Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

28 հուն 2024 18:01

Իրավունքներից հրաժարումը ավելի սարսափելի է, քան ռազմական պարտությունը՝ այն թույլ է տալիս ագրեսորին կրկնել իր բռնարարքը

Իրավունքներից հրաժարումը ավելի սարսափելի է, քան ռազմական պարտությունը՝ այն թույլ է տալիս ագրեսորին կրկնել իր բռնարարքըՓաստորեն՝ իշխանությունը ոչ միայն ուզում է ամրագրել Հայաստանն իբրեւ 29800 քկմ տարածք ունեցող պետություն, այլեւ սրբագրել Հայոց պատմությունը՝ այն միայն Հայաստանի պատմություն դիտելով, փոխել Սահմանադրությունը՝ այնտեղից հանելով Արցախի, Ցեղասպանության հետապնդման դրույթները, խմբագրել Հայաստանի գերբը՝ այնտեղից ջնջելով Արարատը: Սրանք ենթադրություններ են, որոնց համար հիմք են տալիս ներկա իշխանության եւ նրա ղեկավարի բարձրաձայնումները, իսկ դրանց մի զգալի մասը սխալ հիմնավորումների վրա են կառուցված, այդտեղից էլ գալիս է մոլորությունը: Հավանաբար այդ հիմնավորումները արձագանքն են արեւմտյան, ռուսական, թուրքական, ադրբեջանական ամեն տեսակի պահանջների եւ նկրտումների, որոնց ազդեցությամբ էլ մեր ղեկավարները փորձում են ձեւավորել իրենց տեսակետները, կամ քաղաքականությունն ընդհանրապես:
 
Մենք մեզ վրա չենք վերցնի այն վտանգավոր մոլորության սխալականությունն ապացուցելու ծանրությունը, Հայոց պատմությունն, իհարկե, Հայաստանի պատմությունը չէ, դրա համար կան պատմաբաններ, մի ողջ պատմության ինստիտուտ, նրանց պարտականությունն է բացատրել ներկա աշխարհաքաղաքական խառնաշփոթի, թելադրող պետությունների գլոբալ նկրտումների եւ տարածքային զավթումների սրվող ախորժակի պարագայում ի՞նչ աշխարհաքաղաքական սխալներ են պարունակում ներկա պահին նման սրբագրումները, ի՞նչ անդառնալի հետեւանքներով է հղի մեր պատմական իրավունքներից հրաժարվելու բովանդակությամբ թեզերի ամրագրումը Սահմանադրության մեջ եւ կամ Հայաստանի տարածքների նշումը որեւէ պայմանագրում՝ որպես 29800 քկմ տարածք: Դրանք իրավական որակյալ նկարագրության եւ բացատրության (այդ թվում՝ վարչապետին) կարիք ունեն, հուսով եմ՝ կգտնվեն մարդիկ, որոնք չեն վախենա եւ դա կանեն: Մենք միայն կանգ առնենք Հայաստանը 29800 քկմ տարածքով ամրագրելու եւ ապա՝ Ցեղասպանության հետապնդման թեզն օրակարգից հանելու վտանգների հեռագնա հնարավոր վտանգները հանրամատչելի բացատրելու վրա:
 
Հայաստանը 29800 քկմ տարածքով նշումը կնշանակի, որ մենք դեֆակտո Արցախից հրաժարվելով՝ նաեւ իրավական առումով էլ հրաժարվում Արցախի վերաբերյալ հետագայում էլ լուծում գտնելու հեռանկարից, ապա եւ՝ արցախցիների իրավունքների միջազգային պաշտպանության տեսակետից էլ իրավական մեծ խոչընդոտ ենք ստեղծում, քանի որ Ադրբեջանը, որպես միջազգային իրավական հայցերի պատասխանող կողմ, միշտ էլ կարող է արցախցիներին իր երկրի ներսում ահաբեկիչներ ու անջատողականներ անվանել՝ հենց Հայաստանի կողմից Արցախն իր տարածքի մաս ճանաչումը վկայաբերելով, դա լուրջ իրավական կռվան կդառնա նրա ձեռքում: Արցախն անկախ Ադրբեջանի մաս երբեք չի եղել եւ ինքնորոշվել է խորհրդային օրենքներով Ադրբեջանից էլ ավելի վաղ: Այսինքն՝ 29800 քկմ տարածքն ամրագրելով՝ մենք լեզու ենք դնում Ադրբեջանի բերանը՝ արցախցիների միջազգային հայցերին չպարտվելու եւ անգամ հակառակ հայցերը շահելու համար:
 
Երկրորդ, զենք ենք տալիս Ադրբեջանի ձեռքը՝ Հայաստանի բոլոր պետական միջոցառումներն Արցախում Ադրբեջանի շահերի դեմ քայլեր որակելու եւ միջազգային ատյաններից փոխհատուցումներ պահանջելու՝ Արցախի ընդերքը, փայտանյութը, մյուս բարիքներն երեսուն տարի օգտագործելու համար, քանի որ եթե ճանաչելու էիր Արցախն Ադրբեջանի կազմում՝ ի՞նչ էիր անում այդ երկրում երեսուն տարի: Միջազգային հանրությունը լուռ կնայի, թե ինչպե՞ս է միջազգային հայցերով Ադրբեջանը հաղթում Հայաստանին ու նրան ներկայացնում հարյուր միլիարդ դոլարանոց պահանջներ, որի դիմաց Հայաստանն էլ տանք՝ չենք պրծնի: Էլ չասած, որ դա ընդհանրապես կփակի Արցախի հարցի որեւէ վիճարկում հետագա սերունդների համար էլ, կզրոյացնի բոլոր իրավական գործիքները, որ առկա են միջազգային իրավունքի տեսակետից, իսկ դա Հայաստանի որեւէ իշխանություն իրավունք չունի անելու:
 
Նույն կերպ կոնկրետ տարածք ամրագրելով՝ բաց է մնում Նախիջեւանի հարցը, որն այժմ իրավականորեն տեր չունեցող տարածք է, չնայած հարյուր տարի առաջ այնտեղ մեծամասնություն էին հայերը, դա հայկական տարածք էր եւ հարյուր տարով շահագործման էր հանձնվել Ադրբեջան արհեստական կազմավորմանը՝ նրա ստեղծվելու պահին: Գոնե կարելի է իրավական առումով հարցը բարձրացնել, որովհետեւ տարածաշրջանային կոնտուրները սրբագրելու բախումները մեզ հարակից տարածքներում վկայում են, որ Նախիջեւանի համար էլ դեռ բախվելու են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի եւ Ադրբեջանի շահերը, նրանք բոլորն իրենց անվտանգության տեսակետից են նայելու այդ տարածքին տիրանալու խնդրին՝ բոլորի համար էլ այն շատ հարմար ռազմական հենակետ է:
 
Իսկ Հայաստանի բացարձակ լռությունը, հրաժարումն իր իրավունքներից, նվազագույնը՝ Նախիջանի հարցը որպես զենք օգտագործելուց, վկայում է իր իրավունքներն անհիմն զիջող Հայաստանի անատամ դիվանագիտության մասին: Ի դեպ՝ Նախիջեւանի հարցի գոնե արծարծումն ավտոմատ նշանակելու էր հարյուրամյա պայմանագրերին նոր իրավիճակում հայացք նետելու, հայկական տարածքները ժամանակին ռուսների կողմից Թուրքիային նվիրելու մասին խոսակցության առիթ, այդպիսով Ցեղասպանության հետեւանքով անարդար իրողությունները վերհիշեցնելով միջազգային ատյաններում եւ հայկական ժամանակակից օրակարգի համար բարենպաստ դաշտ ապահովելով:
 
Վերջապես՝ ինչպե՞ս կարելի է միայն Հայաստանի տարածքն հայերի երկիր անվանելով՝ աշխարհում ցրված կարսեցիների, իգդիրցիների, մշեցիների սերունդների իրավունքները սահմանափակել, որոնց հայրենազրկման դիմաց ինչ-որ ժամանակ փոխհատուցում ստանալու, պատմական արդարության վեահաստաման իրավունքները վաղեմության ժամկետ չունեն: Ու ասածս միայն զգացական բան չէ բոլորովին, ինչպես սիրում են շահարկել, այլ շատ առարկայորեն միջազգային իրավունքի հնարավորությունների հանձնում մեր դարավոր թշնամիներին:
 
Ասածս ոչ թե ժամանակավրեպ է, այլ, ընդհակառակը, խիստ արդիական, երբ տեսնում ես, թե ինչպես են ուզում վերաձեւել հենց մեր տարածաշրջանը, ու որքան պետություն ունի այդ ախորժակը՝ իրենով անելու Սյունիքին մերձ եւ Արցախի՝ հանքերով հարուստ տարածքները, ու որ ասում են Սյունիքով միջանցք՝ հենց այդ թաքնված նպատակի մասին է խոսքը: Հապա նայեք, թե թուրանական մեծ պետության ինչ քարտեզներ է տարածում Թուրքիան, որտեղ Հայաստան չկա, տեսեք, թե հայկական թեմայով յուրաքանչյուր բանավեճի տակ համացանցի ադրբեջանցի օգտատերերը ինչպիսի հարձակում են սկսում՝ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան անվանելով, քանի որ նրանց դա պետականորեն է քարոզվում: Հապա նայեք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի՝ հենց մեր այդ տարածքներում ներկա լինելու ջանքերին. գիտեք, թե մեր սիրուն աչքերի համա՞ր են մեզ սիրաշահում, նրանց պետք է Սյունիքի, Արցախի մոլիբդենը, պղինձը, վոլֆրամը, ինչու չէ՝ ուրանը, Լիդիան- Արմենիայի օֆշորային անհայտ տերերը վկա, բոլորին տնտեսական շահերն են շարժում, իսկ մե՞նք:
 
Մենք հրաժարվում ենք մեր իրավունքներից, ճնշում գործադրելու մեր գործիքներից, որ նաեւ Ցեղասպանության մասին խոսելու մեր հնարավորության օգտագործումն է, հիշեցումը մեր նախկին տարածքների վրա աշխարհի մեծ խաղացողների արած նախկին բազարների: Վախվորած ուզում ենք Ցեղասպանություն բառը չարտասանվի ու դա մատուցում ենք որպես նոր տեսակի հարաբերությունների սկիզբ, նոր մտայնություն որպես, հա, բա ինչո՞ւ թուրքերը մեր տարածքները խժռելու իրենց մտայնությունը երբեք չփոխեցին: Բայց աշխարհը միշտ նույնը չէ, իրոք, հիմա պատկերացրեք, որ տարածաշրջանն իրոք վերաձեււում է ու այնտեղ ինչ-որ պահի մասնատվում է Թուրքիան, այդ դեպքում նախկին հայկական տարածքների՝ մեծ պետությունների պատառ դառնալու համար ոչ մի իրավական խոչընդոտ չի լինի նաեւ մեր շնորհիվ:
 
Հայոց պատմությունն ենք ուզում վերաձեւել-դարձնել Հայաստանի պատմություն, մասն ամբողջին վերագրելով, իսկ ամբողջն, իրոք, ներկա Հայաստանի պատմությունը չէ, բայց հայ ժողովուրդն էլ միայն ներկա Հայաստանը չէ եւ չի եղել: Հայաստանն էլ սոսկ պետությունը չէ, պետություն կարող է լինել նաեւ այլազգիներով, այլ Հայաստանն ազգային, հայո՛ց պետություն է, նրա պատմությունն ազգային պատմություն է՝ Հայոց պատմություն, Պատմահոր բնորոշմամբ՝ Պատմութիւն հայոց: Այսպես վարվել, նշանակում է պարտվողականությունը հայերի մեջ ներդնել որպես ապրելու նախապայման, զենքերն ինքնակամ հանձնել, հրաժարվել հզոր իրավական զինանոցից: Պարտվում են նախ գիտակցական մակարդակում, հետո արդեն իրականության մեջ: Այնպես որ՝ սխալ մոտեցումների որդեգրումը չի կարող Հայաստան պետությունն ամրացնել, ու որքան շուտ բացատրվի դա, որքան շուտ ընդունվի սխալականությունը, այնքան մեր հակափաստարկների զինանոցը կհարստանա: Ես այս բոլորը հեշտ եմ գրում, ընդհանրապես հեշտ է գրել՝ չունենալով ընդդիմադիր ու իշխանական պարտավորություններ, ճշմարտությունն առանց շահարկման այդ դեպքում կարելի է ասել:
 
Եւ վերջում, մասամբ խախտելով պատմաբան գիտական հանրույթի լռությունը թեմայի շուրջ, դիմեմ պատմական գիտությունների թեկնածու ԴԱՎԻԹ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ պրոֆեսիոնալ ընդհանրացմանը, թե ինչ են անում իրականում 29 800 քկմի ամրագրման ջատագովները.
 
1. Հայ ժողովրդին զրկում են ռազմավարական թիկունք ունենալու կենսական հրամայականից:
 
2. Պերմանենտ ցեղասպանության սպառնալիք են ստեղծում` միեւնույն ժամանակ արդարացնելով արդեն իսկ ցեղասպանված ժողովուրդ լինելու պատմական իրողությունը:
 
3. Վերջնականապես լեգիտիմացնում են Լենին-Քեմալ-Ստալին բռնազավթումները, հայրենազրկման իրողությունը դարձնում իրավաչափ եւ արդարացի հանգամանք:
 
4. Կոտրում են հայ ժողովրդի պայքարի ոգին` իրավազրկությունը դարձնելով իբրեւ ազգային կեցության միակ եւ անփոխարինելի աշխարհընկալում:
 
Իրավունքներից հրաժարումը ավելի սարսափելի է, քան ռազմական պարտությունը, որովհետեւ դա թույլ է տալիս ագրեսորին կրկնել իր բռնարարքը:
 
Ոչ ոք չի համաձայնի ճանաչել եւ հաշվի նստել սեփական բնական իրավունքները ինքնակամ իրենից օտարող ժողովրդի հետ: Ավելին` սկզբունքորեն չեն հանդուրժի այդպիսի անաքրոնիզմի գոյությունը:
 
Հետեւաբար՝ 29800 քկմի շահառուները, այսպիսով, ամրապնդում են ՀՀ-ի` իբրեւ իրավաքաղաքական սուբյեկտի վերացման կամ ապամոնտաժման ռազմաքաղաքական հիմքերը:
 
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր