«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

15 մար 2023 10:33

Ադրբեջանը սկսել է վերջնագրերով խոսել Ստեփանակերտի հետ․ Միջազգային դատարանը որոշում է ընդունում, իսկ նրանք ասում են՝ թքած ունենք․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Ալիեւը, թերեւս ոգեւորվելով նաեւ Նիկոլի այն տեսլականից, թե արցախահայությունը պետք է բանակցի Ադրբեջանի հետ, սկսել է վերջնագրերով խոսել Ստեփանակերտի հետ` պահանջելով «ինտեգրացվել»: Այն է` կա՛մ պետք է ընդունեն «ինտեգրացիոն քաղաքականություն» կոչվածը, կա՛մ լինելու են ավելի կոշտ եւ կտրուկ քայլեր: Ինչպե՞ս եք գնահատում այս հռետորաբանությունը, եւ ի՞նչ զարգացումներ են հնարավոր, հարցրինք Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին, ով նախ նկատեց.




— Ադրբեջանի հռետորաբանությունը որեւէ ձեւով չի փոխվում: Սա պարզ ձեւով ցույց է տալիս, որ Ադրբեջանն իր նպատակներից չի հրաժարվել ու չի հրաժարվելու, շարունակելու է ծավալապաշտական քաղաքականությունը:


Ի՞նչ ինտեգրացիայի մասին է խոսքը: Ինտեգրացիան ունի իր կանոնները, եւ որպեսզի դա լինի, նախ` այն պետք է լինի կամավոր: Այսինքն, չի կարող մի կողմը մյուսին պարտադրել ինտեգրացիա, եթե այդ մյուս կողմը չի ուզում նման բան: Բացի դրանից, կողմերը մեկը մյուսի հետ պետք է լինեն լիահավասար: Եթե կա կամավորության ու լիահավասարության սկզբունք, կարելի է քննարկել:


Արցախի պարագայում կամավորության սկզբունք գոյություն ունի՞. ո՛չ: Մենք չենք ուզում ինտեգրացիա: Հավասարության սկզբունք գոյություն ունի՞. ո՛չ: Իրենք համարում են, որ մենք ընդհանրապես պետություն էլ չենք:


Բացի դրանից, ինտեգրացիա սովորաբար լինում է բարիդրացիական հարաբերություններ ունեցող հարեւանների միջեւ: Ունե՞նք մենք այդ հարաբերությունները, իհարկե` ո՛չ: Հետեւաբար, այս ամենը ոչ այլ ինչ է, քան գաղութատիրական, ցեղասպան քաղաքականություն: Աշխարհը պետք է վերջապես կիսատ-պռատ խոսքերից անցնի գործի: Իրավիճակն այնպիսին է, որ մի ողջ ժողովուրդ ցեղասպանության եզրին է կանգնած, եւ սա կարծես թե բոլորի համար սովորական է, ինչ է եղել որ:


— Առհասարակ, Ստեփանակերտ-Բաքու շփումներն ինչ-որ արդյունք կունենա՞ն:


— Նախեւառաջ, ձեւաչափը պետք է հստակեցվի: Գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված ձեւաչափ, եթե այդ ձեւաչափը միջազգայնացվում է՝ դա մի հարց է: Ադրբեջանն ուզում է այդ ոչ պաշտոնական շփումները վերածել «ներադրբեջանական երկխոսության», այսինքն՝ «աբորիգեն ապստամբները» ներողություն են խնդրում Ադրբեջանից, ասում են՝ մենք սխալ էինք, աղաչում, պաղատում են, որ իրենց ներեն: Սա է իրենց մոտեցումը: Մեր մոտեցումը, սակայն, համապարփակ կարգավորումն է՝ հավասարը հավասարի հետ: Այս իրավիճակում, երբ մենք թույլ ու մասնատված ենք, ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը գնալո՞ւ է նման քայլի: Հետեւաբար, իրենց ցանկություններն ու տեսական մոտեցումները պետք է իրականությունից տարանջատենք:


Մենք տեսանք, որ Բաքու-Ստեփանակերտ հումանիտար եւ տեխնիկական քննարկումից հետո Ադրբեջանն Արցախում ահաբեկչություն իրականացրեց, որին զոհ գնաց երեք ոստիկան, որոնք Վիզաների վարչությունից էին, այսինքն՝ որեւէ կապ չու- նեին Զինված ուժերի հետ: Դրանից հետո նաեւ փակել են գազամատակարարումը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական քաղա- քականությունը, իսկ աշխարհը լուռ ու կույր է, եթե չասենք՝ առհասարակ անտարբեր է: Ինչպե՞ս է ստացվում, որ աշխարհն այս կամ այն վայրում որեւէ իրադարձություն տեղի ունենալուց, եթե իր շահերից է բխում, բարձրաձայնում է, այս մեկին ասում է՝ ագ- րեսոր է, այն մեկին՝ այլ բան: Ադրբեջանն ամբողջ աշխարհի առջեւ կոտորած է իրականացնում, Միջազգային դատարանը որոշում է ընդունում, իսկ Ադրբեջանն ասում է՝ թքած ունեմ: Ավելին՝ Եվրոպան Ադրբեջանին հայտարարում է իր ռազմավարական գործընկերը»:


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր