Հայաստան-Սփյուռք կապերի համար հարկավոր է նեղ իշխանական, նեղ կուսակցական և խմբակային շահերից դուրս, ազգային խոր գիտակցական մոտեցում. Կարո Հակոբյան
Հայաստան-սփյուռք կապերի, առկա խնդիրների մասին Hayacq.com-ը զրուցեց Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանի հետ:
-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստան-Սփյուռք համագործակցությունը: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները արդյո՞ք ճիշտ ուղղու վրա են:
-ՀՀ-ի Անկախությունից անցել է ավելի
քան քառորդ դար, սակայն Հայաստան-Սփյուռք կապերը իրականության մեջ, ես կասեի դեռ մնում
են սաղմնային վիճակում:
Ստեղծվել է
Սփյուռքի նախարարությունը, տեղի են ունեցել արդեն թվով վեց Հայաստան-Սփյուռք խորհրդաժողովներ,
հանդիպումներ, միջոցառումներ... այդ ձեռնարկներն ու պարբերական հանդիպումները իհարկե դրական են, բայց բուն հարցի հետ, որն է արմատական
և խորքային մոտեցումը, կապ չունեն: Եթե չլիներ նույնիսկ Սփյուռքի նախարարությունը միևնույնն
է տարեկան նույն չափի սփյուռքահայեր կայցելեին հայրենիք, նույն որակի մշակութային,
մարզական և այլ նման միջոցառումներ՝ (գուցե առանց մեդալների ու պարգևների) տեղի կունենային:
Նույն չափի բարեգործական բնույթի ներդրումներ և աջակցություններ կլինեին, քանի որ սփյուռքը
իր բազմաբնույթ փոքր ու մեծ կառույցներով անկախ ամեն ինչից ըստ իր բնույթի ու ձկտումների
կձեռնարկեր նման քայլեր:
Իշխանությունների
դերը լավագույն պարագայում եղել է նման միջոցառումների համադրում՝ ոչ ավելին:
Հայաստան-Սփյուռք
կապերի և համագործակցության վերաբերյալ հարկավոր է ավելի լայնախոհ և համապարփակ մոտեցում
և ռազմավարություն, որը իսկական հնարավորություն կստեղծի միավորելու և համադրելու հայրենիքի
ու սփյուռքի ողջ ներուժը՝ հանուն հայրենիքի
ամրապնդման և հզորացման, հանուն ողջ հայության բարգավաճման և հարատևության:
Ամեն շահից
վեր այստեղ պակասում է գիտական, խորքային մոտեցումը:
Հարկավոր է,
մի կողմից նեղ իշխանական, մյուս կողմից նեղ կուսակցական և խմբակային շահերից դուրս,
ազգային խոր գիտակցական մոտեցում: Այնպես որ այս հարաբերությունները, հարկավոր է դնել
ճիշտ ուղու վրա: Այստեղ է, որ ես կասեի սայլը
տեղից չի շարժվում և անընդհատ դոփում ենք տեղում:
-Ամենակարևոր
հարցերը, խնդիրները որո՞նք են:
-Ամենահիմնականը իմ կարծիքով, առաջին հերթին
իշխանությունների մոտ իսկական համագործակցության համար հեռանկարային ու հեռուն տանող
ռազմավարություն մշակելն է: Սփյուռքը իշխանությունների համար, որքան էլ օր ու գիշեր
բառբառեն Սփյուռքի մասին, իրականության մեջ չունի կարևրություն: Նրանց լոկ մտահոգում
է Սփյուռքից՝ կներեք արտահայտությանս, այսպես ասած փող պոկելը, ուրիշ ոչինչ: Սփյուռքը
օրենսդրորեն չունի ոչ խոսելու իրավունք և ոչ էլ գործելու, նրան վերապահված է լոկ հնազանդվելու,
իհարկե սփյուռքի անվան տակ ոմանք շատ լավ կատարում
են հնազանդության այդ պարտքը և հետևում են բոլորիս հայտնի քծնելու քաղաքականությանը:
Գալով ամենակարևորին՝ իմ կարծիքով առաջին
հերթին դա Հայաստանի համակողմանի զարգացման հարցն է բոլոր ոլորտներում, նշեմ միայն
տնտեսական, քաղաքական և հասարակական խնդիրները, ժողովրդի բարեկեցության խնդիրը, եթե
դրանք լուծված չեն, չեն լուծվի նաև Սփյուռքի խնդիրները:
-Ինչքանո՞վ
է Հայաստան պետությունը կատարում Հայաստան-Սփյուռք
շահերի երաշխավորի դերը:
-Սփյուռքի շահերի խնդրում կասկածում եմ, որ
Հայաստանը, ներկա պայմաններում, հնարավորություն ունենա ներկայանալ երաշխավորի դերում:
Իհարկե երաշխավորումը լայն իմաստ ունի և այդ առումով Հայաստան պետությունը ինքնստինքյան
այլ պետությունների մոտ կարող է ունենալ դրական ներգործություն: Հայաստանի հետ Սփյուռքի
շարունակական շփումները բնականաբար անուրանալի և հզոր ազդակ են նրա ինքնության և հայապահպանման
գործում:
-Որքանո՞վ
ենք արդյունավետ օգտագործում Սփյուռքի ներուժը Հայաստանում:
-Այդ հսկայական ներուժի միայն մի չնչին մասն
է արդյունավետ օգտագործվում: Սփյուռքը ունի հսկայական ներուժ և հնարավորություններ:
Հարկավոր է Հայաստան-Սփյուռք հարաբերություններում նախ և առաջ իսկական վստահության
մթնոլորտի ստեղծում, օրենսդրորեն երաշխավորված իրավունքների ու պատասխանատվությունների
հստակ բնորոշում, որից հետո միայն հնարավոր
կլինի իրագործել և լուծել համապարփակ և համազգային բնութ ունեցող ծրագրեր, հարցեր:
-Խոսենք
ձեր գործունեության մասին: Եվրոպայի հայերի համագումարը հիմնականում ի՞նչ գործունեություն
է ծավալում:
-Եվրոպայի հայերի համագումարը հիմնվել է 2003 թվականի սեպտեմբերի 27-28-ին Բրյուսելում
կայացած հիմնադիր ժողովում: Հիմնադիր անդամներն են եղել 16 եվրոպական երկրներից ժամանած
ներկայացուցիչներ և կազմակերպություններ: Այդ հիմնադիր համաժողովում ընտրվել եմ որպես
կազմակերպության նախագահ և մինչ օրս կրում եմ այդ պատասխանատվությունը:
ԵՀՀ-ն իր ծրագրում ներկայացնում
է գործունեության մի քանի հիմնական ուղղություններ:
Պաշտպանել և զարգացնել Եվրոպայում բնակվող հայության՝ հատկապես երիտասարդության ազգային,
մշակութային և հասարակական շահերը:
Պայքարել Հայոց ցեղասպանության
ճանաչման և դատապարտման համար:
Զարգացնել Հայաստան-Սփյուռք
կապերը:
Արծարծել Արցախի ազատագրման
և ինքնորոշման հարցը միջազգային ատյաններում ու պայքարել հակահայկական երևույթների
դեմ:
Աջակցել Հայաստանի Հանրապետության
ժողովրդավարացման և մարդու իրավունքների ամրապնդմանը:
-Իսկ
մտավորական Կարո Հակոբյանը ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Թեպետ մասնագիտությամբ մաթեմաթիկոս և նոր
տեխնոլոգիաների ու համակարգչային գիտությունների փորձագետ եմ, սակայն իմ տարերքը եղել
է ու կա գրականությունը: Ցավոք, ստեղծագործությունների համար քիչ ժամանակ է մնում:
Որքան կցանկանայի ստանձնած հասարակական-քաղաքական պատասխանատվություններս նվազագույնի
հասցնել, որպեսզի ժամանակ ունենայի զբաղվելու գրականությամբ:
Բայց երբեմն հնարավոր է լինում այդ ընդմիջոցին
ստեղծագործել:
Գրական առաջին փորձերը
կատարել եմ Լիբանանում: Նախկինում խմբագրել եմ Չարենց օրացույցների շարքը, որոնք շարունակվեցին
մի քանի տարի ևս Շվեդիայում, աշխատակցել եմ իրանական մամուլին: իմ մեջ միշտ էլ արթուն
և էական է եղել մի կողմից Տերյանական երազանքն ու մեղեդին, մյուս կողմից Չարենցյան
բոցավառ շունչը...
2000-ին Շվեդիայում լույս
տեսավ «Գերված սրտեր» առաջին բանաստեղծական ժողովածուն:
2015 թվականին Շվեդ գրող
հանգուցյալ Սթիգ Լյունդսթրյոմի, Արծվի Բախչինյանի հետ համատեղ աշխատությամբ, հայ գրքի
տպագրության 500-ամյակի առթիվ, լույս տեսավ «Արարատի շուքի ներքո» (I Ararats
skugga) ժամանակակից հայ բանաստեղծության անթոլոգիան՝ շվեդերենով:
Անտիպ պատմվածքների, պոեմների
և բանաստեղծությունների մի շարք աշխատություններ կհրատարակվեն ոչ հեռու ապագայում,
հերթականորեն, երբ անցնեմ թոշակի ու գտնեմ մի քիչ ավել ժամանակ:
-Հայապահպանության
հիմքերի ամրապնդման հարցում մեծ է մշակույթի, լեզվի ու կրոնի դերը: Սփյուռքում ինչքանով
է պաշտպանված հայկական մշակույթը, ինչպես է լուծվում հայկական կրթօջախներում առկա խնդիրները
գլոբալիզացման դարաշրջանում:
-Աշխարհում ականատես ենք լինում արագընթաց,
անհեռանկար ու կարծես աննպատակ ու կործանարար փոփոխությունների, որոնցից զերծ չի կարող
մնալ նաև հայությունը, թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում, Սիրիան ձեզ կենդանի վկա: Այս
առումով հայկական համայնքները՝ հատկապես միջին արևելքի մեր համայնքները ավելի խոցելի
վիճակում են գտնվում: Եվրոպական և ամերիկյան ցամաքամասերի գաղութների խնդիրը մի քիչ
այլ է, նրանց մոտ առավել օրհասական և դժվար լուծելի են լեզվի, մշակույթի ու հայապահպանման
խնդիրները, ահա այստեղ է, որ Հայաստանի հզոր ներգործության անհրաժեշտությունը զգացվում
է: Այս բոլոր հարցերը մասամբ լուծվում են տեղի հայկական եկեղեցական, մշակութային և
հասարակական տարբեր մեծ ու փոքր կառույցների ու միությունների տքնաջան աշխատանքների
միջոցով:
-Ի՞նչ
քայլերն են անհրաժեշտ Հայաստան-Սփյուռք կապերի ավելի ամրապնդման համար:
-Ինչպես նշեցի, հարկավոր է երկուստեք սրտցավ
և գիտակից մոտեցում: Ձևական, մակերեսային և տոնական հանդիսությունների ու այսպես ասած հարյուրամյակների խնջույքային ներկայացումների
ժամանակն անցել է: Հարկ է հարցին ցուցաբերել մասնագիտական և ծրագրային մոտեցում՝ հստակ
ժամանակացույցով:
-2017թ-ի
նոյեմբերին ստորագրվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը:
Այն գործնական ի՞նչ հնարավորություններ է ընձեռում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների,
կապերի ամրապնդման համար:
-ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության
համաձայնագիրը կարելի է համարել բավականին խոստմնալի ձեռքբերում, որի իրագործման պարագայում
Հայաստանի Հանրապետության համար կբացվեն որոշակի հնարավորություններ: Միջազգային քաղաքական
ասպարեզում դիրքերի ամրապնդում, տնտեսական, քաղաքական ոլորտներում զարգացման և մանևրելու
շոշափելի այլընտրանքային հնարավորություն, հասարակության համար արժեհամակարգային հստակեցում
ու ժողովրդավարության խթանում և այլն...
Իհարկե այս բոլորը այն պարագայում, եթե կա
կամք՝ հետևելու պայմանագրային դրույթներին, և պայմանագիրը չի մնա լոկ թղթի կտոր:
Իհարկե մենք ողջունում ենք այս համաձայնագիրը
և որպես Եվրոպայում գործող հասարակական քաղաքական ոչ շահույթ հետապնդող կազմակերպություն մեր իրավասությունների և պարտավորությունների
մեջ ենք գտնում մասնակից դառնալու այս գործակցությանը և ներդնել որոշակի ավանդ:
-Ամանորը
Հայաստանում եք նշում, արդյո՞ք սա առաջին անգամ է և հնարավոր է, որ այն պարբերական
բնույթ կրի:
-Սա
իհարկե առաջին անգամը չէ, սակայն դեռևս ավանդույթ էլ չի դարձել:
Բայց ինչու չակնկալել, որ ամառային արձակուրդների կողքին ձմեռային արձակուրդները, հատկապես
նոր տարին ևս դառնա այցելությունների և զբոսաշրջության հարմար առիթ:
-Ամանորյա Ձեր մաղթանքը հայ ժողովրդին:
-Հայ
ժողովրդին աշխարհի չորս ծագերում մաղթում եմ հարատևություն, հաջողությունների շարան,
երջանկություն և ապագայի նկատմամբ հավատք: Հայաստանին ու Արցախին խաղաղություն: