Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը
Հուլիսի 13-ին, 22-րդ անգամ մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Կինոյի տան բակում կարմիր գորգով անցան կինոյի հայտնի դեմքերն ու կինոսիրողները:Փառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը խոսեց ոչ միայն կինեմատոգրաֆիկ ծրագրի ձևավորման մասին, այլև այն բարդ աշխարհաքաղաքական ֆոնի, որի պայմաններում այս տարվա փառատոնն իրականություն դարձավ։
«Որքան ժամանակը մոտենում էր, այնքան ահագնանում էր աշխարհաքաղաքական վիճակն աշխարհում, ինչը անմիջականորեն առնչվում է նաև մեր տարածաշրջանին։ Դրանից ելնելով՝ կարելի էր արդեն կանխատեսել դժվարությունները, որոնք առաջանալու էին միջազգային կոնտեքստում։ Բայց մենք կարողացանք այդ պայմաններում իրականացնել ամբողջական փառատոն՝ ամենաբարձր կազմով՝ թե ժյուրիի, թե պատվավոր հյուրերի առումով»,-նշեց Կարեն Ավետիսյանը։
Այս տարի փառատոնը ներկայացնում է շուրջ 100 ֆիլմ՝ ավելի քան 30 երկրից, և կարևոր ձեռքբերումներից մեկը՝ միջազգային ճանաչման ուղին է։
Երեկոյի կարևոր դրվագներից էր «Փարաջանովյան Թայլեր»-ի հանձնումը՝ հանդիսատեսի ջերմ ընդունելության ուղեկցությամբ, որը դարձավ փառատոնի բովանդակության ու ուղերձի արժանի խորհրդանիշը։
