Դրամատիկ ընտրություն. ինչու ընդդիմությունը չընտրեց իր թեկնածուին․«Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ, ընդդիմության կողմից Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրված Մանվել Բադալյանը երեկ 84 ձայնով ընտրվեց: Ընտրությունից առաջ նա ցանկություն էր հայտնել հանդիպելու ՔՊ-ի հետ, քանի որ միայն ընդդիմության ձայները բավարար չէին, որ ընտրվի այդ պաշտոնում, եւ նա կրկին կտապալվեր, ինչպես տապալվել էր ՀՌՀ հանձնաժողովի թեկնածու առաջադրվելիս։ Նրան առաջադրել էին ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունները։
ՔՊ-ի հետ փակ հանդիպումը կայացել է բավականին դրամատիկ մթնոլորտում, սակայն ՔՊ-ն որոշել է այս անգամ ընտրել ընդդիմության թեկնածուին, ով իրեն «լավ» է պահել հանդիպման ժամանակ: ՔՊ-ականները` Արփի Դավոյանի գլխավորությամբ, Բադալյանի «դեմն» են դրել նախկինում արած հակաիշխանական, հականիկոլական հայտարարությունները՝ հարցնելով, թե ինչպես կարող է նման հայացքներ ունեցողն անաչառ դիրքորոշում ունենալ ՄՊՀ-ում։ Դիցուք՝ պատերազմից հետո Բադալյանն ասել էր, թե Փաշինյանը դեռ այլ ստոր ծրագրեր ունի, որոնք պետք է կանխել։ Նա արդարացել է, որ այն ժամանակ բոլորս նյարդային վիճակում էինք, ասել է, որ օգտվել է իր կարծիքն արտահայտելու իրավունքից, եւ խոստացել ընտրվելուց հետո պահպանել քաղաքական չեզոքություն։ Իսկ դահլիճում իր ելույթում մի քանի արտահայտություն է թույլ տվել նախկին որոշ «բարքերի» մասին: Նրա ելույթի ժամանակ Սերժ Սարգսյանի 2 թիմակիցները` Հայկ Մամիջանյանն ու Աննա Մկրտչյանը, ցուցադրաբար լքել են դահլիճը, ապա չեն մասնակցել իրենց իսկ կողմից առաջադրված թեկնածուի ընտրությանը: