Ինչո՞ւ է Ucom-ը միակողմանի բարձրացրել ծառայությունների սակագինը. ահազանգում են բաժանորդները
Ucom բջջային օպերատորի բաժանորդները վերջին շրջանում բողոքում են ընկերության ծառայությունների թանկացումներից։
Բաժանորդ, Լրագրող Նատալյա Օգանովայի փոխանցմամբ՝ բջջային կապի ծառայություններ մատուցողը միակողմանի բարձրացրել է բաժանորդային սակագինը 100 և ավելի դրամով։
«Սպառողների պաշտպանության միություն, ՀԾԿՀ և նրանց նմանները՝ որտե՞ղ եք»,-ֆեյսբուքում նշել է Օգանովան։
Հիշեցնենք, որ ըստ ընկերության հայտարարության՝ ս․թ․ մարտի 2-ից Ucom շարժական կապի ծառայության Level Up կանխավճարային սակագնային պլանների նոր և առկա բաժանորդները կօգտվեն ծառայությունից փոփոխված ամսավճարով` պահպանելով ներառումների ամբողջական ծավալը։
«Փոփոխությունն արվել է ցանցի շարունակական արդիականացման և մատուցվող ծառայությունների բարձր որակի պահպանման անհրաժեշտությունից։ Մասնավորապես Level Up 1700 և Level Up 1700 Մարզային կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն այսուհետ կվճարեն ամսական 1800 դրամ նախկին 1700-ի փոխարեն։
Իսկ Level Up 2700, Level Up 4700 և Level Up 8700 կանխավճարային սակագնային պլանների օգտատերերը կստանան իրենց սակագնային պլաններով նախատեսված բոլոր ներառումները՝ ամսական վճարելով համապատասխանաբար 2900, 4900 և 8900 դրամ»,-ասվում է «Յուքոմ» ընկերության հայտարարության մեջ։