Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. ՀՀ սահմանադրությունը իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից

Նման պահանջը այսօր հերթական պայման-պարտադրանքն է ուրիշ բազմաթիվ պարտադրանքների շարքում, որոնք կոչված են ոչ թե «խաղաղություն հաստատելուն», այլ հայկական պետությունը թուլացնելուն։
ՀՀ սահմանադրությունը պարունակում է դրույթներ, որոնք մեր պետությունը վերածում են աշխարհաքաղաքական միավորի՝ քաղաքական հստակ ազգային սկզբունքներով, այլ ոչ թե Թուրքիայից կախյալ գավառի։ Ուստի պետք է հարվածել նաև դրան, ինչպես հարվածում են Սփյուռքին, բանակին, կրթական համակարգին, հերոսներին, Հայոց ցեղասպանությանը և այլ գործոնների։
Մեր թշնամիները պատահական ոչինչ չեն թիրախավորում. նրանք հարվածում են մեր պետության ամենակարևոր հիմքերին։ Հետևաբար այսօր՝ Սահմանադրության օրը լավ առիթ է հիշելու, որ այդ փաստաթուղթը, իր բոլոր թերություններով, մեր պետականության խորհրդանիշներից է և իրավական հենքերից, որը առավել քան երբևէ պետք է պաշտպանել բոլորիս։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան