Ռուսաստանն ունի՞ հայերի հետ կապված «սև» ցուցակներ. Տեսանյութ

Ստեփան
Գրիգորյանը հայտարարեց, որ իր հետ կատարվածը քաղաքական դրդապատճառ ուներ: Այդ օրը նա մեկնել էր Մոսկվա` անձնական պատճառներով, հոր գերեզմանին այցելելու: Նրան ներկայացրել էին մի փաստաթուղթ, ինչի հիման վրա կարող է մարդկանց մուտքը ՌԴ արգելվել: Փաստաթղթում նշված մեկ կետ է Ստեփան Գրիգորյանը գտել`26 հոդվածի, 9 կետը, որի համաձայն իր մուտքն այդ երկիր արգելվում է: Այդ կետն ամրագրվել է անցած տարվա մայիսի 23-ին և իր կարծիքով ակնհայտ քաղաքական բնույթ է կրում, քանի որ արգելափակվում է այն մարդկանց մուտքը ՌԴ, որոնք աշխատում են ՌԴ-ում անցանկալի համարվող միջազգային կազմակերպությունների հետ: «Այն, որ ինձ արգելվել է մինչև
2030
թ. մուտք գործել Ռուսաստան, ակնհայտ ճնշում է ոչ միայն իմ, այլ նաև մեր հասարակության վրա: Ակնհայտ ճնշում է ակտիվ գործող հասարակական կազմակերպության վրա և քաղաքական բնույթ է կրում»,- ընդգծեց քաղաքագետը:
Ստեփան Գրիգորյանը տեղեկացրեց, որ դեպքի առնչությամբ ՀՀ արտգործնախարարությունը շատ արագ արձագանքել է և իր գտնվելու տեղի մասին տեղեկացրել նրա աընտանիքի անդամներին: «Իմ կինը զանգել է ԱԳՆ`հայտնելով, որ չգիտի իմ տեղը և նրանք շատ արագ կապի են դուրս եկել տարբեր ինստիտուտների հետ ու պատասխանել են, որ ես գտնվում եմ, այսպես ասած «ստերիլ գոտում»»:
Քաղաքագետի խոսքով՝ ռուսական կողմից մինչ օրս արձագանք չկա, իսկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչը հայտարարել էր, որ Ստեփան Գրիգորյանի արտաքսման վերաբերյալ որևէ տեղեկության չեն տիրապետում: «Բայց ես հավատացնում եմ ձեզ, դա դեպորտացիա էր:
Ինձ սահմանապահները շատ հստակ ասել են, որ «դեպորտ են անում»:
Ստեփան Գրիգորյանը` նաև ասաց, որ շարունակելու է իր գործունեությունը, այդ թվում նաև՝ քննադատելու է ՌԴ-ի քաղաքականությունը, եթե փորձ արվի ԼՂՀ հարցի հաշվին կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ: «Ես կշարունակեմ այն աշխատանքները, որը կատարում եմ, քանի որ համարում եմ, որ Հայաստանը պետք է սուվերեն լինի և աշխատի բոլոր երկրների,և ոչ միայն մի երկրի հետ, և կքննադատեմ, այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքականությունը, եթե փորձ արվի Ղարաբաղի անվտանգության դեմ քայլ անել, ոչ ոք ինձ չի կարող կանգնեցնել»,- նշեց քաղաքագետը` հավելելով, որ խորհրդակցել է Հայաստանում իրավաբանների հետ և իր իրավունքները կպաշտպանի միջազգային կառույցներում, այդ թվում չի բացառում ՄԻԵԴ դիմելու տարբերակը:
Եթե ՌԴ-ից համարժեք պատասխան չլինի, քաղաքագետը ՀՀ իշխանություններին հորդորում է`գործել փոխադարձության սկզբունքով` մեկ ռուս գործչի «անցանկալի անձ» հայտարարել և արգելել նրա մուտքը Հայաստան, մանավանդ, որ ՌԴ-ում այսօր շատ են հակահայկական կեցվածքով գործիչները:
Ստեփան
Գրիգորյանը վստահ է, որ իր դեպքը եզակի չէ, և ՌԴ-ում կան ցուցակներ: Նա ՀՀ իշխանություններին հորդորեց դիվանագիտական խողովակներով ստուգել՝ Ռուսաստանն արդյոք ունի՞ հայերի հետ կապված «սև» ցուցակներ, որպեսզի մարդիկ իմանան, և չհայտնվեն այնպիսի իրավիճակում, որում ինքը հայտնվեց: