Եվրամիության հետ պայմանագիրը, մի քիչ կշտկի այն մինուսները, որ ստացանք ԵՏՄ-ին միանալուց հետո. Տեսանյութ
Հայացք մամուլի ակումբում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը խոսեց Տալինի քաղաքացիական ֆորումի և Բրյուսելում ստորագրվելիք
ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի մասին:
Ստեփան Գրիգորյանը ԵՄ նախագահող երկրում՝ Էստոնիայում, օրերս մասնակցել է քաղաքացիական մեծ ֆորումի ու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ հարց է ուղղել ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննին. «Նրան հարց ուղղեցի՝ ներառելով ՀՀ-ում շրջանառվող մի շարք տարբերակներ՝ այն, որ ԵՄ-ն տեխնիկապես պատրաստ չէ ստորագրել համաձայնագիրը, քանի որ կա լեզուների թարգմանության խնդիր, կամ այն, որ Ադրբեջանը փորձում է խոչընդոտել, Ռուսաստանը՝ նույնպես: Պարոն Հաննը պատասխանեց, որ Եվրամիությունը պատրաստ է ստորագրել Հայաստանի հետ ասոցացման նոր համաձայնագիրը՝ Բրյուսելի գագաթնաժողովի շրջանակներում(նոյեմբերի24):
Նրա խոսքով՝ այն ուղղված չէ երրորդ պետության դեմ, ավելին՝ այս համագործակցության վրա չեն կարող ազդել երրորդ երկրները: ԵՄ հանձնակատարը հետաքրքիր մի միտք էլ ասաց. Հայաստանը կլինի առաջին երկիրը Արևելյան գործընկերությունում, որը լինելով ԵԱՏՄ անդամ՝ միաժամանակ Եվրոպայի հետ լուրջ պայմանագիր կկնքի»,-ասաց Ստեփան Գրիգորյանը:
Անդրադառնալով համաձայնագրի կետերին՝ Ստեփան Գրիգորյանը նշեց.«Այն հնարավորությունը, որը տալիս է Եվրամիության հետ պայմանագիրը, մի քիչ կշտկի այն մինուսները, որ ստացանք ԵՏՄ-ին միանալուց հետո: Պայմանագիրը ձևավորված է փոխլրացման սկզբունքով: ԵԱՏՄ-ի շրջանակներում նույնիսկ պլան չկա հին գործարանները վերագործարկելու մասին, իսկ այս ծրագրում կա: Հստակ գրված է, որ ԵՄ-ն կաջակցի Հայաստանին՝ վերագործարկել գործարանները: Զբաղվելու են նաև տուրիզմի զարգացմամբ, կոռուպցիայի դեմ պայքարով: Այդ կետերը ԵՏՄ շրջանակներում չկան»,-ասաց քաղաքագետը:
Ստեփան Գրիգորյանը հավելեց նաև, որ
Եվրամիությունը լրջորեն մտադրված է կնքել համաձայնագիրը, իսկ եթե դա չստացվի, ուրեմն պատճառը պետք է մեր մեջ փնտրել: