Բոլորը հոգնել են հայ-ադրբեջանական պատերազմից,ԱՄՆ-ն կօգնի ՀՀ-ին և Ադրբեջանին լուծել տարածքային վեճը, ԼՂ-ն էլ կլինի Ադրբեջանի կազմում․ Գորդոն
Ուկրաինացի հայտնի լրագրող, հաղորդավար, «Գորդոն» առցանց հրատարակության հիմնադիր Դմիտրի Գորդոնը համոզված է, որ ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին և Ադրբեջանին լուծել տարածքային վեճը, և, ի վերջո, այս իրավիճակում պարտվողներ չեն լինի։
Գորդոնը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև՝ Վաշինգտոնում այս շաբաթ տեղի ունեցած բանակցություններն անվանել է «փայլուն պատմություն»։
«Ես երկար եմ խոսել այս մասին։ Ես խոսեցի այն մասին, որ ԱՄՆ-ն ի վերջո ստանձնելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդությունը։ Դա տրամաբանական քայլ էր, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կա հսկայական հայկական համայնք։ Նրանք այնտեղ լավ են ապրում, շատ հարուստ մարդիկ են, կշիռ ունեն ամերիկյան իսթեբլիշմենթում։ Բացի այդ, այնտեղ մեծ մահմեդական համայնք կա, իսկ Թուրքիան լոբբինգ է անում Ադրբեջանի համար, մենք դա գիտենք»,- ասել է լրագրողը։
Գորդոնն ընդգծել է, որ «բոլորը հոգնել են հայ-ադրբեջանական պատերազմից»․ այս մասին, ըստ լրագրողի, նրան ասել են երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչները։
«Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շատ բարձրաստիճան քաղաքական գործիչները (ասեմ առանց ազգանունների) մասնավոր զրույցներում ասում էին. «Մենք վաղուց պայմանավորված կլինեինք, եթե չլիներ այս անիծյալ Ռուսաստանը»,- պատմել է Գորդոնը։
Նրա կարծիքով, հակամարտությունն ի վերջո կլուծվի 1991 թվականի սահմաններում Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ։
«Ղարաբաղը կրկին, ինչպես խորհրդային տարիներին, կլինի Ադրբեջանի կազմում։ Ղարաբաղի հայերը կստանան բոլոր իրավունքները, կստանան շքեղ տնտեսություն։ Ադրբեջանը մեծ գումարներ կներդնի Ղարաբաղի զարգացման համար։ Ղարաբաղում ապրող հայերի համար շատ պատվաբեր ու հիասքանչ կդառնա Ադրբեջանի քաղաքացի լինելը` հայ մնալով և պահպանելով իրենց հայկական ինքնությունը։ Իսկ Ղարաբաղում ապրող հայերը կուրախանան տնտեսական աճով և իրենց ֆինանսական հնարավորություններով»,- համոզմունք է հայտնել ուկրաինացի լրագրողը։
Հայաստանը, նրա կարծիքով, այս հակամարտությունում պարտվող կողմը չի լինի, քանի որ, ինչն ամենակարեւորն է, կկարողանա դուրս գալ Ռուսաստանից իր արատավոր կախվածությունից։