Ինչ է կատարվում մեզ հետ մահից հետո.մարդը կարող է զգալ այս կյանքի լրիվությունը, երբ նա գտնվում է հոգևոր աշխարհում          Տեսանյութ.Մոսկվան տեղեկություններ ունի, որ Ղարաբաղից հեռացած բնակիչներից ոմանք ծրագրում են վերադառնալ. Զախարովա       «Ադրբեջանը Ստեփանակերտի փողոցը վերանվանել Էնվեր Փաշայի անունով, մինչդեռ պնդում է, թե կհարգի հայերի իրավունքները»․ հնդիկ ռեփերի գրառումը    

23 օգոս 2023 09:33

Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել  Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի առիթով․

Սիրելի ժողովուրդ, սիրելի հայրենակիցներ,

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, և այսօր նշում ենք այդ իրադարձության 33-րդ տարեդարձը:

Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը: Այն ընդունվեց 1988 թվականից ծավալվող Ղարաբաղյան շարժման գագաթնակետին, Խորհրդային Միությունում թևածող տնտեսական, քաղաքական, գաղափարական ճգնաժամի պայմաններում:

2020 թվականի պատերազմից առաջ ու հատկապես պատերազմից հետո բազմիցս եմ ընթերցել և վերընթերցել Հռչակագրի տեքստը: Եվ պետք է խոստովանեմ, ետպատերազմյան ընթերցումներս որոշակիորեն տարբերվել են նախապատերազմյան ընթերցումներից:

Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ:

Անկախության հռչակագրով մենք հռչակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու ուղեգիծը, բայց և փակեցինք Խորհրդային Միությունից հեռանալու մեր բոլոր ճանապարհները, ասել է, թե 20-րդ դարավերջին ընդունված Անկախության հռչակագրով որդեգրեցինք մի բանաձև, որը 20-րդ դարասկզբին մեզ արդեն իսկ բերել էր անկախության կորստի:

Հիմա մենք չգիտենք, վստահաբար չենք կարող ասել, թե ինչպիսին կլինեին և ինչի կհանգեցնեին մյուս ճանապարհները, բայց արդեն իսկ անցած ճանապարհը վերլուծելն ու հասկանալը մեր պատմական պարտքն է: 2018 թվականին ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ և դրանից հետո Հայաստանի անկախության Հռչակագրին վերաբերվել եմ ինչպես «աստվածաշնչյան ուղերձի», մինչդեռ Հռչակագիրը որքան էլ հիմնարար փաստաթուղթ է, կարիք ուներ և կարիք ունի խորը քննության, որովհետև, այնուամենայնիվ, քաղաքական փաստաթուղթ է, սրանից բխող բոլոր հետևություններով:

Եվ հիմա, անկախության Հռչակագրի 33-րդ տարեդարձի օրն ուզում եմ ընդգծել, որ մեր կառավարության որդեգրած խաղաղության օրակարգը՝ անկախության օրակարգն է, որովհետև եթե ունենանք խաղաղություն, կունենանք անկախություն: Քանի դեռ չունենք խաղաղություն, ԽՍՀՄ ուրվականը թևածելու է մեր երկնքում, մեր տարածաշրջանի երկնքում:

Ես ընտրում եմ անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրում է անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը:

Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր