Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, չի կարող ընդունել Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթ

Խստորեն
դատապարտում եմ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին Արցախի Հանրապետության նախագահ
Սամվել Շահրամանյանի 2023թ. սեպտեմբերի 28-ի հրամանագիրը:
Նման
հրամանագիրը չունի ո՛չ քաղաքական, ո՛չ էլ առավել ևս իրավական որևէ հիմնավորում:
Քաղաքական առումով.Արցախի Հանրապետությունը հռչակվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի
շրջանի ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով ձևավորված իշխանությունների կողմից:
Հիմնվելով «ԽՍՀՄ-ից
միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝
3-րդ հոդվածի վրա, որն ինքնավար կազմավորումների ժողովուրդներին իրավունք էր վերապահում
ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության
դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի
շրջանային խորհուրդների, բոլոր մակարդակների խորհուրդների
պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, դուրս
գալով ԽՍՀՄ-ից, հռչակել է իր անկախությունը՝ վերականգնելով 1918-1920թթ. պետական անկախությունը, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել
է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը:
Ավելի քան երեք ամիս անց՝ 1991թ. դեկտեմբերի 10-ին, միջազգային
դիտորդների ներկայությամբ Արցախում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության անկախության հարցով, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող
քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության
մասնակիցների 99.89%-ը:
Նկատի ունենալով արցախահայության՝ Արցախի Հանրապետության անկախության
հռչակման նպատակով իրականացրած քայլերի հաջորդականությունը՝ կարող ենք պնդել, որ
1991թ. սեպտեմբերի 2-ին Արցախը հանրապետություն հռչակելու, ինչպես նաև հռչակված հանրապետությունը
նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախահայության
կամարտահայտության համաձայն անկախ հռչակելու իրավական գործընթացն իրականացվել է միջազգային
ու ԽՍՀՄ օրենսդրության պահանջներին համապատասխան և դրանց բծախնդիր պահպանմամբ։
Իրավական առումով. Որպես իր հրամանագրի հիմնավորում Սամվել Շահրամանյանը հիշատակել
է Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածը, որտեղ, սակայն, չկա որևէ հիշատակում
այն մասին, որ հանրապետության նախագահն ունի Արցախի Հանրապետությունը լուծարելու լիազորություն:
Արցախի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ, ինչպիսի պաշտոն
էլ նա զբաղեցնի, չի կարող ընդունել Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին փաստաթուղթ:
Հետևաբար, Սամվել Շահրամանյանի նշված հրամանագիրը ԱՊՕՐԻՆԻ Է
ԵՎ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ ՈՐԵՎԷ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ:
Իմ հետագա գործունեության առանցքը լինելու է օկուպանտ և ցեղասպան
ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության դեօկուպացիան:
ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ