Արգիշտի Քյարամյանի ուսուցիչը Գևորգ Կոստանյանն է․ «Հրապարակ»
«Հրապարակը» գրում է․ ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողովը, Հովիկ Աղազարյանից բացի, հարցաքննության է կանչել նաեւ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանին եւ պատգամավոր Նարեկ Զեյնալյանին։ Առաջինն Արգիշտի Քյարամյան-Հովիկ Աղազարյան միջադեպի «մեղավորն» է` «սեւ շորով պատգամավորը», որի ռեպլիկին արված կոշտ դիտողության առիթով Աղազարյանը նկատողություն արեց Քյարամյանին, ու վեճը թեժացավ։
Ըստ ՔԿ պետի՝ Ներսես Խաչատրյանն իրեն ասել է՝ «կուռաժիտ է լինում», ինչին Զեյնալյանն արձագանքեց ամբիոնից. «Պարոն Քյարամյան, առնվազն անհասկանալի եւ անընդունելի է այդ Ձեր ժեստիկուլյացիան՝ մատով սենց անելն ու դիմելը, պատգամավորի հետ նման տոնով խոսելը։ Դուք խոսում եք ԱԺ պատգամավորների հետ, Ձեր կաբինետում չեք եւ Ձեր ենթակաների հետ չեք խոսում։ Ես չեմ կարողանում ընկալել՝ ո՞րն է ավելի վատ՝ հասկանալով, թե որտեղ եք գտնվում, եւ նման ոճո՞վ եք խոսում պատգամավորների հետ, թե՞ հակառակը։ Ես Ձեզ առաջարկում եմ, հորդորում եմ՝ փոխել Ձեր խոսելաոճը եւ առավել եւս՝ ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում եք ԱԺ պատգամավորի հետ»։
Միջադեպից հետո շատերը հիշել էին Փաշինյանի 2015-ի ելույթներից մեկը՝ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին ուղղված, նրա հաշվետվության օրը. «Ձեզ հաշիվ չեք տալիս, թե որտեղ եք գտնվում, սա գլխավոր դատախազին նշանակող մարմին է: Մատը սենց-նենց է անում, Սերժ Սարգսյանի մոտ տե՞նց եք զեկուցում: Մի հատ Ձեզ կարգի հրավիրեք, Ձեր ցուցամատը Ձեզ պահեք, ի՞նչ է նշանակում` պատգամավորը հարց տա, ցուցամատ թափ տաք: Եթե շարունակեք, ես Ձեզ խոստանում եմ, որ ամեն անգամ այստեղ գալուց հետո հոգեբանի կարիք եք ունենալու: Կոստանյան Գեւորգ, ես Ձեզ ու Ձեր նմաններին հասկանալու տեսություն եւ պրակտիկա կարող եմ դասավանդել»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակը» թերթի՝ 23․ 10․ 24 թ համարում։