Այն ինչ ներկայիս ԱԳ նախարարը հայտարարում է և դրսևորում է, այն է ինչ ադրբեջանցիներն ուզում են
Ապրիլին մեր դիվանագետների համահայկական խորհրդի առաջին համաժողովի ժամանակ ես ելույթ եմ ունեցել և ներկայացրել եմ Ադրբեջանի քաղաքականության էությունը, որի ամենակարևոր տարրը և բոլոր պատերազմների ժամանակ ամբողջ իմաստն այն է, որ պատերազմները վարում են ոչ թե ռազմադաշտում հաղթանակ գրանցելու համար, այլ հակառակորդին քո կամքը թելադրելու համար:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը ՀՀ առաջնահերթություններից չէ:
«Իմ գնահատմամբ հիմա մեր թշնամիները ցանկանում են իրենց կամքը պարտադրել մեզ, ինչը ես անվանում եմ գաղափարական, մշակութային ծավալապաշտություն: Որոշ չափով այն ինչ ներկայիս ԱԳ նախարարը հայտարարում է և դրսևորում է այն, ինչ ադրբեջանցիներն ուզում են»,- ասաց նա:
Հարցին՝ իր ժամանակ նման հարկադրանք եղե՞լ է, նա ասաց, որ 2021 թվականի ապրիլի 24-ը, որը Ցեղասպանության առաջին տարելիցն էր պատերազմից հետո, ԱԳՆ-ն նախաձեռնեց հատուկ միջոցառումներ և հատուկ միջազգային հնչեղություն ապահովեց Ցեղասպանության հիմնախնդրին և ներկայացրեց արցախյան պատերազմը որպես այդ ցեղասպանական քաղաքականության դրսևորումներից մեկը:
«2021 թվականի ապրիլի 24-ին մեր նախարարության աշխատանքի շնորհիվ 34 բարձր մակարդակի միջազգային պատվիրակություն էր եկել»,- ասաց նա: