Տեսանյութ.«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.Սանկտ Պետերբուրգում մարդատար ավտոբուսն ընկել է գետը. կան զոհեր       Տեսանյութ.Քաղաքացիները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին    

25 հոկ 2023 10:00

Վախվորած լռություն. Ռուսաստանը սկսել է սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ. «Հրապարակ»

Ռուսաստանի առաջին ալիքի եթերում նախօրեին ցուցադրված գրեթե մեկ ժամանոց հաղորդումը` նվիրված Նիկոլ Փաշինյանին, գերազանցեց բոլոր հակառուսների սպասելիքները` հատելով «կարմիր գծերը» եւ ցուցադրելով ռուսական իշխանությունների իրական վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանին ոչ միայն քննադատեցին Արեւմուտքի գիրկն ընկնելու համար, այլեւ նրան գրեթե հոգեկան հիվանդ ներկայացրին՝ միաժամանակ փորձելով տարանջատել հայ ժողովրդից:

ՔՊ-ական պատգամավորներից շատերը երեկ հրաժարվում էին խոսել Ռուսաստանի՝ ՀՀ իշխանության հասցեին հնչեցրած կոշտ գնահատականների մասին, սակայն մասնավոր զրույցներում ասում էին, թե Հայաստանի ինքնուրույնությունն է ցնցումների մեջ գցել ռուսական իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանը «ռսի սապոգի» քաղաքականությունը չի շարունակում, հավասարը հավասարի դիրքերից է հանդես գալիս, Արեւմուտքի հետ սերտ է գործակցում` ի շահ Հայաստանի, ինչն էլ խանդի նոպաներ է առաջացնում։


Օրերս հայտնի դարձավ, որ պաշտոնական Երեւանն ու Փարիզը ռազմական համագործակցության պայմանագիր են ստորագրել, որով որոշվել է, որ ռադարներ, հրթիռներ են փոխանցելու Հայաստանին, ինչպես նաեւ ֆրանսիական կողմը պարտավորվելու է օգնել Հայաստանին՝ զինված ուժերի բարեփոխումների հարցում։ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զենք է ձեռք բերում արդեն երկրորդ երկրից, առաջինը Հնդկաստանն էր։ ՔՊ-ականներից մեկը մեզ վստահեցրեց, որ առաջիկայում Հայաստանին զենք մատակարարելու ցանկություն կհայտնեն եվրոպական մի շարք երկրներ եւս։ 

ՔՊ-ականների համոզմամբ՝ այս ամենը չէր կարող ՌԴ-ին ոգեւորել, նրանք չեն հավատում Նիկոլ Փաշինյանի եւ իշխանականների այն հավաստիացումներին, որ իշխանության օրակարգում վեկտորի փոփոխության, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա: Համոզված են, որ այդ ամենը ժամանակի խնդիր է։ Ուշագրավ է, որ չնայած ընդդիմության սադրանքներին, երեկ հայտարարությունների ժամին ՔՊ-ականները սահուն շրջանցեցին ռուսական այս արշավի թեման՝ թերեւս խուսափելով էլ ավելի սրել հայ-ռուսական հարաբերությունները։

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ռուսական առաջին ալիքով հեռարձակված հաղորդմանը՝ հիշեցնելով․ «Փաշինյանն ասում է՝ հայ-ռուսական հարաբերությունները լավ են։ Այնպես որ, այդ հարցը պետք է Փաշինյանին տալ։ Եթե հայ-ռուսական հարաբերությունները լավ են, ինչո՞ւ են եթերում սփռվում հաղորդումներ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»։ Պատգամավորի խոսքով՝ պետական քաղաքականությունը վարում են իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի՝ 7 տարի առաջ արած հակառուսական հայտարարություններն այն ժամանակ որեւէ ազդեցություն չունեին հայ-ռուսական հարաբերությունների վրա, իսկ այսօր ունեն։ 

ՔՊ-ում այս թեմայի վերաբերյալ լռության ուխտը խախտվեց միայն Գուրգեն Արսենյանի կողմից, ում ՀՀ իշխանություններն ամիսներ առաջ ներկայացրել են Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի համար, սակայն մերժում են ստացել` Ռուսաստանը մերժել է ագրեմանը հաստատել։ Արսենյանը թեպետ չհաստատեց, որ մերժում է ստացել, բայց մերժման «վրեժը» հանեց` հեգնելով ռուսական ալիքի մոտեցումը։ «Ես այն կարծիքին եմ, որ առանց փող ծախսելու՝ եւս մի քանի տոկոսով ավելացրինք մեր երկրի ղեկավարի վարկանիշը։ Այդ կոլեկտիվը, որը նստած էր այդ ստուդիայում, բարձրացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը»։ Արսենյանը հավելեց, որ այս հաղորդման դեպքում «մանիպուլյացիա» բառն է տեղին։ «Իրենք երդվյալ ատենակալների մոդել են ընտրել, ամեն մեկը փորձում է իր կարծիքն ասել մեղադրյալի վերաբերյալ, հետո Հայաստանից ու հայկական ազգանունով տարօրինակ գործիչներ գնացին, այդ ոչ մասնագետ-ատենակալների մոտ ցուցմունք տվեցին, որպեսզի մի հատ էլ դատավճիռ կայացնեն։ Բայց հերթական անգամ хотели как лучше, получилось как всегда։ Էլի հերթական անգամ ռուսական հեռուստատեսության քարոզչությունը լրիվ այլ արդյունք տվեց»,- հայտարարեց նա։ Դիտարկմանը, որ ՀՀ իշխանությանը մեղադրում են վեկտոր փոխելու մեջ, Արսենյանը պատասխանեց. «Ես ձեզ ուզում եմ հիշեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Պետրոս Ղազարյանի հետ։ Պետրոս Ղազարյանն ուղղակի հարց տվեց, ՀՀ վարչապետը պատասխանեց, որ այդպիսի բան չկա»։ 

Մինչդեռ ռուսական կողմի քայլերից պարզ է դառնում, որ ռազմավարական գործընկերներն այլեւս չեն հանդուրժելու հակառուսական քայլերը` անցել են սանկցիաների փուլին։ Երեկ նաեւ հայտնի դարձավ, որ ՌԴ Պետդուման որոշել է անժամկետ հետաձգել ՀՀ քաղաքացիների վարորդական իրավունքների ճանաչման օրինագծի քննարկումը՝ նրանց կողմից ձեռներեցային կամ աշխատանքային գործունեություն իրականացնելիս։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ խորհրդարանի մամուլի ծառայությունը: «Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք տեսնում ենք. չկա ռուսերենի կարգավիճակ, վերջին որոշումներն ուղղված չեն հարաբերությունների զարգացմանն այս ոլորտում»,- նշել է խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը` այս որոշման հետաձգումը բացատրելիս։ Նա պարզաբանել է, որ փաստացի այդ օրինագծով ենթադրվում է Հայաստանին տալ լրացուցիչ արտոնություններ, չնայած հանրապետության ղեկավարությունը, պատգամավորները, կառավարությունը ոչ մի քայլ չեն արել ռուսերենի կարգավիճակի ամրապնդման համար։ Հենց այս հիման վրա է ՌԴ-ն թույլ տալիս օգտագործել այլ երկրների ազգային վարորդական իրավունքներն իր տարածքում։ «Մենք նման որոշումներ ընդունել ենք Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղզստանի համար, քանի որ ռուսերենը նրանց մոտ ամրագրված է սահմանադրականորեն»,- նշել է Վոլոդինը։ Օրինագիծն առաջին ընթերցմամբ մտցվել էր 2022թ. ապրիլին, ընդունվել նույն թվականի հունիսին։

Իսկ իրականությունն այն է, որ Ռուսաստանը սկսել է սանկցիաներ կիրառել Հայաստանի դեմ: Սպասենք հաջորդ քայլերին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր