Խաղաղությունը կկնքվի Ալիևի սկզբունքներո՞վ. ռուս փորձագետ          Տեսանյութ.ԵՊՀ-ում դասադուլ է․ ուսանողները կոչ են անում միանալ պայքարին       Հրապարակում հավաքված ղարաբաղցիները կտրուկ քայլեր են պահանջում, այլապես...    

09 մայիս 2023 11:30

30 տարի անգամ չկարողացանք պահել՝ նախագահներ և վարչապետներ, նախարարներ և գեներալներ... Շատ էինք մեծամիտ ու բարձրագոչ, ագահ ու որկրամոլ, կարճատես ու ինքնահավան...

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը եռատոնի առթիվ տարածել է խոսք, որտեղ ասված է.


«Շուշին հայրենիք է, և հավերժող։


Փա՛ռք նրա ազատագրողներին, շեն-օջախ դարձնողներին, կենսավիշ տվողներին ու պաշտպաններին։


Երեսուն տարի անգամ չկարողացանք պահել՝ նախագահներ և վարչապետներ, նախարարներ և գեներալներ, պաշտոնյաներ հայրենի և սփյուռքահայ։


Շատ էինք մեծամիտ ու բարձրագոչ, ագահ ու որկրամոլ, կարճատես ու ինքնահավան՝ ազգային իրավունքի և պետական շահի պատասխանատվությամբ վստահված անարժան դրոշակակիրներ։


Ոսկետղերքը, այո՛, իրենց ամեն ինչը, անգամ կյանքը տվեցին անհավասար մարտում։ Հանուն իրենց նահատակության, ինչպես նաև հայոց քաղաքակրթության արևելյան բերդաքաղաքի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ հարկ է արձանագրել հետևյալը․


ա. Շուշին մեր Հայրենիքն է, հավերժական է, վաղ թե ուշ՝ մեր իսկ վերաշտկման և ինքնահաղթահարման հետ մեկտեղ վերադառնալու է:


բ. Բոլոր հանցավոր մարդիկ՝ զինվորական, թե քաղաքացի, պետք է քրեական պատասխան տան Շուշիի հանձնման ու բոլոր կանխելի զոհերի համար, և առաջին հերթին՝ այդ ընթացքում գործող գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ։


գ. Արցախի Հանրապետությունը՝ Շուշին, Հադրութը, Շահումյանը և մնացյալն էլ հետը, 1991 թվականին արդեն իսկ իրագործել էր ինքնորոշման իր իրավունքն ու դարձել ինքնիշխան պետություն՝ համաձայն գործող խորհրդային օրենսդրության և Պետությունների իրավունքների ու պարտականությունների մասին Մոնտեվիդեոյի դաշնագրի (1933)։ Դա ոչ մի առնչություն չուներ և չի կարող ունենալ վերոհիշյալ ենթադրյալ մեղապարտի մատնանշած՝ Մադրիդյան սկզբունքների, Ալմա-Աթայի հռչակագրի և/կամ այլ՝ թեկուզ խիստ թերի փաստաթղթերի վրա իր կատարած անհեթեթ հղումների հետ, որոնք ընդամենը Հայաստանի Հանրապետության բոլոր անցողիկ կառավարությունների աշխատանքային ձևակերպումներ էին:


դ. Մինչ Շուշիի հանձնման մեղավորները կկանգնեն հայոց արդարադատության առջև և խստագույնս կպատժվեն, իրենց թշնամի-բարեկամ զույգերը (դատաքննությունը պետք է դա պարզի), Ադրբեջանի բռնակալի գլխավորությամբ, հարկ է կանգնեն միջազգային քրեական ատյանի առջև՝ պատերազմական հանցագործությունների ու մարդկության դեմ բազմաթիվ փաստագրված հանցագործությունների համար:


ե. Իրական, իմաստալից, հեռանկարային խաղաղության պայմանագիր բացառվում է այս երկու անձանց իշխանավարման շարունակման պարագայում։ Նրանք՝ հերթով, թե զուգընթացաբար, պետք է իշխանազրկվեն և դատվեն՝ ըստ արժանվույնս ստանալով օրենքի տառին համապատասխան իրենց հասանելիք պատիժը:


Շուշին, Մասիսը, Արագածը, մեր մյուս սրբությունները՝ որպես անսահման և միացյալ կամքի ու հանձնառության աղբյուր, որպես բոլորիս Հայրենիքի մի անգին մասունք, պետությունն ամբո՛ղջը, չպետք է թույլ տանք, որ քանդեն ներսից ու դրսից:


Պետք է կասեցնենք մի չար ձեռամբ կատարվող այս խելացնոր գահավիժումը: Հիմա և միասին»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր