Հեռացնել այդ գրառումները և կատարել հերքող հրապարակումներ, պատիժը խիստ է լինելու.Սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ
![](https://st1.oragir.news/material-main-images/2023/06/28/9f4e6a8b5f9834dffd57b6ff5e4dbd1b_1687970498.jpeg)
«Այդ դեպքի կապակցությամբ սոցցանցերում սկսել են շրջանառվել կեղծ տեղեկություններ՝ խախտելով ս.թ. մայիսի 26-ին ԱՀ Նախագահի ստորագրած ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին հրամանագրի դրույթները:
Այդ դրույթների համաձայն, մասնավորապես, արգելվում են տեղեկատվության որևէ միջոցով Արցախի Հանրապետության պաշտպանունակության, անվտանգության վերաբերյալ տեղեկություններ փնտրելը, ստանալը և տարածելը, այդ թվում՝ դրանց դեմ ուղղված քարոզչությունը:
Արցախի Հանրապետության իրավասու մարմինները ձեռնարկելու են անհրաժեշտ միջոցներ հրամանագրի դրույթները խախտողներին պատասխանատվության ենթարկելու և նման խախտումները կանխելու ուղղությամբ: Ուստի, պահանջում ենք այսօր տեղի ունեցած ադրբեջանական հարձակման հետևանքների վերաբերյալ կեղծ տեղեկություններ (այդ թվում՝ վիրավորների ու լրացուցիչ զոհերի առկայության մասին) և ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակած անձանցից ու լրատվամիջոցներից հեռացնել իրենց գրառումները և կատարել հերքող հրապարակումներ, այլապես կիրառվող պատասխանատվության միջոցները կարող են ավելի խիստ լինել»,– ասված է հաղորդագրության մեջ: