Ապրիլի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է 48-ժամյա հրադադար հաստատել, Իրանը մերժել է       Նիկոլ Փաշինյանը հրապարակել է ՔՊ–ի նախընտրական ցուցակը    

03 ապր 2026 17:44

Ավագ ուրբաթ՝ Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է

Ավագ ուրբաթ՝ Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն էԱվագ ուրբաթը խորհրդանշում է արարչագործության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում:  Ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կողակիցը՝ Եվան, այնպես էլ Տիրոջ կողից հաստատվեց Նրա հարսը՝ Եկեղեցին:

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:

Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ ուրբաթի խորհրդին, սակայն կատարվում է հինգշաբթի`երեկոյան: 

Ավագ ուրբաթ առավոտյան կատարվում է Խաչելության կարգ, որի ընթացքում կարդացվում են Հիսուսի` Պիղատոսի մոտ տարվելու, Գողգոթայի վրա խաչվելու, մահվան, արևի խավարման ավետարանական հատվածները:

Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։

Արդեն մահացած Հիսուսին խաչից իջեցնում և, պատանքի մեջ փաթաթելով, դնում են վիմափոր գերեզմանի մեջ` գերեզմանի մուտքը փակելով վեմ քարով:

«Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24): Ի՞նչ են ուսուցանում մեզ` քրիստոնյաներիս Քրիստոսի չարչարանքը, խաչելությունն ու մահը: Դա մեր փրկության ուղին էր, որ հանձն առավ Քրիստոս` լուռ և միայնակ կրելով իրեն բաժին հասած չարչարանքները, ենթարկվելով ծաղրի, խաչելության: Սակայն խորհենք մի պահ` որքանով ենք մենք՝ քրիստոնյաներս արժևորում այդ զոհաբերումը։ Արդյոք մենք էլ չե՞նք ծաղրում, ցավ չենք պատճառում Տիրոջը՝ մեր գործած մեղքերով, մեր ապրելակերպով։ Ի՞նչ գին ունի Փրկչի զոհաբերումը մեզ համար, յուրաքանչյուրիս կյանքում ու կենսաձևում։ Պատասխանը մեկն է, այն, ինչ քարոզում և սովորեցնում է մեզ մեր հավատքը՝ Սեր։ Տերը միայն ցանկանում է, որ մենք սիրենք Նրան, տեսնենք Նրան յուրաքանչյուրի մեջ, չծաղրենք ու չանարգենք Նրան մեր անտարբերությամբ, չանտեսենք, ցավ չպատճառենք միմյանց, քանի որ բոլորիս համար Նա խաչվեց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր