Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

19 օգոս 2016 20:12

Ազգային միասնության ընդդիմությունը և իշխանությունը

«Սասնա ծռերի» ապստամբությունից հետո անցել է բավական ժամանակ, և քննարկումների ու գնահատականների շրջանը, կարելի է ասել, դեռ նոր է սկսվել: Տարբեր մարդիկ տարբեր մոտեցումներով ու տարբեր եզրահանգումներով են քննարկում ստեղծված իրավիճակը՝ հաճախ հակադարձ հետևություններ անելով: 
 
Բայց մի հետևություն ակհնայտ է, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունները բացահայտեցին հայ ընդիմության խնդիրները և այն իրողությունը, որ համընդհանուր՝ համազգային գործնական  միավորում՝ առաջարկված ձևի շուրջ տեղի չունեցավ: Եթե հռչակված նպատակը՝ արմատական փոփոխությունները, ընդունվում են լայն զանգվածներում գրեթե համատարած, ապա և՛ երկշաբաթյա դիմակայութնունը, և՛ դրանից հետո ծավալված գործընթացները վկայում են, որ «Սասնա ծռերի» բարձրացրած դրոշի ներքո ոչ միայն չկայացավ համազգային ու գործնական կոնսենսուս, այլ ներքին խլրտումներն ու տարաձայնություններն ընդիմության ճամբարում նոր թափ ստացան:
 
Խնդիրը ոչ միայն և ոչ այնքան «Սասնա ծռերն»  են, այլ Հայաստանի ընդդիմադիր շարժման վերջին երկու տասնամյակի գործողություններն են ու վիճակը, որոնց մասին անհրաժեշտ է խոսել: 
 
Եվ տվյալ դեպքում խնդիրը ոչ միայն և ոչ այնքան ընդդիմության ներկայացուցիչների ձերբակալություններն են։ Ամենայն հարգանքով վերաբերվելով Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին և մյուս ձերբակալվածներին՝ անազատության մեջ հայտնված Հիմնադիր Խորհրդարանի անդամներին, պետք է ընդունել, որ «Սասնա ծռեր»-ն այդ երկու շաբաթվա ընթացքում չարժանացան զանգվածային աջակցության, և խնդիրը բոլորովին ձերբակալությունների մեջ չէ: 
 
Լայն զանգվածների մոբիլիզացիան ապահովելու համար համացանցում հիմնականում կատարվում էր ուղղակի ատելության քարոզ, որը հաճախ ծայրահեղ ձևեր էր ընդունում, քաղաքական քննարկումն դադարեցված էր, նպատակ ունենալով ապահովել միակարծություն ու միասնականություն, բայց աջակիցների քանակը մի քանի հազարից այդպես էլ չանցավ, նոր շարժում չստեղծվեց, իսկ իներցիայով դեռ պահվող հարթակը դարձավ կռվի ու վեճերի թատերաբեմ: Իհարկե, նման տապալումից հետո, ըստ ավանդույթի, «ծախու, վատ ու վախկոտ» ժողովուրդի հասցեին դարձյալ պետք է մեղադրանքներ հնչեն, թե նա չի կամենում պայքարել իր պայծառ ապագայի համար: Բայց, ի վերջո մեղադրանքներից զատ պետք է փորձել հասկանալ, թե ինչպես է պետք գործել ունենալով այն հասարակությունն, որն ունենք:
Այս գործողությունների գծագիրը նորը չէ․ այն կրկնվում է որերորդ անգամ, սակայն այդպես էլ եզրակացություններ չեն արվում ու կրկին ու կրկին նույն շաբլոնով գործելու կոչեր են հնչում: Ի վերջո, ատելության քարոզիչների վերջը միշտ նույնն է՝ հուահատություն և ցինիզմ, որն ունի երկու ելք՝ կա՛մ ապաքաղաքականացում, կա՛մ որևէ ձևաչափով հանրապետականի շարքերի համալրում։
 
Բայց անհրաժեշտ է հիշեցնել մի քանի շատ պարզ հանգամանքներ, որոնք, ըստ էության, որքան էլ հասարակ են, այնքան էլ հեղափոխականների կողմից մերժելի, քանի որ քանդում են իրենց գործելաոճի հիմքերն ու հետևաբար՝ քաղաքական համարժեքությունը: 
 
Հայ հանրությունն, իհարկե, մերժում է գործող համակարգը, բայց մերժելը և սպանելու ու սպանվելու պատրաստ լինելը տարբեր բաներ են: Քաղաքացիական պատերազմում, որն ուզում էին բորբոքել ֆեյսբուքյան զինվորները՝ բավարար չէ ընդդեմ լինելը․ իր կյանքը վտանգի դնողը գործում է հանունի համար, իսկ այդ հանունը ներկայացված էր հարթակում ու հանրային գիտակցության մեջ շատ մշուշոտ և թույլ:
 
Բացի դրանից, Հայատանը Եգիպտոս չէ, Թուրքիա չէ, այսինքն՝ ստվար, միլիոնավոր ռամիկներ ունեցող երկիր չէ, որին բավարար է մեկ առաջնորդ, ֆյուրեր կամ փրկիչ մեսսիա և կարևոր չէ քաղաքական տեքստի աղքատությունը, թիմի որակը և ծրագրի թերությունները: Հիշյալ՝ առաջնորդ-միլիոններ համակարգն, ի վիճակի է  հաղթահարել քաղաքական կիսատությունը, որի շնորհիվ առաջնորդ-դեհկաններ միավորումն իսկապես կարող է դառնալ բանակ, որն ընդունակ է սպանել ու սպանվել: Սակայն, մեսսիային ունենալու համար անհրաժեշտ է ունենալ նաև միլիոնավոր սահմանափակ մարդիկ, որոնք մեզանում չկան: 
 
Եվ, վերջապես, Հայաստանը չունի 14-25 տարեկան երիտասարդների հոծ զանգված, կամ հարյուր հազարավոր գործազուրկներ, ովքեր պատրաստ են կռվել ընդդեմ և ոչ թե հանուն: Մեր բնակչությունն ունի ուրույն սոցիալ-տնտեսական կառուցվածքը, որն առանց քաղաքական հստակ կազմակերպվածության, երկարատև աշխատանքի ու կառուցվածքների զանգվածային գործողությունների չի դիմում: Այդպես է, և Եգիպտոս երազելու կարիք չկա: Այս ամենը հայտնի էր և կրկին անտեսվեց:
 
Իհարկե, աջակցությունը կար, բայց այն ապստամբության օրերի ընթացքում չի վերաճել զանգվածային, կազմակերպչական կամ գաղափարական ուժի: Ճգնաժամին զուգահեռ այդպես էլ չկայացավ գոնե ոտքի ելած քաղաքական զանգվածների կազմակերպումը, ընդհակառակը, խորացավ ընդդիմության ներքին պառակտումը, իսկ հարթակակռիվն ու հետագա զարգացումները սպառնում են նոր՝ նույն «Սասնա ծռեր»-ի համար ոչ ցանկալի զարգացումներով:
 
Հետճգնաժամային զարգացումները հարթակ են հանել սեփական շահերին հետամուտ տարբեր ճամբարների մարդկանց: Հիմնական հարցը մեկն է. ի՞նչ կազմ է ունենալու այսպես կոչված ազգային համաձայնության կառավարությունը: Ըստ այդմ, մի թևը հարվածը Սերժ Սարգսյանից ուղղում է Ռուսաստանի դեմ, մյուս թևը՝ Ռուսաստանից Սերժ Սարգսյանի վրա: 
 
Որոշ ուժեր Հիմնադիր Խորհրդարանի հետ միասին, պայքարելով հիշյալ երկու հոսանքների դեմ, փորձում են ձևավորել նոր հարթակ ու նոր ձևաչափ: Սակայն, այդ ուժերը պիտի կարողանան մաքրել հարթակը՝ վերափոխելով նաև վերջին տանամյակների ընթացքում տարբեր ընդիմադիր խմբերի կողմից վարած ավանդական ու նաև «Սասնա ծռեր»-ի տարած գիծն ու թերթելով մեր իրականության նախորդ էջը․ այլ կերպ հաջողության չեն կարող հասնել: Այսպիսի մի իրարամերժ վիճակ է ստեղծվել, քանի որ «Սասնա ծռեր»-ի գործողությունն այդպես էլ չդարձավ նրանց նպատակադրած քաղաքական գործոնը, բայց, միևնույն ժամանակ, հիմք հանդիսացավ իշխանության (ու լայն իմաստով վերնախավի) պետության շուրջ համախմբման համար: 
 
Ժողովուրդը չհամախմբվեց, իսկ իշխանական վերնախավը, ընդհակառակը, նորովի համախմբվեց՝ պատրաստվելով թե՛ «ազգային համաձայնության» կառավարության և  խորհրդարանի ձևավորմանը, և թե՛ միասնական դիրքրոշմանը՝ երկրի առջև առկա մարտահրավերների հաղթահարմանն՝ ըստ իրենց ունեցած պատկերացումների ու նպատակահարմարությունների։ Իշխանությունը գտավ իր համար մարտահրավերին պատասխանելու ներուժը, իսկ ընդդիմությունը ոչ: 
 
Հիմնական պատճառն այն է, որ մեր հանրության մեջ, եթե նպատակների մեջ կա այս կամ այն չափով համերաշխություն, ապա ձևի մեջ այդ համերաշխությունը չկա: Իհարկե, տաքուկ տեղից հնչող ամպագորգոռ հայտարարությունները ու կոչերը՝ կախել, վառել ու հանել ցցի բավական շատ են, սակայն այդ կոչերը ծառայում են իշխանության համախմբման  ու ռեպրեսիաների արդարացման համար, իսկ երկու միլոին մարդ մնում է տունը, ու այդ փաստը առանցաքայինն է: Հանրության համար այդ կոչերը հնչում են որպես սպառանալիք ոչ թե իշխանության հասցեին, այլ սպառնալիք հենց հանրությանը: Հանրությանը փաստացի վերջնագիր ներկայացվեց. համաձայնվել մեթոդների հետ, եթե համաձայն են նպատակների հետ, իսկ հանրությունը հրաժարվեց կատարել ընտրությունը, որը ենթադրում էր առաջին հերթին ներքին պատերազմ դեռևս ընտանեկան-տոհմային ու փոքրածավալության պատճառով սերտ ներքին կապվածություններ ունեցող երկրում: Մի երկրում, որտեղ գրեթե բոլորը բոլորին ճանաչում են, ու իշխանությունը-հանրությունը դիստանցիան բավականին քիչ է՝ ատելության ու պատերազմի քարոզը ոչ թե ուժեղացրեց ապստամբենրի դիրքերը, այլ թուլացրեց: 
 
Նպատակների տեսակետից քաղաքական պահանջների արմատական բնույթն իսկապես երկրի բարդ, ճգնաժամային վիճակի հետևանքն է, և կարծես թե արդարացված է: Սակայն, եթե այլ տեսակետից նայել, ապա այդ նույն ճգնաժամաին իրավիճակը ցույց է տալիս, որ հանրությունը թույլ է տվել նման իրավիճակի արմատավորումը, որոշ չափով հարմարվել է, իսկ հանրային բավական անտարբեր ու պասիվ արձագանքը ցույց է տալիս, որ այդ արմատական նպատակների ֆոնին հանրությունը չի ընդունում արմատական մեթոդները: Եվ յուրաքանչյուր ընդդիմադիր ուժ իր համար պիտի որոշի, ձևակերպի այդ երկընտրանքը. ինչպե՞ս ներկայացնել արմատական պահանջներ, ունենալով ոչ արմատական հանրություն, և հետևաբար, ոչ արմատական մեթոդների հանրային պահանջ: Կամ, որն է առաջնային քաղաքական դիրքավորման համար. պահանջների վերին շեմը՞, թե՞ մեթոդների, գործելաոճի՝ հանրային պատրաստության ընդունելի շեմը:
 
Իրական ու ազդուն գործելաոճը ենթադրում է սթափ պահանջների ներկայացումն ազդեցիկ մեթոդներով, ճնշման առավելությունը, առաջնահերթությունը ներկայացված նպատակների նկատմամբ, որը իշխանությանը երկընտրանք չէր թողնի: Հակառակ մոտեցումը. ունեցած ռեսուրսին անհամարժեք պահանջները ուղղակի տանում են հերթական պարտության: «Սասնա ծռեր»-ը տեսնելով իշխանությունների անսասանությունը ու ժողովդրի պասիվությունը երկու շաբաթվա ընթացքում փորձեցին նվազեցնել պահանջների շեմը, խոսելով երրորդ տարբերակի մասին, Ս. Սարգսյանի պաշտոնանկության պահանջից հրաժարվելու մասին, սակայն, թափ հավաքած անիվն ուներ իր տրամաբանությունը: Հանրային մոբիլիզացիան պահանջում էր կոշտ հայտարարություններ, որին հանրությունը պատրաստ չէր, կատարված քայլի բարձր շեմը նախկինում հայտարարված պահանջների պատանդ էր դարձրել հենց «Սասնա ծռեր»-ին, իսկ պահանջների շեմի իջեցումը առանց ներքին երկխոսության ու ընդդիմադիր այլ ուժերի հետ աշխատանքի չէր ապահովում նոր համակիրների ներհոսքը: Նաև Հիմնադիր Խորհրդարանը չկարողացավ այդ ծավալի կազմակերպչական աշխատանք իրականացնել, իսկ այլ ուժերի հետ աշխատել չկարողացավ կամ չկամեցավ:
 
Հանրությունը տվեց իր պատասխանը վերջնագրին, և քաղաքացիական պատերազմի կոչերն ու արյունարբու պահանջները շուռ եկան հենց «Սասնա ծռեր»-ի դեմ: Կարելի է իհարկե լինել հեղափոխական այն իմաստով, որ կարելի է թքել քաղաքական իրողությունների վրա: Բայց պետք չի զարմանալ, երբ կատարվում է հակառակ գործընթացը: «Սասնա ծռեր»-ը չկարողացան դառնալ այն պլատֆորմը, որի շուրջ պիտի հավաքվեր ընդդիմությունը ու քաղաքական կապիտալի վերածել հանրային համակրանքը, չկարողացավ դառնալ ընդդիմության առաջնորդ ու նոր ձևաչափով, ծրագրով ու հարթակով ներկայանալ հանրությանը:
 
«Սասնա ծռեր»-ը ներկայացրեցին արմատական պահանջ արմատական մեթոդներով, և չստացան գործնական աջակցություն, նպատակ-մեթոդ երկընտրանքի առաջ կանգնեցրին ընդդիմությանը, դարձնելով այն այդ հարցի պատանդը: Նաև մի կողմից նոր թափով բորբոքվեցին ընդդիմության մեջ առկա հին հակաությունները, իսկ մյուս կողմից հարթակը վերահսկողությունից բաց թողնվեց՝ ճանապարհ հարթելով քաղաքական դիակներին, դիակապտներին ու այս կամ այն իշխանամերձ ճամբարի կրեատուրային:
 
Այս հետևանքը նույնքան տրամաբանական է, որքան տրամաբանական է ոստիկանական ուժերի հռոմեական մանիպուլա մարտակարգի առավելությունն անկազմակերպ ամբոխի նկատմամբ, ինչում ևս մեկ անգամ համոզվեցին հայ ցուցարարները: Եվ նույնքան տրամաբանական է, որքան քաղաքական ուժի առավելությունը՝ քաղաքական մտածողություն չունեցող, քաղաքական օրենքները չիմացող ու մերժող խմբերի նկատմամբ:
 
Ամենազավեշտալին այս իրավիճակում այն է, որ նույն Հիմնադիր Խորհրդարանը, ինչպես նաև մնացած ընդդիմադիր ուժերը իսկապես շատ լավ հասկանում էին մեր հանրության վիճակը, շատ լավ գիտեն, որ ազատ ու արդար ընտրություններում իրենց կալվածքներում շարունակաբար հաղթելու են Մհեր Սեդրակյանը ու Առաքել Մովսիսյանը, շատ լավ պատկերացնում են մեր հանրության նաև ստվերային կողմերը: 
 
Ուստի, այդ պատկերացումները պիտի առաջացնեին երկընտրանք նաև հեղափոխականների մոտ. կամ պատրաստվել երկարատև աշխատանքի, կառույցների ստեղծմանը որդեգրելով այն մարտավարությունը, որն ընկալելի է հանրության միջինացված քաղաքացու համար, կամ մեթոդաբանության արմատականությունը դարձնել կազմակերպման առանցք, նեղացնելով սեփական բազան: 
 
Առաջին ճանապարհը պահանջում է մեծ համբերություն, պահանջում է ունենալ բարդ հորիզոնական կառույցներ, երկարատև ու շատ նուրբ քաղաքական աշխատանք, համագործակցություն ու կոալիցիաներ այլ խմբերի հետ, երկրորդ ճանապարհը քաղաքական տեխնոլոգիայի տեսակետից ավելի դյուրին է ու պահանջում է ավանդական, պարզ ու ներքին կազմակերպման տեսակետից ուղղահայաց, հիերարխիկ կառույց: Պետք է նշել, որ խնդրի խորությունը հաճախ նույնիսկ գիտակցվում է, սակայն ընտրությունը կատարվում է ելնելով կոնկրետ թիմի քաղաքական ու այլ որակներից, ունակությունից, հնարավորություններից ու թիմի կառավարելիությունը ու վերահկելիությունը ապահովելու շարժառիթներից: Այդպես է մեզանում կատարվում արդեն տանամյակներ շարունակ, ու կարող է ևս տանամյակներ շարունակվել, եթե հետևություններ չարվեն:
 
Պարզ է, որ այդ երկու մոտցումները պահանջում են տարբեր ու համարժեք գաղափարախոսական և քաղաքական հիմնավորումներ, լեզու ու ծրագրեր:
 
Այդ երկրորդ, դյուրին մոտեցումը մեզանում ունի նաև նախամոդեռնից ժառանգած պատմական ավանդույթներ, բայց հիմնված է ի տարբերություն առաջին մոտեցման հանգիստ, ոչ պայծառ գույների, աշխատանքային ոճի՝ շատ ավելի զգայացունց ու արտաքնապես համակրելի ու վեհ գաղափարաբանության վրա, որը ծառայում է այդ հիերարխիկ կառույցի արդարացմանը ու բյուրեղացմանը: Այդտեղից են սերում էլիտիստական. «տեսակի կռիվ», ոգու ու ոգեղենի, անհատապաշտության ու առաջնորդապաշտության, հերոսների պանթեոնի ու դիցաբանության, որակյալ փոքրամասնության,  ու նույնիսկ արևելահայությունը արևմտահայությանը հակադրող կոնստրուկտները: Այսպիսով, հեղափոխական ճանապարհը, որը չի հենվում լայն կոնսենսուսի վրա, և հետևաբար, քաղաքականի վրա ընտրում է «տեսակի» սնոբիստական մոտեցումը ի հեճուկս չենթարկվող ու չհասկացող ընդհանուր զանգվածի ու ստեղծում է իր հաղորդկացման լեզուն ու քաղաքականը (դառը իրականությունը) մերժող դիսկուրսը, որպես իր շարքերի կարծրությունն ու կուռությունը ապահովելու միջոց: Եվ այս խնդիրը վերաբերվում է գրեթե բոլոր քաղաքական հոսանքներին ու խմբերին, ձախից աջ, ու կապ չունի թե էլիտիստական հրետոռաբանությունըն ազգային երանգներ ունի, թե՝ ազատական կամ ձախական:
 
Այսպիսով, «տեսակի», փոքրաթիվ, կուռ ու նեղ բազայի վրա հիմնված շարժումը ձևակերպում է իր միսիան, որպես բարոյական պարտք նախնիների ու ապագա սերունդների նկատմամբ, բայց չունենալով աշխատանքի մոդուս ներկա սերունդների նկատմամբ: Մեսսիականությունը հանրության հետ երկխոսելու, հանրությունը հասկանալու խնդիր (ունակություն) չունի ու տրամաբանորեն աղանդավորություն է ծնում՝ որպես քաղաքականը մերժող գաղափար ու պրակտիկա: 
 
Եթե քաղաքական նպատակներ դնող ուժը թերագնահատում է քաղաքական մոտեցումներն ու առաջնորդվում է «մի բան անել», «ամեն ինչ կամ ոչինչ», «ով մեզ հետ չէ, մեր դեմ է» և այլ համանման կարգախոսներով, ապա այն ներկայացնում է ոչ թե հանրությունը, այլ սոսկ ինքն իրեն, գործում է սեփական ուռճացված խոստումների տակից դուր գալու տղայական ցանկությամբ և, ի վերջո, ստանում է պետության շուրջ երեք նախագահների միավորում և իշխանության կողմից խնամքով պահպանվող սխալ ու անվնաս ճանապարհի հիշատակ:
 
Վտանգի պահին քաղաքական մտածողությամբ օժտված իշխանությունն ընդլայնում է իր հենարանը: Աղանդավոր հեղափոխականների հենարանը նեղացնում են, որպեսզի ստանան նվիրյալ ու մոլեռանդ խումբ և ապա՝ տապալում:
 
Այս դասերը քաղելու ժամանակը վաղուց անցել է, բայց հայ հանրությունը այդպես էլ չի կարողանում դուրս գալ մեսիականության-աղանդավորության փակ շրջանից, այդպես էլ չի կարողանում խոսել քաղաքական լեզվով ու հենվել ինքն իր վրա: Վստահ եմ, որ ստանալու եմ բազմաթիվ բացասական գնահատականներ, սակայն այդ քննադատությունը միայն հաստատելու է խնդրի առկայությունը: Մեր հանրությունն այնպիսին է, ինչպիսին որ կա, և առանց քաղաքական լեզվի, քաղաքական երկխոսության, քրտնաջան աշխատանքի, հորիզոնական կառույցների ու լայն հանրային աջակցության նեղ նվիրյալների ու տեսականու պայքարը տապալվել է ու տապալվելու է: Ուստի, այդ նոր ձևավորվող հարթակը պիտի ուղղի նախկինում կատարված բոլոր սխալները, վերադարձնի գործընթացը քաղաքականության դաշտ, հանրությանը ներկայացնի նոր ծրագիր ու մոտեցումներ և կարողանա հիմք հանդիսանալ հանրության համախմբման համար՝ հանուն և ոչ թե ընդդեմ ձևաչափով: Ժամանակ ու հնարավորություններ կան ու պայքարը դեռ առջևում է, և այդ աշխատանքի համար պատասխանատու են Հայաստանի բոլոր ընդիմադիր ուժերը:
Հայկ Բալանյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր