Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 հոկ 2017 20:32

Օլիգարխիկ ֆուտբոլի վերջը

Օլիգարխիկ ֆուտբոլի վերջըԱնդրադառնալով մեր ֆուտբոլի ողորմելի վիճակին անհրաժեշտ է սկզբից մատնանշել, թե ինչ է պետք և հնարավոր է անել մեր նման երկրի պայմաններում։
Հեծանիվ մոգոնելու կարիք չկա։ Անհրաժեշտ է վերակագնել ներքին առաջնությունը, ընդորում առավելապես սիրողական և կիսասիրողական ֆուտբոլի տեսքով, մի քանի լիգաներով և տարիքային խմբերով։ Նպատակն է վերստեղծել ներքին առաջնությունը, ֆուտբոլային կյանքը առավելագույն ծավալով։ 
 
Օրինակ Իսլանդիան, որին որպես ֆուտբոլային երկիր արդեն ներկայացնել պետք չէ՝ ունի 334 հազար բնակչություն, և ֆուտբոլային ակումբներում գրանցված 20 հազար խաղացողներ(կանայք և տղամարդիկ), որոնք ընդգրկված են 5 (հի՛նգ) դիվիզիոններում։
Առաջինից երրորդ դիվիզիոններում՝ 12 ական թիմ, չորորդ դիվիզիոնում 10, իսկ հինգերորդ դիվիզիոնը բաղկացած է 4 խմբերից 33 թիմով։ Ընդամենը 79 ֆուտբոլային ակումբ։ 
 
Այդ ամենը չհաշված մանկապատանեկան, երիտասարդական, թաղի և համայնքների այլ բազմաթիվ թիմերը, որոնք ազգային առաջնությանը և գավաթի խաղարկության չեն մասնակցում։
Ավելորդ է ասել, որ երկրի կլիման սուբարկտիկ է՝ երկար և ցուրտ ձմեռով, իսկ խաղացողների մեծ մասը հիմնականում ոչ թե պրոֆեսիոնալ խաղացողներ են, այլ սիրողական կամ կիսասիրողական, որոնք ունեն հիմնական աշխատանքի վայր և ստանում են միայն որոշակի աջակցություն թաղի ֆուտբոլի սիրահարներից կամ իրենց սեփական եկամուտներով են հոգում իրենց նախասիրության ծախսերը։ 
 
Իհարկե, իսլանդացիները հեշտությամբ են միավորվում իրենց ուզած գործը համատեղ ուժերով գլուխ բերելու համար, իսկ մեզանում, չնայած կիրակի օրը ընկերներով ֆուտբոլ խաղալու բազմաթիվ փոքր խմբակներին, այդ ինքնակազմակերպման ունակությունը և ավանդույթը դեռևս թույլ է: Օբյեկտիվորեն այդպես է, բայց նաև այլ ճանապարհ ֆուտբոլի, և ոչ միայն ֆուտբոլի զարգացման համար չկա: 
Ինչպես նաև չկա և ոչ մի տարբերակ կայացնել ֆուտբոլի մի քանի լիգա պրոֆեսիոնալ, այսինքն վարձատրվող հիմուքններով: Հայաստանից շատ ավելի հարուստ երկրների ֆուտբոլային լիգաները գործում են սիրողական կամ կիսասիրողական սկզբունքներով:
 
Հայաստանում, առանց Արցախի մարզի առկա է 49 քաղաք և բազմաթիվ խոշոր գյուղեր, և Իսլանդիայից առանվազն 8 անգամ ավելի շատ բնակչություն և շատ ավելի բարենպաստ կլիմա։ Մենք այդ թիմերը չունենք, չնայած իսլանդական փորձի իրականացման համար անհրաժեշտ են ոչ թե խոշոր հովանավորներ կամ ներդրումներ, այլ ընդամենը նորմալ դաշտեր:

Կարիք չկա կառուցել ստադիոններ/մարզադաշտեր/, որոնել գովազդատուներ և հենց սկզբից խնդիր դնել ստեղծել պրոֆեսիոնալ թիմերի առաջնություն, առավել ևս բոլոր լիգաներում։ 
Կարևոր է կայացնել ֆուտբոլային կյանքը և ունենալ հազարավոր խաղացողներ և ֆուտբոլային միջավայր, որտեղ երիտասարդ խաղացողները հնարավորություն կունենան բարձրանալ լիգայից լիգա։ Նորմալ դաշտերի և տարրական կազմակերպվածության դեպքում սիրողական և կիսասիրողական ֆուտբոլը կարող է կայացնել նաև մեկ պրոֆեսիոնալ լիգա, երբ քանակը կտա որակ և ներքևից ֆուտբոլային աճը կվերականգնի ֆուտբոլը Հայաստանում: 

Ինչու այդ էժան և պարզ ճանապարհը չի՞ իրականացվում։ Մի պարզ պատճառով։ 
ՀՖՖ նախագահին ավելի հեշտ է վերընտրվել չնչին քանակի(ըստ կանոնադրության 15 ֆուտբոլային ակումբ, 1 ֆուտբոլի դպրոց ու կանանց և ֆուտզալի ասոցիացիաները) վերահսկելի և իրենից կախում ունեցող ֆուտբոլային բյուրոկրատների միջոցով և ազատորեն, առանց ավելորդ հարցերի տնօրինել ՈՒԵՖԱ-֊ից ամեն տարի տրամադրվող միջոցները։
 
Եթե լինեն տասնյակ կամ հարյուրավոր սիրողական թիմեր, որոնք ոչ մի ֆինանսական կախում չունեն ՀՖՖ-֊ից, ապա Նախագահի պաշտոնին հավակնողը պիտի իրական աշխատանք ցույց տա, շփվի և աշխատի հարյուրավոր մարդկանց հետ, ծրագիր ներկայացնի, եթե ուզում է վերընտրվել և իհարկե մրցակիցներ կունենա։ Իսկ, պարզ ասած, գործող Նախագահը այդ ցանկությունը ու ժամանակը չունի։
 
Ավելին, դրա զահլեն ու ժամանակը ոչ մի հայ օլիգարխ չունի։ Հակառակ դեպքում այն բոլոր քաղաքական հավակնություններ ունեցող դեմքերը, որոնք ուզում են Հայաստանում ոտք ամրապնդել՝ պիտի առաջին հերթին այդ գործը նախաձեռնեին, որպեսզի մի քանի տարի հետո ունենան իրական աջակցություն և մարդկային կապերի և կառույցների կապիտալ։ 
 
Ավելի հեշտ է վարել փողի և կաբինետային սակարկությունների գործունեություն, որը իրենց թվում է թե քաղաքականություն է կոչվում, բայց չզբաղվել մարդկանցով։ Մինչդեռ քաղաքականությունը հենց մարդկանցով զբաղվելն է։
Բացի այդ, հավանաբար այդ մարդիկ չեն ուզում ցցվել, հանկարծ շատ մեծ կշիռ չհավաքեն, որպեսզի խանդից գլխներին չբամփեն, քանի որ հեղինակություն ունեցողներին՝ մարդկային համակրանքը գործող համակարգում չի ներվում, իսկ ոլորտի տապալումը ներվում է։
 
ՈՒստի, Ռուբեն Հայրապետյանի փոփոխությունը առանց ոլորտի զարգացման սկզբունքների փոփոխության ոչինչ չի տա։ Նոր նախագահը ևս փորձելու է պահել մի 6-8 ակումբ, որոնց հետ աշխատելը և որոնց վերահսկելը հեշտ է և չի գնալու հարյուրավոր թիմերի կայացմանը, որոնց հետ աշխատելը շատ դժվար է և ծախսատար։
 
Այդպես են վարվել շաքար ներկրողի պարագայում, այդ ճանապարհով՝ կենտրոնացման և գերկուտակման, գնում է բանկային ոլորտի զարգացումը, և մնացած բոլոր ոլորտներում զգացվում է հստակ միտում կրճատել խաղացողների քանակը՝ փողի կուտակումը և վերահսկումը ապահովելու համար, և ֆուտբոլը բացառություն չէ, այլ տխուր օրինաչափություն։ 
Բայց սպորտն առանց մրցակցության, առանց լայն մասսայական հենարանի հեռանկար չունի։ Իսկ մեր իշխանությունները վախենում են մասսայական կազմակերպված շարժումներից, առավելևս եթե այն կախված չէ մեկ օլիգարխի քսակից։ Նույնիսկ եթե այդ կառույցները սպորտային են:
 
Ես հեռու եմ այն մտքից, որ ֆուտբոլի, ինչպես նաև այլ ոլորտների կայացումը հնարավոր է միայն ներքևից։ Ադրբեջանի կամ Ռուսաստանի օրինակը ցույց է տալիս, որ այդ համակարգը կարող է նաև կառուցվել վերևից ներքև ևս։ Սակայն, այդ դեպքում ոլորտի կայացումը պահանջելու է պետական հստակ ծրագիր, պլանավորում և բառիս բուն իմաստով պետական մոտեցում, պահանջելու է գումարային ներդրումներ։
Այդ դեպքում այդ սիրողական կամ կիսասիրողական թիմերի ցանցը ստեղծվում են վարչական մեթոդներով: Բայց առանց այդ ցանցի կայացման՝ կարևոր չէ վերևից ներքև, թե ներքևից վերև, ֆուտբոլի զարգացման մասին կարելի է մոռանալ։
Անկախ ամեն ինչից ֆուտբոլը դեմոկրատական և դեմոկրատացնող խաղ է։ Կհամարձակվե՞ն մեր իշխանությունները կառավարման իրենց մակարդակով բարդ խնդիրներ լուծել՝ դժվար է ասել։
 
Հայկ Բալանյան


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր