Կենդանակերպի նշաններն ինչպես են արտահայտում իրենց նվիրվածությունը          Հոկտեմբերի 12-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Հոգեբանական ինչ պատճառներ են առավել հաճախ նպաստում ցավի առաջացմանը. հոկտեմբերի 11-ը ընդդեմ ցավի համաշխարհային օր    

09 հոկ 2023 14:47

Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ.Հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը. չի լինի ո՛չ էլեկտրաէներգիա, ո՛չ սնունդ, ո՛չ վառելիք. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրամայել է «ամբողջովին պաշարել» Գազայի հատվածը, մինչ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:

«Ես հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը։ Չի լինի էլեկտրաէներգիա, սնունդ, վառելիք, ամեն ինչ փակ է», - ասել է Գալանտը:

«Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և գործում ենք համապատասխանաբար»,- հավելել է նա։

Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել:

Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։

Հիշեցնենք, որ երեկ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Նշենք, որ Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Գազայի հատվածի մերձակայքում գտնվող իսրայելական համայնքների վրա իրականացված զանգվածային հարձակման և Իսրայելի ուղղությամբ արձակված հազարավոր հրթիռների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 700-ը: Զոհվածների թվում կան տասնյակ զինվորներ և ոստիկաններ։

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածներից զոհվել է ավելի քան 400 պաղեստինցի:

Շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել։ Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ արձակվել է ավելի քան 3 հազար հրթիռ։ Բացի այդ, ՀԱՄԱՍ-ի տասնյակ զինյալներ ներթափանցել են Իսրայելի հարավի սահմանային շրջաններ:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ երկիրը պատերազմական վիճակում է և ասել է, որ հրամայել է պահեստազորների համատարած մոբիլիզացիա։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը՝ «Ալ Քասամ» բրիգադները, հայտնել են, որ գերի են վերցրել տասնյակ իսրայելցի զինվորների և սպաների:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր