Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի

1 Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք, իրենց լապտերներն առած, փեսային եւ հարսին դիմաւորելու ելան:
2 Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն:
3 Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ ձէթի պաշար չվերցրին:
4 Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին:
5 Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան:
6 Եւ կէսգիշերին ձայն լսուեց. "Ահա փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք”:
7 Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին:
8 Յիմարները իմաստուններին ասացին. "Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգում են”:
9 Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. "Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք”:
10 Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց:
11 Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. "Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա”:
12 Նա պատասխան տուեց ու ասաց. "Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում”:
13 Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը:
Աւետարան ըստ Մատթէոսի