Իրավիճակն Իսրայելում ահավոր է.դեռ երբեք այսքան շատ իսրայելցի չէր սպանվել մեկ օրում. ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչ
Մարտական գործողություններն սկսվելուց մոտ 48 ժամ հետո իրավիճակն Իսրայելում ահավոր է, ասել է Իսրայելի Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար, փոխգնդապետ Ջոնաթան Կոնրիկուսը, տեղեկացրել է The Guardian-ը։
Նրա խոսքով՝ Իսրայելի հարավում մարտական գործողությունները դեռ շարունակվում են։ «Դա մեզանից ավելի շատ ժամանակ է խլում, քան մենք սպասում էինք...»։
Հնարավոր է նաեւ, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները դեռ թափանցում են Իսրայել Գազայի հատվածից, ասել է նա՝ ավելացնելով, որ իսրայելական ավիահարվածներ են հասցվում այն վայրերին, որտեղ հավաքվում են գրոհայինները՝ սահմանը հատելու համար։
Կոնրիկուսը տեղեկացրել է, որ ՑԱԽԱԼ-ի գնահատականներով՝ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1 000 գրոհային թափանցել է Իսրայելի տարածք շաբաթ օրվա հարձակման ժամանակ։ 700 իսրայելցի՝ խաղաղ բնակիչներ եւ զինվորականներ, սպանվել են, կա ավելի քան 2 100 վիրավոր։ Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ «ծանր վիրավորները շատ են, սպասվում է, որ մահերի թիվը կավելանա։ «Դա, անշուշտ, ամենավատ օրն էր Իսրայելի պատմության մեջ։ Դեռ երբեք այսքան շատ իսրայելցի չէր սպանվել մեկ օրում»։ Համեմատություն անցկացնելով ԱՄՆ-ի հետ՝ նա ասել է, որ հանգստյան օրերի հարձակումն Իսրայելի համար «կարող է լինել սեպտեմբերի 11-ը եւ Փերլ-Հարբորը միասին վերցրած»։
Կոնրիկուսն ասել է, որ զգալի թվով իսրայելցի քաղաքացիական անձինք եւ զինծառայողներ են պատանդ վերցվել եւ ուղարկվել Գազայի հատված։ Նա կոնկրետ թիվ չի նշել, բայց ասել է, որ «շատ իսրայելցիներ [բռնի տարվել են] Իսրայելից դուրս»։
Նրա խոսքով՝ ՑԱԽԱԼ-ի ռազմական պատասխանը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հետապնդում էր երկու հիմնական նպատակ։ «Այս պատերազմի ավարտին ՀԱՄԱՍ-ը այլեւս ոչ մի ռազմական հնարավորություն չի ունենա սպառնալու Իսրայելի քաղաքացիական բնակչությանը։ ...ՀԱՄԱՍ-ը չի կարողանա կառավարել Գազայի հատվածը»։
Երկուշաբթի իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ գիշերվա ընթացքում հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» հարյուրավոր օբյեկտների Գազայի հատվածում։
Կործանիչները, ուղղաթիռները եւ հրետանին գիշերը հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի եւ «Իսլամական ջիհադի» ավելի քան 500 օբյեկտի, ինչպես նաեւ ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ռուհի Մաշթաայի նստավայրին, որը ենթադրվում է, որ օգնել է կազմակերպել Իսրայել ներթափանցումը։