Հայ գերիներն Ադրբեջանում. ահաբեկիչնե՞ր, պատանդնե՞ր, թե՞ առեւտրի առարկա. ВВС
![](https://gdb.rferl.org/f14e5573-caa8-40ed-b225-80b0f7cc40eb_w1023_r1_s.jpg)
ВВС-ն հիշեցնում է, որ 2021թ. ամռանը Բաքվի դատարանը 13 հայ ռազմագերիների դատապարտել է վեց տարվա ազատազրկման։ Նրանց մեղավոր են ճանաչել ահաբեկչության, զենքի ապօրինի պահման եւ կրման, սահմանի ապօրինի հատման, ինչպես նաեւ «զինված կազմավորումներ» ստեղծելու մեջ։ Ապակե վանդակում դատավճիռը լսել են զինվորականները, որոնց շրջապատել եւ կալանավորել են 2020թ. նոյեմբերի վերջին՝ արդեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո։ Նրանք կանգնած էին Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Հինթաղլար (Հին Թաղեր) գյուղում։ Այս գյուղը կարեւոր կետ է քարտեզի վրա, որը պատերազմի ժամանակ վերագծվում էր ամեն օր։ Ադրբեջանական բանակը ճակատի գիծը հետ է քաշել ընդհուպ մինչեւ Հինթաղլար։ Երբ մարտերն ավարտվեցին, գյուղը հայտնվեց «գորշ գոտում»։ Թե ով էր վերահսկում Հինթաղլարը՝ հասկանալի չէր։ Ղարաբաղ մտած ռուս խաղաղապահները կարծում էին, որ գյուղում ադրբեջանցիներ են, ուստի ռուսները դիտակետեր դրեցին Հինթաղլարից 15 կիլոմետրի վրա։ Այս որոշմանը Բաքվում համաձայն էին, բայց Հայաստանը կարծում էր, որ քանի որ գյուղը չի վերցվել, այն պատկանում է Լեռնային Ղարաբաղի իշխանություններին։ Արդյունքում՝ գյուղի մոտի անցակետում շարունակում էին փոխատեղվել հայ զինծառայողները։ Անորոշությունը տիրում էր մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածքում, դժվարանցանելի տեղանքում, որտեղ անընդհատ կորում էր հեռախոսակապը։