ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում

Պաշտպանն արձանագրում է, որ քրեակատարողական հիմնարկներում առկա են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ բժշկական օգնության կազմակերպման համակարգային խնդիրներ, մասնավորապես, վերջիններիս նկատմամբ ստացիոնար, ոչ հոժարակամ բուժման ընթացակարգ նախաձեռնելու գործընթացում: Այս համատեքստում Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման, մասնավորապես, առողջության պահպանման և կյանքի իրավունքի համար պատասխանատվություն է կրում պետությունը:
Ազատությունից զրկված անձանց իրավունքների, այդ թվում՝ առողջության պահպանման իրավունքի ապահովման հետ կապված արձանագրված խնդիրներին Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ է անդրադառնում ինչպես տարեկան զեկույցներում, այնպես էլ իրավասու մարմինների հետ քննարկումների և հրապարակային հայտարարությունների շրջանակներում:
Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտադրում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ ազատությունից զրկման վայրերում պետք է ցուցաբերվի պատշաճ հսկողություն, մատուցվի հոգեբուժական բավարար օգնություն և սպասարկում:
Ազատությունից զրկման վայրերում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների յուրաքանչյուր դեպք գտնվում է Պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում, դրանց վերաբերյալ իրավասու մարմիններից պահանջվում են պարզաբանումներ: