Հուլիսի 28-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 28-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԵԿ պաշտոնյան կաշառք է ստացել բրոքերային ծառայություններ մատուցող տնտեսվարողից    

24 հուլ 2025 18:02

Փաշինյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու մասին երկու հաղորդումներին ընթացք է տրվել. Դատախազություն

Փաշինյանի կողմից առերևույթ հանցագործություն կատարելու մասին երկու հաղորդումներին ընթացք է տրվել. ԴատախազությունՀՀ գլխավոր դատախազությունը ստացել եւ ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի կողմից  առերեւույթ սահմանադրական կարգը տապալելու ու թշնամանք հրահրելու մասին հաղորդումները։

Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը  հուլիսի 22-ին  երկու հաղորդում է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Առաջին հաղորդմամբ գլխավոր դատախազի ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքների վրա, ըստ որոնց Փաշինյանն իր ֆեյսբուքյան անձնական օգտահաշվում բացահայտ կերպով հրահանգավորումներ է իրականացրել ինչպես իրավապահ համակարգի մարմիններին, այնպես էլ դատական իշխանությանը՝ իրականացնելու ձերբակալումներ, հարուցելու հանրային քրեական հետապնդումներ, ինչպես նաև կալանավորելու բարձրաստիճան հոգևորականներին` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանին:

Փաշինյանն իր գործողություններով խախտել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման սահմանադրական սկզբունքը, օրինականության սկզբունքը, միջամտել արդարադատության իրականացմանը, հրապարակայնորեն խախտել անձանց անմեղության կանխավարկածը, ինչին ձայնակցել են նաեւ այլ քպականներ։

Կուսակցության կարծիքով` իշխանության ներկայացուցիչների կողմից, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, սահմանադրական կարգը տապալվել է, այդ թվում՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանումն և հավասարակշռումը երաշխավորող Սահմանադրության նորմի գործողությունը փաստացի դադարեցված է։

Երկրորդ հաղորդմամբ դատախազին հիշեցրել են, որ ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: 

««Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի համաձայն՝ ՀՀ եկեղեցին անջատված է պետությունից: Սույն հիմնադրույթի համաձայն պետությունը` … չի միջամտում եկեղեցու և կրոնական կազմակերպությունների` օրենքին համապատասխանող գործունեությանը և ներքին կյանքին: Մինչդեռ՝ Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ ճնշում է գործադրում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու նկատմամբ` միջամտելով եկեղեցու ինքնակառավարմանը՝ ներքին գործերին: Ամենայն հայոց կաթողիկոսին փոխելու գործընթացն ուղիղ միջամտություն է եկեղեցու ինքնակառավարմանը։ 

Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին դատախազությունից, երկու հաղորդումներն էլ  ստացվել են  ընթացք  տրվել՝  օրենքով սահմանված կարգով։

Դատախազությունը չի մանրամասնել, թե որ նախաքննական մարմնին է ուղարկել վարույթ նախաձեռնելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր