Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել Սոլովյովի հաղորդումները       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

04 հուն 2022 13:07

Նոր տարի, նոր թանկացումներ․ ի՞նչ է փոխվել քաղաքացիների համար հունվարի 1-ից

Հարկային ու մաքսային դրույքաչափերի փոփոխություններ

Եկամտահարկ

Հունվարի 1-ից հարկային օրենսդրության նոր կարգավորումներ են ուժի մեջ մտել, որոնք ազդեցություն են ունենալու քաղաքացիների սոցիալական իրավիճակի վրա։

Մասնավորապես, աշխատող քաղաքացիների աշխատավարձից գանձվող եկամտային հարկի դրույքաչափը կնվազի 1 տոկոսային կետով՝ 22%-ի փոխարեն դառնալով 21%։ Սա նախատեսված էր Հարկային օրենսգրքի՝ 2019թ․ հունիսի 25-ին Ազգային ժողովի կողմից ընդունված փոփոխություններով, որով մեկնարկեց եկամտահարկի համահարթեցումը, որպեսզի աշխատող բոլոր քաղաքացիները հարկվեն հավասար դրույքաչափով։ Ըստ օրենսդրական գործող կարգավորման՝ 2023թ․ հունվարի 1-ից եկամտահարկի դրույքաչափը կնվազի եւս մեկ տոկոսային կետով, եւ կսահմանվի համահարթեցված վերջնական դրույքաչափը՝ 20%:            


Սոցիալական վճար

Հունվարի 1-ից, սակայն, փոխվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն աշխատավարձից վճարվող սոցիալական վճարի դրույքաչափը։ Եթե 2021թ․ հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ներառյալ ամսական մինչեւ 500 000 դրամ աշխատավարձ ստացողները կուտակային կենսաթոշակի համար վճարում էին 3․5%, իսկ 500 000 դրամից ավելի ստացողները՝ 10 %-ի և 32500 դրամի տարբերության չափով, ապա 2022թ․ հունվարի 1-ից վճարելու են ավելի շատ՝ մինչեւ 500 000 դրամ աշխատավարձի դեպքում՝ 4․5%-ի, դրանից ավելի դեպքում՝ 10 %-ի ու 27500 դրամի տարբերության չափով։ Կուտակային վճարը, 2020թ․ դրությամբ, աշխատավարձի 10 տոկոսի չափով էր, որից 2,5 տոկոսը վճարում էր քաղաքացին, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերակցությունը սկսեց փոխվել 2021 թ-ի սկզբից, երբ անհատի մասնաբաժինն ավելացավ՝ դառնալով 3,5 տոկոս։ Այս տարվա հունվարի 1-ից քաղաքացիների աշխատավարձից կուտակային կենսաթոշակի համար գանձվելու է 4,5 տոկոսը։ Եկող տարվանից քաղաքացու եւ պետության մասնաբաժինները կուտակային բաղադրիչում հավասարվելու են՝ դառնալով 5-ական տոկոս։

Դրոշմանիշային վճար

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար փոխանցվող դրոշմանիշային վճարների դրույքաչափերը նույնն են մնալու։

Ֆիզիկական անձանց դեպքում գործելու են հետեւյալ դրույքաչափերը․

Մինչև 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 1500 դրամ

100 001-ից մինչև 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 3000 դրամ

200 001-ից մինչև 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 5500 դրամ

500 001-ից մինչև 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 8500 դրամ

1 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 15 000 դրամ

Անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների դեպքում գործում են այս դրույքաչափերը․

Մինչև 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում ՝ 18 000 դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 36 000 դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 66 000 դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում՝ 102 000 դրամ

12 000 001 դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում՝ 180 000 դրամ:


Ակցիզային հարկ

Հունվարի 1-ից բարձրանալու են մի շարք ապրանքատեսակների ակցիզային հարկի դրույքաչափերը, ինչը հանգեցնելու է դրանց վերջնական գների թանկացմանը։

Մասնավորապես․

Էթիլային սպիրտ (100 %-ոց)․ 1 լիտրը` 1020 դրամով (3380-ից կդառնա 4400 դրամ),

Սպիրտային խմիչքներ․ 1 լիտրը` 610 դրամով (2030-ից 2640 դրամ),

Ծխախոտ` 1000 հատը․1 660 դրամով (11070-ից 12730 դրամ)։

Որոշ ապրանքատեսակների ակցիզային հարկը հաշվարկվում է հարկի հաշվարկման գործակցի կիրառմամբ, որն այս հունվարի 1-ից ավելացել է 0.03-ով՝ 1.03-ից դառնալով 1.06։


Ներմուծման մաքսատուրքեր

Բարձրանալու են նաեւ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը։ Հայաստանը, 2014 թ-ին անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, միացավ նաև միասնական մաքսային սակագներին, բայց տնտեսության վրա մաքսատուրքերի բարձրացմամբ պայմանավորված բացասական ազդեցությունը  հնարավորինս մեղմելու նպատակով 5 տարուց ավելի անցումային ժամանակահատված վերցվեց՝ հիմնականում սպառողական զամբյուղում ներառված առավել կարևոր ապրանքների համար: Այդ ապրանքային խմբերի մի ստվար հատվածի համար անցումային ժամանակահատվածն ավարտվեց 2020 թ-ին, երբ հունվարի 1-ից մաքսատուրքերը բարձրացան մոտ 900 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 10-նիշ դասակարգմամբ ապրանքատեսակների մասով, որոնցից 293-ը տրանսպորտային միջոցներն են: Մաքսատուրքերը, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 4-րդ հավելվածի համաձայն, աճել են նաեւ 2021թ-ին, իսկ 2022թ․ հունվարի 1-ից ամբողջությամբ անցում է կատարվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերին՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ երկրների ներմուծվող ապրանքների պարագայում։

Այսպես, եթե տավարի սառեցված մսի ներմուծման մաքսային դրույքաչափը 2019թ․ 12.5% էր, ապա 2020թ․ այն աճել էր 2․5 տոկոսային կետով՝ հասնելով 15%-ի, 2021թ․ ավելի էր աճել՝ դառնալով 25%, իսկ այս տարվա հունվարի 1-ից արդեն աճել է եւս 25%-ով։ Նույն տրամաբանությամբ այս տարեսկզբից ներմուծվող ընտանեկան թռչքնի մսի մաքսատուրքն աճել է 30%-ով, բրնձինն ու մարգարինինը` 2%-ով, կարտոֆիլի սերմացուն եւ լոբու սերմը՝ 1%-ով։ Աճելու են նաեւ թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի մաքսատուրքերը՝ 1-5%-ի սահմաններում, արծաթի մաքսատուրքը՝ 5%-ով, ոսկունը` 3-6%-ով։

Այս եւ այլ ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերի՝ որոշ դեպքերում զգալի բարձրացման պատճառով դրանց՝ Հայաստանում վաճառիք վերջնական արժեքը բարձրանալու է։
 

Ջրի, էլեկտրաէներգիայի, գազի սակագներ

Թանկանացել են նաեւ կոմունալ ծառայությունները․ խմելու ջուրը հունվարի 1-ից արդեն իսկ թանկացել է 20.47 դրամով` 180 դրամից դառնալով 200.47 դրամ սովորական սպառողների համար․ սոցիալապես անապահով անձանց համար սակագինը մնացել է անփոփոխ։

Փետրվարից մեկից թանկանալու է նաեւ էլեկտրական հոսանքը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ 2021թ․ դեկտեմբերի 29-ի որոշման համաձայն՝ ամսական մինչև 200 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 46.48 դրամ, գիշերայինը՝ 34.98 դրամի փոխարեն՝ 36.48 դրամ: Ամսական 201-400 կՎտժ սպառում ունեցող բնակիչների համար ցերեկային սակագինը գործող 44.98 դրամի փոխարեն կդառնա 48.48 դրամ, գիշերային սակագինը գործող 34.98 դրամի փոխարեն՝ 38.48 դրամ: Իսկ 400 կՎտժ-ից ավել սպառում ունեցողների համար ցերեկային սակագինը գործող 47.98 դրամի փոխարեն կդառնա 53.48 դրամ, գիշերային սակագինը՝  գործող 37.98 դրամի փոխարեն՝ 43.48 դրամ: Հոսանքի գինը նույնը կմնա սոցիապես անապահով խավերի համար։ Բնակիչների համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային 35 դրամ սակագինը։

Հոսանքի թանկացման հիմնական պատճառներից են ատոմակայանի արդիականացման համար վերցված 270 միլիոն դոլարի վարկային բեռն ու ռուսական «Գազպրոմ» ընկերության նկատմամբ չկատարված պարտավորությունները։ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ դեռեւս 02.12.2013թ. ստորագրված «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով հայկական կողմը պարտավորվել էր ապահովել «Հրազդան» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ռուսական «Գազպրոմ» ընկերության կատարած ներդրումների վերադարձը եւ համապատասխան եկամտաբերության ներքին նորմա, մինչդեռ ընկերության կատարած ներդրումները ոչ միայն hետ չեն գնվել, այլեւ կայանի վերակառուցման համար ներգրավված վարկային պարտավորություններն ավելացել են։

Առաջացած խնդրի շուրջ ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ շուրջ 2 տարի տեղի ունեցած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10 տարվա ընթացքում՝ սկսած 01.02.2022թ․-ից, ապահովել «Հրազդան-5» կայանի բնականոն գործունեությունը՝ հզորության վճարի տեսքով ընկերությանը տրամադրելով տարեկան 31.79 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական միջոցներ։ Միեւնույն ժամանակ, նշված պայմանավորվածությունների շրջանակում հնարավորություն է ստեղծվում առաջիկա 10 տարիների ընթացքում ունենալ ՌԴ-ից բնական գազի ներկրման կայուն գին՝ 7900 կկալ/խմ ստորին ջերմատվության պայմաններում 165 ԱՄՆ դոլար/հազար խմ (գնի փոփոխություն տեղի է ունենում փաստացի կալորիականության հաշվառման մեխանիզմի ներդրման արդյունքում)։ Այսինքն, ներմուծվող գազի գինը սահմանին նույնն է մնալու, բայց կալորիականությամբ հաշվարկման արդյունքում կարող է այն թանկանալ վերջնական սպառողների համար։

Ուժի մեջ են մտնում ծխելն արգելող օրենսդրական կարգավորումները

Դեռևս 2020 թվականի փետրվարի 13-ին ընդունված օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ հունվարի 1-ից արդեն արգելված է ծխախոտային որևէ արտադրատեսակի՝ ավանդական ծխախոտի, էլեկտրոնային (տաքացվող) ծխախոտի, հեղուկների հիմքի վրա նիկոտանային արտադրատեսակի (վեյպ), նիկոտինի մատակարարման էլեկտրոնային սարքերի հրապարակային ցուցադրությունը վաճառքի կետերում և հանրային սննդի օբյեկտներում։

Նաև արգելված է վերոնշյալ որևէ արտադրանքի իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց (այդ թվում՝ դրանց դատարկ կամ մեծացրած չափսերով տուփերի, բլոկների, ապրանքային նշանն իմիտացնող գունային պաստառների) կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրումը:

Իսկ այս տարվա մարտի 15-ից հանրային սննդի բոլոր օբյեկտներում (փակ և բաց) ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը կարգելվի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր