Հազվագյուտ երևույթ.Կնոջ մահվան պատճառ է դարձել օրգանիզմում 9 տարի քարացած պտուղը

Ծնունդով Կոնգոյից մի կին Նյու Յորքում դիմել է բժիշկների՝ ստամոքսի կծկումների գանգատներով։ 50-ամյա կնոջ օրգանիզմում հայտնաբերել են լիտոպեդիոն ՝ արգանդում մահացած և քարացած երեկա, որն իրենից կալցիֆիկացված պտուղ է ներկայացնում։
Այս հազվագյուտ երևույթը գրանցվել է շուրջ 300 մարդու մոտ, առաջին անգամ Ֆրանսիայում՝ 1582 թվականին։ Պտուղը կարող է կալցիֆիկացվել՝ մեռնելով արտարգանդային հղիության ժամանակ։ Որոշ դեպքերում կանայք տասնամյակներ շարունակ կրում են պտուղը՝ առանց իմանալու:
Հիվանդը հրաժարվել է բուժումից։ Նա ի վերջո մահացել է թերսնուցումից, որն առաջացել էր այն պատճառով, որ պտուղն արգելափակել էր նրա բարակ աղիքը:
Մահը կարող է առաջանալ սրտի կանգի կամ առիթմիայի պատճառով՝ հյուսվածքների դեգրադացիայի պատճառով: Նաև թերսնուցումը կարող է հանգեցնել մահացու վարակի։
Երիտասարդ տարիքում հակամարտությունների պատճառով կինը երկու անգամ ստիպված է եղել լքել հայրենի վայրերը ՝ սկզբում Կոնգոյից տեղափոխվելով Բուրունդի, իսկ հետո՝ Տանզանիա։ Տանզանիայում նա բնակություն է հաստատել և բնական ճանապարհով ութ երեխա է լույս աշխարհ բերել։ Երեքը մահացել են ծննդաբերությունից անմիջապես հետո։ Իր իններորդ հղիության ընթացքում նա այցելել է փախստականների ճամբարի կլինիկա՝ հղիության 28-րդ շաբաթում նկատելով, որ իր երեխան այլևս չի շարժվում:
Բժիշկները նրան ասել են, որ երեխայի սիրտը չի բաբախում, և խորհուրդ են տվել նրան վերադառնալ երկու շաբաթ անց, եթե վիժում չլինի: Մի անգամ կլինիկայից դուրս նրան դիմավորել էին մարդիկ, ովքեր նրան մեղադրել էին երեխային սպանելու մեջ։ Դա հանգեցրել էր նրան, որ մայրը որոշել էր այլևս չդիմել բժշկական օգնության: Այնուհետև նա ինը տարի մահացած պտուղ է կրել և չի շփվել բժիշկների հետ։
ԱՄՆ-ում բժիշկները նրան համոզել են հակաբիոտիկներ և դեղամիջոցներ ընդունել զարկերակային ճնշումն իջեցնելու համար։ Բայց նա շարունակում էր հրաժարվել վիրահատությունից։ Ընդունելություններից մեկին նա ասել է, որ պարզապես բուժման ցանկություն չունի։ Կինը մահացել է ԱՄՆ ժամանելուց մոտ 14 ամիս անց։