործընթացի, երկրորդ հերթին խոսքը հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին է. այդ հարաբերություններում կուտակվել են բազմաթիվ խնդիրներ, որոնք պարբերաբար հրապարակային են դառնում»։Միաժամանակ, փորձագետի կարծիքով, Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը չի կարող ազդել եվրոպական առաքելության տեղակայման հեռանկարների վրա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր