Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

07 հուլ 2016 20:34

Ներքին և արտաքին անհարմարություններ

Հայաստանը սահուն անցում է կատարում դեպի նախընտրական փուլ` արտաքին ու ներքին անհարթ ժամանակաշրջանում: Սեպտեմբերին, երբ ավարտված կլինի արձակուրդային միջակայքը, միանգամից  կհայտնվենք համարյա թե նախընտրական իրադարձությունների մեջ, քանի որ ընտրություններին մնացած կլինի մի քանի ամիս ընդամենը: Ի՞նչ ունենք դիմացը` արտաքին անկայուն ֆոն, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապված իրարամերժ արտահոսքերը անբարենպաստ եզրակացությունների առիթ են տալիս հայ հանրությանը, գումարած` վերջին ապրիլյան պատերազմից հետո սահմանային լարման ամենօրյա սպասումը: Երկրորդ մեծ խնդիրը հանրության` բարձրակետին հասած անվստահությունն է քաղաքական ուժերի հանդեպ:

Հայաստանյան նախորդ բոլոր ընտրություները տեղի են ունեցել ղարաբաղյան խնդրի հետ կապված համեմատաբար կայուն իրավիճակներում: Այժմ կարծես թե այլ պատկեր է: Ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ: Բոլորը խոսում են Մադրիդյան սկզբունքներից, Կազանյան փաստաթղթից ու հինգ շրջան հանձնելուց: Օդում հնչում են «դավաճանություն», «դիմադրություն» բառերը... ԶԼՄ-ները հող հանձնողներ են փնտրում  և իշխանության, և ընդդիմության մեջ: Հրապարակվում են անցյալ ու ներկա վկայություններ` ո՞վ էր համաձայն  ղարաբաղյան կարգավորման փուլային տարբեակին, ով` փաթեթայինին, մանրադիտակով զննվում է, թե ո՞ր պահը ե՞րբ բաց թողեցինք` այս կամ այն քայլը ժամանակին չանելով: Ղարաբաղյան թեմայով տարբեր ձևաչափերով միջազգային հանդիպումներն ավելի ու ավելի խորհրդապահական են դառնում, գոնե հայկական կողմից արտահոսքերն այնքան էլ շատ չեն, որ հասկանանք` ի՞նչ է տեղի ունենում: Պարզ է, որ խնդրի լուծումը տարբեր շահերի պատուհաններից բոլորովին տարբեր կերպ է պատկերացվում:

Ռուսաստանի հետ լինելով`  միջազգայն մեկուսացման մեջ ենք, ասում են հակառուսական շերտերից, մատնացույց անելով ԵԱՀԿ վերջին` թբիլիսյան վեհաժողովը, երբ հայանպաստ բանաձևի տակ Ռուսաստանի հետ Հայաստանն էլ չդրեց իր ստորագրությունը: Սա դասական օրինակ է համարվում հայկական ու ռուսական` իրար հակասող շահերի առումով: Պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ական ճահճից ու գնալ, օօօ~, ՆԱՏՕ-ական դրախտ, ասում են ուրիշները:
 
Ո՞վ է մեր դաշնակիցը, ո՞վ` բարեկամը, ո՞ւմ հետ առևտուր անենք, ում հետ` ուղղակի դրացիություն, ում հետ ընդհանուր շահ փնտրենք, մոլեգին որոնում են միայն ու միայն վերլուծաբանները կարծես: Ռազմավարական դաշնակիցը դաշնակցում է մեր դարավոր հակառակորդի հետ, այ քեզ հաջողություն: Սա այն դեպքը չէ, երբ ընկերոջ ընկերը մեր ընկերն է: Ռուսներն ու թուրքերը կրկին միմյանց գիրկ են նետվել, ինչպես  վեճից հետո եկար չտեսնված սիրահարներ, թուրքերը ռուսներին անգամ Ինջիրլիքի բազան կիսովի օգտագործել են առաջարկում` հակահաբեկչական գործողությունների ժամանակ: Տանդեմը պատրաստվում է դիմակայել Կովկասում ախորժակ սրող բոլոր մյուսներին, իսկ ղարաբաղյան հակամարտությունը հիմա հատկապես մի զենք է, որից օգտվել են ուզում բոլորը: Իսկ մեզ մոտ խնդրի այս հանգրվանի մի քանի տեղյակները չեն ասում, թե ի վերջո ի՞նչ են առաջարկում մեզ ու Ադրբեջանին,  ով` ինչի է համաձայն, ինչին` դեմ:

Արցախի հարցը  և ընտրությունները
Հիմա ընտրություններին մոտ այս ժամանակի մեջ ի՞նչ անդրադարձ կունենա ղարաբաղյան հիմնախնդիրը իշխող, և ինչու չէ` կարգավորման ընթացքից անտեղյակ մյուս ուժերի վրա` լավ բան սպասել պետք չէ: Նախ որ իրազեկման պակասի պատճառով  ով ինչ ուզի շրջանառում է` հող են տալիս և այլն, ապա և` տարածք հանձնելու մասին ակտիվացած խոսակցությունները ջրի երես են հանում դիմակայության ռեսուրս, որն ամենևին էլ քաղաքական ուժերինը չէ, քաղաքական ուժերը հիմա այս հարցում համարյա բոլորն էլ կրավորական կեցվածք են ընդունել (Սեֆիլյանը գիտեք որտեղ է): 
Ո՞վ է պատասխանատու Արցախի վերաբերյալ որոշումների համար Հայաստանում: Դատելով իշխանական շատ շերտերի` ղարաբաղյան խնդրի հետ կապված անտեղյակությունից` երկու-երեք  մարդ: Իսկ մի՞թե երկու-երեք  մարդ կարող են որոշել մի խնդիր, որ վերաբերում է ողջ ժողովրդին: Իհարկե ոչ: Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշի` խախտե՞լ միջազգային խորհրդապահությունը և տեղյակ պահել սեփական հանրությանը  ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների մասին, ինչպես հարևան երկրում արեցին (իհարկե` ոչ ողջ ճշմարտությունը, այլ Ալիևի համար բարենպաստ ափսեով), թե շարունակել սնել ենթադրությունները, այդպիսով ցախ գցելով դիմակայության այն կրակին, որը ոչ միայն տարածք հանձնելու դեմ կլինի, այլև` ընրությունների գնացող իշխանությունների դեմ առհասարակ, որոնք լռել ու ոչինչ չեն ասում ղարաբաղյան գործընթացի մասին:

Այս պահին լռել են շատերը` Կովկասի ինստիտուտ կա, զանազան վերլուծական կենտրոններ, ինչ- որ մարդիկ, որոնք տարբեր առիթներով իրենք իրենց անվանում են անկախ փորձագետ, բայց այսպսի պահերին, երբ հրահանգ չկա խոսելու, նրանց «անկախության» գինը պարզ է դառնում: Ո՞վ պետք է հստակություն մտցնի` արդյոք օտար երկրների պաշտոնյաները, որպեսզի զանազան ապակողմնորոշող հայտարարությունները հունից չհանեն մարդկանց, որ պատահական արտահոսքերից չանենք մեր եզրակացությունները, որ չմտածենք`   եթե անգամ ՀՀկ-ական Լեռնիկ Ալեքսանյանն է ասում, թե Պետրոս Առաջինից հետո բան չի փոխվել` ռուսական քաղաքականությունն այն է, որ փոքր ազգերի կոնֆլիկտները վառ մնան, քառօրյա պատերազմն էլ Պուտինի արածն է`ուրեմն բանը բանից անցել է: Չնայած մյուս կողմից էլ լավ է, քանի որ իրերն իրենց անուններով կոչելով, հիվանդությունները ճիշտ ախտորոշելով`  միգուցե բուժման ավելի նպատակային դեղամիջոց կարելի լինի ընտրել:

Այս  ամբողջ համապատկերում  հստակություն չբերեց նաև Սերգեյ Լավրովի այցը Հայաստան, ու հազիվ թե կարելի է ինչ- որ բան ակնկալել առաջիկայում կայանալիք Սարգսյան-Ալիև ֆրանսիական հանդիպումից, որքան էլ Օբաման ու Պուտինը հեռախոսազրույց ունենան`  ղարաբաղյան կարգավորման ջանքերն ակտիվացնելու մասին: Մի բան է միայն առայժմ շատ հստակ` Հայաստանում կգտնվեն ոչ քիչ թվով մարդիկ, որոնք պարզապես տարածք հանձնեելու որևէ ռեալ վտանգ զգալու պարագայում կկազմակերպեն դիմադրությունը (այո, դա միշտ պատերազմով է հղի), ու պետք չի հռետորական հարց տալ, թե` որ ունեցած մեր զենքն էն չի, ո՞նց ենք դիմակայելու թշնամուն. եթե ավազակը մտնում է տունդ, և այնտեղ քո երեխաներն են, նրանց պաշտպանելու համար դու կօգտագործես ինչ ընկնի ձեռքդ, դիցուք` գրտնակ: Այնպես որ` դա լուրջ խոսակցություն  չէ, որն, ի դեպ, լավ էլ կազմակերպվում է սոցիալական ցանցերում: Հենրիխ Մխիթարյանից սովորելու բան ունենք. կիսապաշտպան լինելով` նա գրավում է թշնամու դարպասը: Մեր երկրի պաշտպանները լինելով` մենք բանակցություններում հարձակողական դիրք պետք է գրավենք: Մի բան հստակ է` եթե որևէ մեկին թվում է, որ տարածքների վերադարձի կամ Հայաստանն ու Արցախը կապող իբր «հատուկ կարգավիճակով» միջանցքի մասին խոսելով` կբթացնեն ժողովրդի զգոնությունը, ու մի օր էլ նա կհամաձայնի ինչ-որ միջանկյալ առաջարկների, սխալվում են, քանի որ երեխան էլ գիտի` տարածքները Արցախի ու Հայաստանի անվտանգության երաշխիքն են, ու միշտ կգտնվեն բավարար թվով մարդիկ, որոնք կկազմակերպեն տարածքների վերադարձ պարտադրողների դեմ դիմակայությունը: Իսկ թե ինչպես պետք է այս ականով իշխող կուսակցությյունն ու առհասարակ լռող մեր քաղաքական դաշտը գնա ընտրությունների, սա այն հարցն է, որին արդեն սեպտեմբերին պետք է պատասխան տրվի:

Այդ աներես անվստահությունը
Վերադառնալով ներքաղաքական հարթություն` նշենք, որ  տարիներով իշխող քաղաքական ուժի, ինչու չէ` նաև ընդդիմադիր միավորների հանդեպ ընտրողի կորսված վստահությունը քաղաքական դաշտի ոչ ընդդիմադիր, ոչ իշխանական կուսակցություններին այդպես էլ չհաջողվեց վերականգնել:
 Չնայած համաձայնությամբ ընդունված Ընտրական օրենգրքին, որն, ի դեպ բազմաթիվ թեական կողմեր ունի, ամեն ինչ այնքան էլ մանշանակ չէ: Ինչ արժե միայն այն լրացումը, ըստ որի նախօրոք մատնահետք պիտի հանձնես, նույնականացման քարտ  ստանաս ու նոր մասնակցես ընտորություններին... այսինքն` ուրիշ երկրներում ընտրական ընթացակարգերը հեշտացվում և պարզեցվում են այնքան, որ մնա վերջին պահի մեն-միակ` ընտրության գնալ-չգնալու բարի կամքը, մեզ մոտ դեռ պիտի նախօրոք գնաս, երևի մեծ հերթեր հաղթահարես, նույնականացման քարտ ստանաս, ով՞ է հավես անելու: Մյուս կողմից էլ ձրի նույնականացման քարտի ստացումը կարող է ընտրակաշառքի ազդեցիկությունն  ունենալ, իշխող կուսակցության օգտին, ինչ իմանաս:

Սակայն եթե ընդհանուր վստահության ցուցիչով դատենք` Գագիկ Ծառուկյանի հետ պատահածից հետո ոչ մի կուսակցություն այդպես էլ չկարողացավ հզորանալ ու ձեռք բերել հանրության վստահությունը, որով երկու անգամ ԲՀԿ-ն էր ձայն ստացել: Նոր ստեղծված և հին կուսակցություններից ոչ մեկի հանդեպ վստահության բարձր ֆոն չկա: ՀՀԿ-ն օբյեկտիվորեն է զրկվել դրանից` երկար կառավարելով, քանի որ սովորաբար վատ ապրելու ու անհաջողությունների պատճառն ընդուված է կապել իշխող կուսակցության վատ կառավարման հետ: Նորերը, չնայած շռնդալից փիառին, և «Հայկական վերածունդը», և  Օսկանյանի «Համախմբումը», գաղտնիք չէ, լայն շերտերի մեծ վստահությունը չեն վայելում, համենայնդեպս` ոչ այնպիսին, ինչպիսին որ վայելում էր ԲՀԿ-ն Ծառուկյանի օրոք: Հատկապես Օսկանյանի  «Համախմբումի»-ի դեպքում և նյութական, և ժամանակային ռեսուրսի խնդիր կա: Իշխանության հետ ԸՕ շուրջ համաձայնության գալու նախաձեռնությունն իրականություն դարձնելով` ՀԱԿ-ը կորցրեց նաև վստահության այն փշուրները, որ  մնացել էին, «Ժառանգությունը» տարրալուծվում է, «Լուսավոր Հայաստանն» այնքանով է ճանաչելի, որքանով նրա լիդեր Էդմոն Մարուքյանը: Ընդդիմադիր հատվածը ներկայացնող Նիկոլ Փաշինյանին ակտիվորեն փորձում են տորպեդահարել և ընդդիմադիր, և իշխանական դաշտերից, այդպիսով հարցականի տակ դնելով խորհրդարանում գրագետ աշխատող Փաշինյանի` ընդդիմության ինչ-որ հատված համախմբելու հավակնությունները: Ում մոռացանք` խորհրդարանական ԲՀԿ-ն, հատկապես վերջին քվեարկություններից հետո, համարվում է ՀՀԿ-ին մերձ ուժ, ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ համագործակցության համաձայնագիր ստորագրելով` կորցրել է ընդդիմադիր ընտրազանգվածից  ակնկալած ձայները: Ընդհանուր պատկերը տխուր է` ոչ ոք առանձին չի կարող կրկնել նախորդ ընտրություններին իր դերակատարման տոկոսի կեսն անգամ, մարդիկ ոչ մեկի խոստումին էլ չեն հավատում: Անգամ վարչական ռեսուրսին տիրապետող ՀՀԿ-ն չի կարող վարչական ռեսուրսի հույսին մնալ միայն, հենց այդ պատճառով էր նրան պետք  կոնսենսուսով ԸՕ`ն ուզած քանակի ձայն հաջողեցնելուց հետո  հետագա հիմնավորումների համար: Ընդհանուր առմամբ այն, ինչ արել են վերևները, կազմաքանդելով ու հեղինակազրկելով ընդդիմադիր դաշտը, այժմ միայն ընդդիմադիր դաշտին չի վերաբերում, այլ բումերանգի էֆեկտով շուռ է եկել հենց իշխող կուսակցության դեմ` ունենք ընդհանուր հեղինակազրկված քաղաքական դաշտ ու դաս:

Վերջին տասը տարում  չեն փոխվել քաղաքական դեմքերը, նրանք հոսել են կուսակցությունից կուսակցություն ու մնացել ձիուն, լրատվամիջոցներ են ստեղծել, ծածկել քաղաքական ու լրատվական դաշտը` ամեն կերպ փակելով նորերի մուտքն այդ դաշտ: Տասնյակ անգամներ գրել եմ այն մասին, որ քաղաքական ուժերի նորացում, վերբեռնում չի կատարվում, ընդհանրապես նոր մարդկանց համար դաշտը փակ է` սահմանափակ, կառավարելի, կանխատեսելի մի շղթա է, որի օղակներց որևէ նոր բան սպասել անհնար է: Նույն մտայնությամբ, նույն աշխատաոճով իշխանությունն ու ընդդիմությունն է, որի միակ հոգսը նորից արևի տակ մնալն է` անկախ նրանից, թե ինչ է կատարվում Հայաստանի տնտեսության, ժողովրդի, սահմանների հետ: Ինչ էլ լինի` նրանք ձիու վրա են, մեկ-երկուսին հանձնելով, մեկ-երկուսին տեղափոխելով այստեղից այնտեղ, գնացեք-ինչ ուզում եք արեք: Նրանք լրատվամիջոցներին են հովանավորում, ամեն օր առիթ են գտնում իրենց պատկերները տեղադրել կայքերում ու թերթերում`  ինչ-որ լուրանման բան կամ սուտի հարցազրույց  մոգոնելով: Սովորական մարդուն իրենց հովանավորած ԶԼՄ-ների հերոսը դարձնում են միայն այն դեպքում, երբ նա վթարվում է, զոհվում է կամ ինքնասպանություն է գործում, սովորական մարդու` ընտրողի կյանքը մեր «էլիտար» դարձած կամ նրանց տերերի ցանկությամբ այդ կերպարը ստացած ԶԼՄ-ների մեծ մասին չի հետաքրքրում: Իմ գործընկեր Վարդ Սիմոնյանը  երիցս ճիշտ է. «Այդ մենք ենք հանրայնացրել նրանց և շարունակում ենք ամեն օր մի երկու տասնյակ մարդու խոթել հանրության աչքն ու ականջը` թույլ չտալով, որ մարդիկ գոնե մեկ ժամ մոռանան նրանց մասին»:
Ու ահա այս քաղաքական դասից հոգնած, նրա հանդեպ վստահությունը կորցրած, Արցախի ճակատագրով միայն իրապես մտահոգ, բևեռացման, վատ ապրելակերպի տակ ճկռած հանրությամբ գնում ենք ընտրությունների: Դո'ւք ասեք` ինչ Ընտրական օրենսգիրք ու ինչ ընտրակարգ ուզում է գործեն, ի՞նչն է այդ հանրությանը տանելու ընտրությունների:

ՄԱՐԻԵՏԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր